
Հարյուրավոր լիցեյականներ Փարիզի փողոցներում բողոքում են հայազգի Խաչիկ Խաչատրյանի վտարման դեմ
Երեկ հարյուրավոր փարիզցի լիցեյականներ հավաքվել են Փարիզի դպրոցական կրթության ռեկտորատի առջեւ՝ բողոքելու արտասահմանցի ուսանողների վտարման դեմ: «Առիթը հայ դպրոցականներից մեկի վտարումն էր»,- «Ֆրանսպրեսին» հղում անելով՝ գրում է «Նուվել դ՛Աղմենին»:
Լիցեյական արհմիության, Առանց սահմանների կրթության ցանցի եւ կրթական անձնակազմերի արհմիության (RESF) եւ CGT-Éduc’action-ի կոչին հետեւելով՝ աշակերտները գոռում էին՝ «Վալս, հեռացիր», «Ազատություն Խաչիկին» (Վալսը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն է - «Հետք»):
19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, որը Camille-Jenatzy լիցեյի աշակերտ էր, այս կիրակի վտարվել է Հայաստան:
«Նրան մեկուսացրել են ընտանիքից, նրա ուսումը դադարեցվել է, այսօր նա իրեն հարց է տալիս՝ արդյոք իրեն չեն բանտարկի իր երկրում: Նրան բռնի ուժով ուղարկելու են զինվորական ծառայության, իսկ մենք գիտենք, որ այնտեղ ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողություններ են լինում»,- «Ֆրանսպրեսին» ասել է RESF-ի եւ CGT-Éduc’action –ի ներկայացուցիչ Դանթե Բասինոն:
Ըստ RESF-ի՝ Խաչիկը ժամանելուն պես ձերբակալվել է, սակայն երեքշաբթի ազատ է արձակվել եւ նոյեմբերի սկզբին կանցնի զինվորական ծառայության: Խաչիկ Խաչատրյանի ծնողները, քույրը, փեսան եւ զարմիկները մնացել են Ֆրանսիայում:
Սեպտեմբերին նման կերպով վտարվել էր 15-ամյա մի կոսովուհի լիցեյական: Ինչպես գրում է «Նուվել դ՛Աղմենին», մեկուսացված անչափահասին իրավունք չունեն վտարել՝ մինչ նրա չափահաս դառնալը, կամ ծնողների հետ, եթե նրանք, իբրեւ ապօրինաբար Ֆրանսիայում բնակվողներ, վտարվում են:
Ֆրանսիական մամուլը գրում է, որ ՆԳ նախարար Մանուել Վալսը շարունակում է Նիկոլա Սարկոզիի քաղաքականությունը, երբ վերջինս ՆԳ նախարար էր:
Լիցեյականները նախատեսում են հինգշաբթի՝ այսօր, շրջափակել բազմաթիվ լիցեյներ:
Փաստացի նման վտարումները հազվադեպ են Ֆրանսիայում: 2011-ին ընդամենը երկու երիտասարդ չափահաս ուսանող է վտարվել, որոնցից մեկը վերադարձել է նորմալ վիզայով: Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ երիտասարդ չափահասն է, որ վտարվել է ձախերի իշխանության գալուց հետո (Ֆրանսուա Օլանդի կառավարության): Խաչիկ Խաչատրյանի վտարման հրամանը տրվել է սեպտեմբերի 20-ին՝ նրա ծննդյան օրը: 2006-ից ի վեր նա առաջին փարիզցի վտարված լիեցայականն է:
Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը պահանջել է անհապաղ դադարեցնել վտարումները: Կոմունիստների պաշտոնաթերթր «l’Humanité»-ն բազմաթիվ քննադատական հոդվածներ է հրապարակել Խաչիկ Խաչատրյանի վտարման վերաբերյալ:
Դանիել Վեյան, որը սոցիալիստ Լիոնել Ժոսպենի կառավարության օրոք երկու տարի՝ 2000-2002թթ., ղեկավարել է Ներքին գործերի նախարարությունը, երեկ հաղորդագրություն է տարածել, որում խնդրել է Մանուել Վալսի անհապաղ միջամտությունը՝ «վերանայելու Խաչիկ Խաչատրյանի գործը եւ տեսնելու՝ արդյոք նրան Ֆրանսիա վերադարձնելու հնարավորություն կա՞, որպեսզի վերջինս ավարտի ուսումը»:
Նա բացատրել է, որ 18 տարին լրանալիս Խաչիկը գտնվել է Ֆրանսիայում եւ չի անցել զինվորական ծառայություն իր երկրում, «ինչպես որ պետք է անցներ» այդ տարիքում: «Ուստի նա կոշտ օրենսդրության տակ կընկնի՝ իբրեւ դասալիք իր ծագման երկրում (երկար տարիների ազատազրկում)»,- եզրափակել է Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Վեյան:
Լուսանկարը՝ http://www.armenews.com-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել