HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամաշնորհները վերահսկում է նախարար Քուշկյանը

«Հետքի» նախորդ համարում անդրադարձել էինք «Գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերին, որոնք Հիմնադրամը գնահատել է նվազագույն սանդղակով` B2: Առողջապահության նախարարությունն արդարանում է՝ պատճառաբանելով «ընթացակարգային խոչընդոտներով»:

Իսկ Հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց դժգոհությունը հիմնականում վերաբերում է ծրագրերի վատ կառավարմանը: Առողջապահության նախարարության (ԱՆ) իրականացրած ծրագրերը երկար ժամանակ` 2006-2010 թթ., ղեկավարել է նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը` չնայած Հիմնադրամի ղեկավարության դժգոհությանը: Ծրագրերից նա ստացել է աշխատավարձ, ընդ որում` ավելի բարձր, քան պետական սեկտորի աշխատավարձերն են` «հաշվի առնելով ավելի մեծ ծավալի աշխատանքի բնույթը»:

Չնայած մեծածավալ աշխատանքին եւ ծրագրում այլ աշխատակիցներ ներգրավելու անհրաժեշտությանը, ինչը հավաստում է նաեւ Սանդրա Իրբեն` անձնակազմը շատ փոքր է եղել, ինչի հետեւանքով էլ ծրագրի կառավարումը ցածր է գնահատվել: Ծրագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված վերջին բարեփոխումների շարքին նախարարությունը դասում է նաեւ Վահան Պողոսյանին ծրագրից հեռացնելը, սակայն որոշ ժամանակ հետո նրան ավելի բարձր պաշտոն է առաջարկվել. անցյալ տարվա նոյեմբերին Վ. Պողոսյանը նշանակվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ դրամաշնորհների վերահսկողությունը ստանձնել է անձամբ նախարար Հարություն Քուշկյանը: Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանել է «Գլոբալ հիմնադրամ»-ի հայաստանյան ծրագրերի համակարգող խմբի ղեկավար Օվսաննա Նաջարյանը:

Ինչո՞ւ է «Գլոբալ հիմնադրամ»-ը մտահոգված Հայաստանում ծրագրերի իրականացման ընթացքով: Ի՞նչ խնդիրներ են առաջացել համագործակցության ընթացքում:

«Գլոբալ հիմնադրամ»-ի (ԳՀ) ծրագրերի բնույթն այնպիսին է, որ գնումները կազմում են ծրագրերի զգալի մասնաբաժինը: Գնումներն իրենց հերթին իրականացվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որի համար անհրաժեշտ է լինում մրցույթներ հայտարարել տարբեր ապրանքների (դեղորայք, սարքավորումներ եւ այլ) եւ ծառայությունների համար: Մրցույթի հայտարարման օրվանից մինչ պայմանագրի ստորագրումը տեւում է մինչեւ 100 օր:

Հաճախ մրցույթները վերահայտարարվում են մի քանի անգամ` կապված մասնակիցների բացակայության կամ մասնակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերի անճշտության հետ, ինչն, անշուշտ, զգալիորեն հետաձգում է գնման գործընթացը: Նույնը վերաբերում է նաեւ ծառայությունների ձեռք բերման գործընթացներին: Սահմանված կարգերին համապատասխան՝ ՀՀ ԱՆ կողմից օրենքով սահմանված այլ ընթացակարգերի իրականացումը ԳՀ-ի կողմից դիտարկվում է որպես վարչական խոչընդոտ, որը երկարաձգում է ծրագրի ընթացքը եւ բերում ցածր գնահատականների:

Բացի դրանից` ԳՀ-ի եւ ԱՆ-ի միջեւ կնքված պայմանագիրը չունի միջպետական կարգավիճակ, որը լրացուցիչ բարդություններ է ստեղծում ծրագրերի իրականացման համար, մասնավորապես՝ ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր գործարքի բարեգործական որակումը (տեւում է 3 շաբաթից մինչեւ մեկ ամիս յուրաքանչյուր գործարքի համար)` ծրագրային միջոցներից ԱԱՀ չվճարելու նպատակով, որը հնարավորություն չի տալիս իրականացնել համապատասխան պայմանագրային պարտավորությունները մինչեւ բարեգործական որոշման ընդունումը: Այս ուշացումները բացասաբար են անդրադառնում ծրագրերի կատարողականի վրա եւ, բնականաբար, առաջացնում են ԳՀ-ի դժգոհությունը:

Ինչո՞ւ է Հայաստանում ցածր հատկապես առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերի վարկանիշը (B1, B2):

ԳՀ-ի տված գնահատականը ձեւավորվում է մի քանի գործոնների արդյունքում, այդ թվում՝ նաեւ տրամադրված գումարի ծախսի մակարդակով: Գումարի իրական ծախսն ազդեցություն է թողնում գնահատականի վրա` անկախ կատարված աշխատանքի որակից: Հետեւաբար, գնումների՝ պլանավորվածից ավելի երկար տեւողությունը իր բացասական ազդեցությունն է թողնում ծախսերի եւ, հետեւաբար, գնահատականի վրա:

Ինչ վերաբերում է գնումների գործընթացի պլանավորմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ 2010 թ. հունվարին ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 1999 թ. Կառավարության թիվ 404 որոշման մեջ, որի արդյունքում առողջապահության նախարարությունը դրամաշնորհային ծրագրերի համար պետք է ներկայացներ ծրագրերի ծախսերի վերաբերյալ շուրջ 8 հավելվածներ` մանրամասն ծախսերի հաշվարկները, ծրագրային ցուցանիշները, գնումների անվանացանկը եւ պահանջվող այլ փաստաթղթեր:

ՀՀ ԱՆ ԳՀ ծրագրերի խմբի ինտենսիվ աշխատանքների արդյունքում պատրաստվեց Կառավարության որոշման նախագիծը՝ իր 8 հավելվածներով, արտաբյուջետային ծախսերի նախահաշիվը՝ մանրամասն հիմնավորումներով, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 100 էջ, եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո Կառավարության կողմից հաստատվեց մարտի 25-ի թիվ 272 որոշմամբ: Արդյունքում առաջին եռամսյակի գործունեությունը գնահատվել է շատ ցածր, քանի որ այդ ժամանակահատվածում ծրագրային աշխատանքներ եւ, հետեւաբար, ծախսեր չեն կատարվել:

Մեզ հետ զրույցում ԳՀ ներկայացուցիչ Սանդրա Իրբեն նշեց, որ երկար ժամանակ ծրագիրը ղեկավարել է ԱՆ ներկայիս աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պողոսյանը, եւ այդ ընթացքը Ս. Իրբեն գնահատում է ոչ արդյունավետ: Քանի՞ ծրագիր է ղեկավարել պրն Պողոսյանը:

Պրն Պողոսյանը երկար ժամանակ ղեկավարել է ինչպես Տուբերկուլյոզի դեմ ազգային ծրագիրը, այնպես էլ ԳՀ-ի ծրագրերը համակարգող խումբը: Հուլիսից միչեւ 2009 թ. սեպտեմբերն իրականացվել է միայն մեկ ծրագիր: 2009 թ. սեպտեմբերից մեկնարկել է «ՀՀ-ում դեղորայքակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում» ծրագիրը, իսկ 2009 թ. հոկտեմբեր ամսից մեկնարկել է եւս 2 ծրագիր:

Որքա՞ն աշխատավարձ է նա ստացել Հիմնադրամից:

Վահան Պողոսյանի աշխատավարձը սահմանվել է ԳՀ-ի աշխատավարձերի հաստիքացուցակով, որով բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր են պետական սեկտորի աշխատավարձերից` հաշվի առնելով ավելի մեծ ծավալի աշխատանքի բնույթը:

Ս. Իրբեն նաեւ նշել է, որ մի քանի անձի աշխատանք ծրագրում կատարել է մեկը (օրինակ՝ Վրաստանում գնումների վրա աշխատում է 5 անձ, Հայաստանում` 1-ը): Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մեկ անձ ստացել է 5 հոգու համար նախատեսված գումարները:

Գնումների մասնագետը ստացել է ԳՀ-ի կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձ: Բացի դրանից` ԾՀ-ում եղել է գնումների 2 մասնագետ: Յուրաքանչյուր աշխատակից ստանում է ԳՀ-ի կողմից հաստատագրված եւ համաձայնեցված աշխատավարձ, եւ որեւէ մեկը չի կարող ստանալ ավելին, քան նախատեսված է տվյալ աշխատատեղի համար: Ավելին, ԾՀ-ի յուրաքանչյուր պաշտոնի համար կա սահմանված սանդղակ` համաձայնեցված ԳՀ-ի հետ:

Վրաստանում գնումների մասնագետների քանակի վերաբերյալ Սանդրա Իրբեն նշել է նաեւ ԾՀ-ի ղեկավարի հետ ունեցած զրույցում` համեմատական տանելով Վրաստանում ծրագրերն իրականացնող խմբի եւ ՀՀ ԱՆ-ի ԳՀ-ի ծրագրերը համակարգող խմբի կառուցվածքների միջեւ: Ասելով, որ Վրաստանում գնումների իրականացման համար կա 5 մասնագետ` նա նկատի է ունեցել, որ Հայաստանում խումբը լրացուցիչ աշխատակիցների կարիք ունի` ելնելով աշխատանքի ծավալից:

Ինչպե՞ս է նախարարությունը գնահատում «Գլոբալ ֆոնդ»-ի ֆինանսավորած ծրագրերի արդյունքները: Ի՞նչ առաջընթաց է գրանցել երկիրը, ի՞նչ բարեփոխումներ են եղել:

Առողջապահության նախարարությունը շատ է կարեւորում տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրերը, քանի որ վերջիններս զգալի կերպով աջակցում են Տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերին: ԳՀ-ի տված բացասական գնահատականներն առաջին հերթին անհանգստացնում են ԱՆ-ին, քանի որ դրանք նախարարության ծրագրերն են եւ միտված են աջակցելու համակարգում առկա խնդիրների լուծմանը:

ԳՀ-ը ծրագրերի իրականացումը գնահատում է նաեւ միջազգային լավագույն փորձի հիման վրա, իսկ մեր առկա համակարգը, որը ժառանգել ենք նախկինից, դեռեւս չի համապատասխանում այդ փորձին:

Նախարարության համար միշտ էլ անցանկալի են ԳՀ-ի տված ցածր արդյունքները, այդ իսկ պատճառով տարբեր քայլեր են ձեռնարկվում ԳՀ-ի բարձրացրած խնդիրների լուծման նպատակով: Այդ խնդիրները կարելի է տարանջատել 2 հիմնական խմբի` կառուցվածքային եւ համակարգային: Կառուցվածքային խնդիրների լուծման նպատակով ԱՆ-ն ձեռնարկել է մի շարք կարեւոր քայլեր: Մասնավորապես` դրամաշնորհների իրականացման անմիջական հսկողությունը 2010 թ. հունվար ամսից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարար պարոն Հ. Քուշկյանը: 2010 թ. փետրվար եւ մարտ ամիսներին ԳՀ-ի համաձայնությամբ մի շարք կարեւոր հրամաններ են տրվել:

Նույն ժամանակահատվածում ԾՀ-ի ղեկավարի պաշտոնից ազատվել է պարոն Վ. Պողոսյանը, որը համատեղում էր նաեւ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի ղեկավարի պաշտոնը: Կարեւոր քայլեր են եղել 2010 թ. մայիս ամսին՝ Տուբերկուլյոզի ազգային գրասենյակ ՊՈԱԿ-ի նոր ղեկավարի նշանակումը` ԳՀ-ի հետ համաձայնեցված կարգով, ինչպես նաեւ ԳՀ-ի ծրագրերը համակարգող խմբի նոր ղեկավարի նշանակումը, որը նույնպես համաձայնեցվել է ԳՀ-ի հետ:

Միեւնույն ժամանակ, տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում արձանագրվել են զգալի համակարգային բարեփոխումներ` ռազմավարական նշանակության աշխատանքներից մինչեւ ամենօրյա աշխատանքները` վերանորոգված հաստատություններ, ամբողջական եւ ժամանակակից բուժման ապահովում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով եւ տուբերկուլյոզով տառապող անձանց համար, բուժման ժամանակակից մոտեցումների ուղղությամբ վերապատրաստում անցած մասնագետներ, ժամանակակից սարքավորումների տրամադրում համապատասխան բուժհաստատություններին, վերազինված լաբորատորիաներ, մարզային բուժման, ուղեգրման եւ խորհրդատվական կաբինետների ստեղծում, հիվանդներին սոցիալական աջակցության տրամադրում եւ հոգեբանական աջակցություն:

Այնուամենայնիվ, համակարգում դեռեւս առկա են խնդիրներ, որոնց լուծման ճիշտ ուղիներ մշակելու նպատակով նախարարությունն իրականացրել է իրավիճակային վերլուծություն` հասկանալու հատկապես տուբերկուլյոզի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները, որն առավելություն է տալիս ե՛ւ համակարգի, ե՛ւ ԳՀ-ի ծրագրերի համար:

Հ.Գ. Վահան Պողոսյանն արդեն ազատվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, եւ այդ պաշտոնում նշանակվել է նախարարի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Իսկ Վ. Պողոսյանը դարձել է նախարարի խորհրդական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter