
Հավատացնում է, թե չի իմացել հղիության մասին
Մամուլում վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ մի կին երեխա է ծննդաբերել և խեղդել նրան: Երեխան մահածին է եղել, թե մայրն է սպանել նրան` հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Փաստն այն է, որ նորածինը բժիշկներին է հանձնվել մահացած վիճակում:
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ` մոր կողմից իր նորածնին սպանելու մեղադրանքով:
«Ոստիկանները գտել են պոլիէթիլենային տոպրակի մեջ խեղդամահ արված նորածնի». այս և մամուլի նմանատիպ այլ կանխակալ հրապարակումների կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ գործով քննիչ Վաղինակ Մարտիրոսյանից:
«Մտածում եմ, որ եթե պոլիէթիլենային տոպրակով է եղել, ուրեմն հնարավոր է, որ խեղդված լիներ: Բայց նման բան չեմ հայտարարել, որ խեղդամահ է արվել»,- ասաց քննիչը և նույն պահին էլ տրամադրեց նույնաբովանդակ տեղեկատվություն. «Պարզվել է, որ Զիրավարդ Ստեփանյանը ծննդաբերել է իր տան լոգարանում, այնուհետև պոլիէթիլենային տոպրակով փաթաթել է երեխային, որի արդյունքում երեխան մահացել է»: Տան անդամների ասելով` իրենք չեն իմացել, որ Զիրավարդը հղի է:
«Մտածում էի, որ ուռուցորվում ա, հիվանդ ա. ոտների տրոմբ ունի: Հիվանդությունը հետն ա էղել, չեմ կասկածել,- ասում է Զիրավարդի ամուսինը և ավելացնում,- ինքը աղջիկ էրեխեքի հետ էն սենյակում էր քնում, ես էլ տղիս հետ` մյուս սենյակում»:
Երեխան ծնվել է 2011 թ. հունվարի 7-ին, գիշերը ժամը 2-ին: Բայց Զիրավարդն այդ մասին ոչ մեկի չի ասել: Նույնիսկ հիմա` դեպքը պարզվելուց հետո էլ տան անդամները կարծում են, թե ծննդաբերությունը առավոտյան է եղել:
Զիրավարդն էլ պատմում է. «Առավոտ գնացի զուգարան: Զգացի, որ ջուր-մուր էկավ: Առանց ցավի, բանի ընկավ: 5 րոպե ընկած ա եղել: Մինչև ուշքի եկա, գլխի ընկա, էդ ընթացքում պետք ա ձեն հաներ, շարժվեր. չի եղել: Ես էլ ամոթից փաթաթեցի, դրեցի ընդեղ: Սկեսուրս էկավ դուռը ծեծեց, դուրս էկա, ասի` լավ չեմ: Հետո շտապօգնություն զանգեց, էկան տարան»:
Սկեսուրը, լոգարանի հատակին արյուն տեսնելով, հարցրել է` որտեղի՞ց է, Զիրավարդն էլի ոչինչ չի պատմել նրան: Ասել է` կանացի խնդիրներ են: Շտապօգնությունը Զիրավարդին արյունահոսությամբ տեղափոխել է ծննդատուն:
Բժիշկը օգնություն է ցուցաբերել կնոջը և ամեն բան հասկացել: «Հունվարի 7-ին` մեռելոցի օրը` առավոտ ժամը 9-ի սահմաններում, մարդիկ էի տեղափոխում գերեզմանոց (վարորդ է-հեղ.): Հայրս զանգեց, ասավ` Զիրավարդին հիվանդանոց են տանում: Տուն էի գալի, տենամ` շտապօգնությունը տարավ: Հետևից գնացի: Հետո բժշկուհին էկավ, թե` վաննայի տակին ա դրել, ցելաֆոնի մեջ, գնա էրեխուն բեր: Մերոնք չգիտեին: Մամայիս զանգեցի, ասի` էս ինչ տեղն ա, հանի, մինչև գամ: Էկել եմ վերցրել, տարել տվել բժշկուհուն: Հետս մարդ չկար: Մենակ էի: Մեջը ոչ նայել եմ, ոչ բան. սիրտս չտվեց: Դաժե սեռը քննիչի ասելով գիտեմ»,- ասում է Զիրավարդի ամուսինը` Սեյրան Ստեփանյանը:
«Ցելաֆոնի մեջ էր, կապած չէր, սովորական փաթաթված էր: Չբացեցի: Ցելաֆոնը բռնեցի, դողդողալով հազիվ հասցրի կարիդորը»,- ասում է Զիրավարդի սկեսուրը` Ազգուշ Մարտիրոսյանը, ով առաջինն է տեսել ու վերցրել տոպրակը:
«Ուղղակի ցելաֆոնի մեջ գցեցի, պահեցի. կապելը ո՞րն ա»,- ասում է Զիրավարդը: Մամուլին Զիրավարդը պատմել է, որ ինքն իմացել ու ամոթից թաքցրել իր հղիությունը: Իսկ երեխան մահացած է ծնվել, որովհետև հղիության ընթացքում ինքը դեղեր է ընդունել, որ վիժի:
Մեզ հետ զրույցի ընթացքում, սակայն, Զիրավարդը ժխտեց, որ իմացել է հղիության մասին. «Եթե իմանայի, գոնյա ամուսնուս կպատմեի: Եթե չգիտեի` ինչ ա կատարվում, ի՞նչ ասեի»:
Զիրավարդը 44 տարեկան է, 6 երեխայի մայր: Առաջին երեք երեխաներից հետո նա կոնսուլտացիաների չի գնացել, իրեն «դա պետք չի եղել»: Իր ասելով` երրորդ հղիությունից հետո մյուս հղիությունները չի հասկացել:
Հավատացնում է, թե 3-րդ երեխայից հետո վերարտադրության ցիկլի խանգարում ունի. այդ պատճառով առաջին մի քանի ամիսների ընթացքում հղիությունը չի հասկանում: Այդ մասին իմանում է միայն 4-5 ամիս հետո, երբ փորը մեծանում է, ու պտուղը սկսում է խաղալ:
Զիրավարդի ասելով` հենց այս պատճառով է, որ ոչ մի անգամ չի ընդհատել հղիությունը. «Որ մեծ շրջանում էի գլխի ընկնում, ո՞նց ընդհատեի»: Այնինչ նրա սկեսրայրի խոսքից պարզ է դառնում, որ հղիությունը չընդհատելու պատճառը սոցիալական է. «Շուտ փչացնելը ձրի չի ըլնում: Բազմազավակ ընտանիքներում ֆինանսի պատճառով չեն կարում շուտ փչացնեն: Բժիշկներին տված փողը ոնց որ թե ավելորդ փող ըլնի: Բժիշկներին տալու փող չունեմ: Եթե իրանք էլ (տղան ու հարսը) անեին, իրանց մտքում էլ լիներ, ես չէի թողա»,- ասում է Արամ Ստեփանյանը:
Մահացած նորածինը ճիչ է արձակել
Հունվարի 7-ին Զիրավարդ Ստեփանյանը շտապօգնության մեքենայով պատգարակի վրա տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր և ընդունվել ծննդատուն: Ընդունման պահին ախտորոշումը եղել է արյունահոսություն:
Գինեկոլոգ Նունե Պապյանը ներզննում կատարելուց հետո ամեն բան հասկացել է: «Ասացի` հնարավոր չէ. ընկերքը ներսում էր, ես եմ հեռացրել: Ասաց, որ տան անդամները տեղյակ չեն, նրանցից թաքուն է պահել»,- պատմում է ընդունող բժշկուհին:
Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Զիրավարդ Ստեփանյանին գրանցել են վարման մատյանում և սկսել հետծննդաբերական խնամքը: 11-րդ օրը կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Զիրավարդը հղիության վկայական էլ չի ունեցել: Հիվանդանոցում եղած ժամանակ են վկայական տվել` որպես ծննդաբերած կնոջ:
«Բնական է, որ չէր էլ հաճախի կոնսուլտացիաների,- ասում է բժշկուհին:- Իր ասելով` նույնիսկ ամուսինն էլ տեղյակ չի եղել»: Բայց Նունե Պապյանը անհավանական է համարում, որ Զիրավարդը կամ ընտանիքի անդամները կարող էին չիմանալ հղիության մասին. «Կանայք 5 ամսականից զգում են պտղի խաղը, փորն է մեծանում: Ինքն էլ նուրբ կին էր կառուցվածքով. հնարավոր չէր` չերևար: Կամ ինչպե՞ս կարող է կինը չզգալ իր օրգանիզմում հղիությունը»,- ասում է բժշկուհին:
Հիվանդանոց ընդունվելիս Զիրավարդը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, բայց գիտակցություն ունեցել է և կարողացել է պատասխանել բժշկուհու հարցերին:
«Երբ որ հարցրի` երեխա պետք է լինի, ո՞ւր է, սկզբում ասաց, որ հուղարկավորել է երեխային: Հետո ասաց` տանն է` լոգարանում: Մտածեցինք` գուցե կենդանի լինի: Ինքը շատ խառնված էր, դժվարությամբ էր խոսում, պատասխանում հարցերին»,- ասում է բժշկուհին: Վերջինիս հարցին` երեխան ճիչո՞վ է ծնվել, Զիրավարդը պատասխանել է` այո:
«Բայց երբ բերեցին նորածնին, դիակ բերեցին,- ասում է Նունե Պապյանը:- Ձեռք էլ չենք տվել, անմիջապես դատաբժշկական փորձաքննության ենք ուղարկել»: Բժշկուհու հավաստմամբ` երեխան նորմալ ծնունդ է եղել, իգական սեռի հասուն նորածին:
Մեկնաբանել