Գյումրիում կստեղծվի ճարտարապետության մասնագիտացված դպրոց
Բրիտանացի ճարտարապետների նախաձեռնությամբ Գյումրիում կկառուցվի ճարտարապետության մասնագիտացված հատուկ դպրոց: Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետարանը:
Ըստ քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրությանը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հոգաբարձուների և ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման և կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարապետ Ջեին Բրիտ Գրինվութին, ովքեր 2009թ.-ից ուսումնասիրություններ են կատարում Գյումրու «Կումայրի արգելոց» թանգարանի տարածքում:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել այս տարիների իրենց գործունեության համար, պատրաստակամություն հայտնելով նպաստել ցանկացած ներդրումային ծրագի իրականացմանը Գյումրի քաղաքում:
Պատասխան խոսքում օտարերկրյա ճարտարապետները տեղեկացրել են քաղաքապետին «Կումայրի արգելոց»-ի տարածքում գտնվող Սչորսի 2 հասցեի շենքը Ճարտարապետության մասնագիտացված հատուկ դպրոց դարձնելու իրենց ծրագրի մասին: Մասնագետները տեղեկացրել են նաև, որ արդեն 2014թ. գարնանը նախատեսվում է օտարերկրյա կամավորների և ուսանողների ներգրավվել այդ աշխատանքներում, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ, որոնք կմասնակցեն ինչպես շենքի վերականգնման, այնպես էլ հետագայում Ճարտարապետական դպրոցում դասավանդելու, միջազգային լավագուն դպրոցների փորձը Գյումրիում ներդնելու աշխատանքներին: Հյուրերը տեղեկացրել են նաև, որ աշխատանքները սկսելու նպատակով դիմելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամին ` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:
Գյումրու քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրագործմանը, ինչպես նաև առաջարկել է մասնագետներին ներկայացնել նախնական նախագիծ, որպեսզի հնարավոր լինի ըստ անհրաժեշտության 2014թ. բյուջեից գումարներ նախատեսել տարածքի մաքրման և անվտանգության ապահովման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել