Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն ընդլայնվում է
Աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Փարիզում երկկողմ հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի գործընկերների հետ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորել են այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:
Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշել է, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշել է, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծրագրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունել է` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել