HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանն ընդունեց ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին եւ Կոնգրեսի  փոխնախագահ Ջոն Վերմիշամին: Այս մասին տեղեկացրել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փոխվարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում ԵԽ հետ համագործակցության բավականին արդյունավետ օրակարգ է ձեւավորվել: «Ի սկզբանե մեծ կարեւորություն ենք տվել տեղական ժողովրդավարության խնդիրներին: Հունիսին Երեւանում տեղի ունեցավ մասնակցային ժողովրդավարությանը նվիրված համաժողովը, որին նախորդեց Կոնգրեսի բյուրոյի նիստը, այսօր աշխատանքը կսկսի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, իսկ հոկտեմբերի վերջին Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Կոնգրեսի լիագումար նիստի աշխատանքներին, կամփոփենք մեր նախագահության ժամանակահատվածը»,-նշել է փոխվարչապետը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման նպատակով Դանիայի կառավարության կողմից  1,7 մլն եվրոյի հատկացման համար` տեղեկացնելով, որ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ  համատեղ աշխատում են նախանշված ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Փոխվարչապետը եվրոպացի գործընկերներին տեղեկություններ է ներկայացրել նաեւ նախատեսվող բարեփոխումների մասին. «Տեղական ժողովրդավարության համատեքստում բարեփոխումների մեծ օրակարգ ունենք` վարչատարածքային, ավագանու ինստիտուտի հզորացման, ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրման  ուղղություններով»:

Ա. Գեւորգյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանու վերջին ընտրություններին Կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ հայկական կողմը  ծանոթ է պատրաստված զեկույցի վերջնական տարբերակի նախագծին եւ ընդհանուր առմամբ  համարում է, որ օբյեկտիվ  գնահատականներ են արտացոլված:

Հյուրերը նշել են, որ պատրաստակամ են աջակցել ինչպես 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների, այնպես էլ  հետագա բարեփոխումների իրականացմանը, այդ թվում`անհրաժեշտ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով:

Անդրադառնալով այսօր մեկնարկող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին`հյուրերն այն համարել են լավ հնարավորություն` փորձի փոխանակման, տեղական իշխանությունների միջեւ  կապերի հաստատման տեսանկյունից` ընդգծելով, որ ԵԽ-ն աջակցում է նման նախաձեռնություններին: 

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter