HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութունը:

Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ, իսկ հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝  քաղաքային եւ  նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ» թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` «Զբոսաշրջություն», «Կրթություն եւ մշակույթ», «Տեղական տնտեսություն»  եւ «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում:

Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ «Հայաստանի համայնքների միության» եւ  Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:

Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում: Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար: Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով համագործակցություն. Հայաստանի շուրջ  երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է  Ռոն Ալպի տարածաշրջանի, Շիրակը` Իզերի, Լոռին` Բուշ դյու Ռոնի հետ: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային  եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը` տեղեկացնում է ՏԿՆ-ն: 

Ավելացնենք նաև, որ նույն համաժողովի շրջանակներում Ֆրանսիա է մեկնել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` ավելացնելով, որ այցի ընթացքում նախատեսվում է Երևանի քաղաքապետը նախատեսում է հանդիպումներ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետերի, ռեգիոնների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter