HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ եւ ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են ապաստան հայցողների հետ վերադարձի խնդիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որն աշխատաքային այցով գտնվում է Ֆրանսիայում, երեկ՝ հոկտեմբերի 14-ին, հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ:

Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես նշված է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, բարձր գնահատելով  երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորել են նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:

Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են միգրացիայի ոլորտում թե՛  երկկողմ եւ թե՛ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական է գնահատվել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ է եղել ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվել է նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ  պայմանների ստեղծումը: Նշվել է, որ  դրան է միտված Եվրամիության`  «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն  իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:

Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանը փաստաթուղթը ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով  քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրել է, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք  կարեւորվել է վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը  նշել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:

Զրուցակիցները բարձր են գնահատել նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության,  թմրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ  պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter