HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. «Զ. Բալայանի շուրթերով վարչախումբը Ռուսաստանին հրավիրում է տիրանալու Արցախին և ամբողջ Այսրկովկասին»

Նախախորհրդարանն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է նախօրեին Զորի Բալայանի՝ մամուլում հրապարակված բաց նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիշեցնենք, որ Բալայանի նամակի հիմնական ուղերձն այն է, որ Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, եւ Ռուսաստանը պետք է «տեր կանգնի» դրան: Ստորեւ՝ Նախախորհրդարանի հայտարարությունը.

«Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր «անկախական» դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել  կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ: Սա, ի վերջո, հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն և դրանք բացահայտորեն գաղութային ուժերին հանձնելուն:

Մաքսային Միությանը միանալու և Եվրասիական Միության մաս կազմելու մասին Սերժ Սարգսյանի խոստումներից կարճ ժամանակ անց, վարչախումբը, առայժմ իր կնքահայրերից մեկի՝ Զորի  Բալայանի շուրթերով Ռուսաստանին հրավիրում է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի «հավերժական» տրամաբանությամբ տիրանալու Արցախին և ամբողջ Այսրկովկասին:

Զ. Բալայանի՝ «նամակ ռուսաց թագավորին» ոճով գրված աղերսագիրը լույս է տեսել ոչ միայն իշխանամետ մամուլի, այլև նույնիսկ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի էջերում: Արդեն իսկ նրան սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության և մտածելակերպի տեր մանկլավիկները:

Նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988 թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ և անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել իր տրամաբանական ավարտին` կառուցելով լիարժեքորեն ազատ և ինքնիշխան հայկական պետություն: Այլապես խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի առաջին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Նախախորհրդարանը համոզված է, որ նախ Արցախը, ապա՝ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը վերստին ուղղակի գաղութի վերածելու միտում ունեցող նմանօրինակ քաղաքական հայտերն ու հոգեբանական մշակման փորձերը դատապարտված են խայտառակ ձախողման:

Նախախորհրդարանը կոչ է անում բոլոր հայրենասեր, ազատ և արժանապատիվ քաղաքական ու քաղաքացիական հոսանքներին և անհատներին՝ միահամուռ կերպով հակադրվել Հայաստանը վերստին գաղութացնելու փորձերին ու միտումներին և անհապաղ ձեռնամուխ լինել նոր որակի հայկական պետություն կառուցելու գործին՝ այդ նպատակով ստեղծելով քաղաքական նոր հարթակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter