HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները վտանգված են Լիբիայում. նոր ձերբակալություններ և անհետացումներ

Պարզվել է, որ Լիբիայում անհետ կորած չորս լրագրողներին Բրեգա քաղաքի մոտ ապրիլի 5-ին ձերբակալել են Քադաֆիի կողմնակիցները: Ենթադրվում է, որ նրանք դեռևս անազատության մեջ են պահում լրագրողներին, որոնց գտնվելու վայրն անհայտ է:

Այդ չորս լրագրողներն են ամերիկացի Քլեր Մորգանա Ջիլիսը, ով Լիբիայում արևելքում տեղի ունեցող իրադարձություններն է լուսաբանում The Atlantic ամսագրի և ամերիկյան այլ լրատվամիջոցների համար, ամերիկացի Ջեյմս Ֆոլին, ով աշխատում է GlobalPost.com-ի, Stars and Stripes-ի և Al-Jazeera-ի համար, իսպանացի ֆոտոլրագրող Մանու Բրաբոն և հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Անտոն Համերլը:

Ըստ The Atlantic-ի` լիբիացի ապստամբները տեսել են, թե ինչպես են Քադաֆիի զինվորները ոչնչացնում լրագրողների ավտոմեքենան, ազատ արձակում վարորդին և տանում լրագրողներին:

Այս լրագրողների ձերբակալությամբ ներկայումս Լիբիայում անազատության մեջ պահվող լրագրողների թիվը հասնում է իննի: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց բոլորին:

Երեկ Ադջաբիա քաղաքի մոտ առևանգել են Комсомольская правда թերթի երկու լրագրողի` Դմիտրի Ստեշինին և Ալեքսանդր Կոցին: Նրանք կարողացել են զանգահարել իրենց խմբագրություն և հայտնել, որ զինված մարդիկ գրավել են իրենց ավտոմեքենան և իրենց տանում են անհայտ ուղղությամբ:

Комсомольская правда թերթի փոխխմբագիր Անդրեյ Դյատլովն ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը. «Ստեշինը և Կոցը փորձառու լրագրողներ են, ովքեր լուսաբանել են մի շարք պատերազմներ, այդ թվում` Չեչնիայում և Աբխազիայում: Սա նրանց երրորդ գործուղումն է Լիբիա` այնտեղ պատերազմի սկսվելուց ի վեր: Այնուամենայնիվ, մենք շատ անհանգստացած ենք: Սա վերաբերում է ոչ միայն մեր թերթին, այլև միջազգային բոլոր լրատվամիջոցներին, քանի որ գերեվարումներն ավելի հաճախակի են դառնում»:

Комсомольская правда-ի երկու լրագրողի հետ միաժամանակ առևանգվել էր ռուսական НТВ հեռուստաընկերության մի քանի օպերատոր: НТВ-ի ներկայացուցիչն ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը, որ օպերատորներն ավելի ուշ ազատ են արձակվել:

Ապրիլի 7-ին Microsoft ընկերությունը հայտարարել է, որ իշխանությունները մարտի 19-ին ձերբակալել են Լիբիայում իր ներկայացուցչին` Խալիդ Էլ-Հասումիին: Մայրաքաղաք Տրիպոլիում ձերբակալված Հասումին Microsoft-ում աշխատում է անցյալ տարվանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter