
Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ- 3
Աշտարակ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ։ Ատոմական օպտիկայի լաբորատորիա։ Արթուր Իշխանյան
Վերջին տարիներին Հայաստանում բավական բարձր է հնչում գիտնականների բողոքի ձայնն առ այն, որ գիտությունն անտեսված է, որ համարյա չկան միջին սերնդի գիտնականներ, որ երիտասարդները, չտեսնելով սեփական երկրում ապագա, լքում են երկիրը կամ թողնում գիտությունը: Այս անգամ զրուցակիցս Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ շարքից` ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանն է:
Մինչ զրույցը, ներկայացնելով պարոն Իշխանյանին, ասեմ, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շոշ գյուղում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում, որը Խորհրդային Միության առաջատար բուհն էր ֆիզիկայի ոլորտում, այդ ինստիտուտի շրջանավարտներից և դասախոսներից շատերը արժանացել են Նոբելյան մրցանակի։ Ուսանել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում:
Այժմ աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, շարունակում է գիտական հետազոտությունները նույն բնագավառներում: Դասավանդում և դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում։ Գիտական աշխատանք է կատարել ու դասախոսել աշխարհի շատ երկրների համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում, մասնավորապես` Ճապոնիայի Օկազակիի Մոլեկուլային հետազոտությունների ինստիտուտում, Ֆինլանդիայի Հելսինկիի և Տուրկուի համալսարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների տարբեր համալսարաններում: Հարյուրից ավել գիտական աշխատությունների հեղինակ է, ներգրավված է տարբեր միջազգային գիտական համագործակցությունների մեջ` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների գիտնականների մասնակցությամբ։
Հատկանշական է, որ պարոն Իշխանյանն ունի երեք որդի, որոնք բոլորն էլ այժմ ուսանում են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում ` շարունակելով հոր ճանապարհը, ընդ որում, ինչպես պարոն Իշխանյանը, որդիները ևս սովորում են գերազանց գնահատականներով:
Հարցերիս, թե որտեղի՞ց է գալիս սերը ճշգրիտ գիտությունների հանդեպ և արդյոք միայն գիտությա՞մբ է հետաքրքրվում, պարոն Իշխանյանը պատասխանեց, որ իր հայրն ու մայրը այդ բնագավառի ուսուցիչներ են եղել (համապատասխանաբար՝ մաթեմատիկայի և քիմիայի), տանը միշտ եղել է ակնածանք գիտության հանդեպ։ Հետևաբար, նա բնական է համարում, որ ընտրել է այդ ոլորտը: Նման կերպ էլ որդիներն են այժմ բռնել նույն ուղին, ու դա, ինչպես ինքն է խոստովանում, իրեն մեծ ուրախություն է պատճառում: Բացի գիտությունը, մանկուց սիրել է նաև գրականություն, ընթերցանություն, պարոն Իշխանյանը նաև ստեղծագործում է: Հոբբիների թվում է նաև պոեզիան. նա ոչ միայն կարդում, այլև ասմունքում է` մայրենիով, ռուսերենով, անգլերենով, ռումիներենով։ Սիրում է երաժշտություն, սպորտ, երկար ժամանակ զբաղվել է ֆուտբոլով:
Մոսկվայում կրթություն ստանալուց և Հայաստան վերադառնալուց քիչ անց սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և նա երկար ժամանակ, և՛ պատերազմից առաջ, և՛ ընթացքում, զբաղվել է զենք-զինամթերքի մշակմամբ ու արտադրությամբ. «Միայն պատերազմի ավարտից հետո կարողացա լիովին նվիրվել գիտությանը, կատարեցի որոշ հետազոտություններ քվանտային ֆիզիկայի` այն ժամանակ նոր ձևավորվող նյութական ալիքների ատոմական օպտիկայի, նաև` քվանտային օպտիկայի ու ոչ-գծային ֆիզիկայի, մասնավորապես, բոզե-էյնշտեյնյան խտուցքների (Bose-Einstein condensates) գեր-քիմիայի ոլորտներում»։
-Պարո՛ն Իշխանյան, ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրների է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում:
-Դուք շատ ցավոտ հարց եք տալիս: Երկու տարի առաջ տպագրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը գիտության վերաբերյալ` անցած տասնամյակի կտրվածքով: 1990 թ.–ին մենք ունեցել ենք 30.000 գիտնական, ներկայում`4.000։ Գիտնականների միջին տարիքը մեր երկրում ամեն տարի աճում է մեկ տարով, և այսօր 62-63-ի է հասել: Մինչդեռ աշխարհում գիտնականների միջին տարիքը 40-45 է: Մի շարք այլ, կարևոր փաստեր էլ է ցույց տալիս այդ զեկույցը, և ընդհանուր առմամբ պատկերը բավական անհանգստացնող է: Փաստորեն, մենք այսօր շատ քիչ թվով երիտասարդ գիտնականներ ունենք։ Մեր երիտասարդները հրաշալի սովորում են, լավ ցուցանիշներ ձեռք բերում, բայց թեկնածուական ատենախոսության (Ph.D.) պաշտպանությունից հետո մեկնում են աշխարհի տարբեր համալսարաններ` աշխատանքի և այլևս չեն վերադառնում: Հիմնական պատճառն այստեղի ցածր վարձատրությունն է: Տարեցտարի էլ գործող գիտնականների թիվը պակասում է, ինչը նշանակում է, որ մի քանի տարի անց մենք այլևս գիտնական չենք ունենա:
-Որևէ քայլ արվո՞ւմ է՝ գիտությունը «փրկելու» ուղղությամբ:
-Վերջին տարիներին առաջ է քաշվել է մի նախաձեռնություն, որը կոչվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»: Սա ակտիվ ֆեյսբուքյան խումբ է, որի բազմաթիվ աջակիցներից մեկն եմ: Նախաձեռնությունը փորձում է հանրության և պետության ուշադրությունը հրավիրել գիտության կազմակերպման տարբեր խնդիրերի վրա: Պետության կողմից որոշ քայլեր արվում են իհարկե, բայց դրանք չափազանց քիչ են` գիտնականների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Երիտասարդ գիտնականների հիմնական պահանջները 2-ն են. ֆինանսավորման էական ավելացում և օրենսդրության մեջ փոփոխություններ, որոնց արդյունքում կլինի ֆինանսների հասցեական, արդարացի բաշխում:
Հարցիս, թե արդյոք ի՞նչ խորհուրդ կտա պարոն Իշխանյանն այն երիտասարդներին, ովքեր որոշել են գիտությանը նվիրել իրենց կյանքը, նա ասաց, որ դժվարանում է միանշանակ խորհուդ տալ. նրանք ինքնուրույն պիտի կատարեն իրենց ընտրությունը: Միայն հորդորում է` նախապես խորապես խորհել և չկատարել պարզ ընտրություն: Ի վերջո, եթե բոլորը հեռանան, ապա ո՞վ պիտի փոխարինի ավագ սերնդի գիտնականներին. «Միայն պիտի ավելացնեմ, որ միշտ էլ, բոլո՛ր ժամանակներում գիտությունը նվիրում է պահանջել, գիտության ուղին բռնած մարդը նվիրյալ է ինչ-որ իմաստով: Այստեղ ոչ թե խորհուրդ, այլ պարզապես ցանկություն կարող եմ հայտնել, որ նրանք դիմանան ու չթողնեն գիտությունը, մինչև մեր երկրում նույնպես կգան գիտությունն իրապե՛ս, և ո՛չ թե միայն խոսքով, կարևորելու ժամանակները»:
-Այնուամենայնիվ, հույս ունե՞ք, որ ամեն ինչ լավ կլինի:
-Ես լավատես եմ, նաև՝ պայքարող։ Գուցե անսովոր թվա, բայց ես ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել այն միտքը, որը հաճախ եմ մեջբերում. այսօր անհրաժեշտ է բոլոր եղանակներով միջոցներ հայթայթել, օրինակ, պետք է խստիվ սահմանափակել բոլոր ճոխությունները երկրում, եթե պետք է` ազգայնացնել օլիգարխների սեփականությունը, նրանց բերել հարկային դաշտ, վերացնել ստվերային տնտեսությունները, անհրաժեշտ է նույնիսկ շատ ու շատ արմատական քայլերի գնալ կոռուպցիայի դեմ պայքարում, և այդ բոլոր միջոցներն ուղղել գիտությանը: Այո՛, հե՛նց այդպես, և պետք չէ վախենալ ասածիցս, չէ՞ որ հենց այս կերպ վարվեց զանգվածային աղքատության մեջ գտնվող Սինգապուրը և տարիներ անց, ինպես տեսնում ենք, այդ երկրում հաստատվեց բարեկեցությունը: Այս կերպ են վարվել շատ երկրներ` Չինաստան, Կորեա և այլն: Սա ապագային միտված մոտեցում է, և այսօր սա իսկապես պետք է դիտվի՝ որպես համազգային նշանակության կարևորագույն խնդիր. գիտությանը պե՛տք է անհապաղ ուշադրություն դարձվի:
Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել