
Հայաստանի հավաքականը անձնական ռեկորդ է սահմանել
Հայաստանի ազգային հավաքականը 55-րդ տեղից առաջադիմել է 17 հորիզոնականով եւ հիմա 38-րդն է, ինչը մեր թիմի համար լավագույն ցուցանիշն է իր գոյության ընթացքում: Մինչ այս լավագույն ցուցանիշը մեր թիմը գրանցել էր 2012-ի փետրվարին, երբ հայտնվել էր 41-րդ տեղում: Ներկա առաջընթացը հետեւանք է հոկտեմբերյան երկու հանդիպումներում արձանագրված դրական արդյունքների. մերոնք Երեւանում հաղթեցին բուլղարներին 2-1 հաշվով, իսկ Նեապոլում 2-2 ավարտեցին իտալացիների հետ: Ներկա պահին մեր թիմն ունի 687 վարկանիշային միավոր:
Համաշխարհային վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Իսպանիան: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Իսպանիա - 1513 միավոր
2. Գերմանիա - 1311
3. Արգենտինա - 1266
4. Կոլումբիա - 1178
5. Բելգիա - 1175
6. Ուրուգվայ - 1164
7. Շվեյցարիա - 1138
8. Հոլանդիա - 1136
8. Իտալիա - 1136
10. Անգլիա - 1080
Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները 11-րդն են: Իտալացիները, որոնք մեր ընտրական խմբի առաջատարներն էին, նահանջել են 4 տեղով, Դանիան, որը չկարողացավ 2-րդ տեղով փլեյ-օֆի ուղեգիր նվաճել, 3 տեղով նահանջել է 26-րդ տեղ, չեխերը 5 տեղով առաջ են գնացել մինչեւ 27-րդ հորիզոնական: Բուլղարիան 12 տեղով նահանջել է 76-րդ տեղ: Մալթան 2 հորիզոնականով բարձրացել է 140-րդ տեղ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած ռուսներն են (19), Ուկրաինան 20-րդն է, մյուսները զիջում են մեր ընտրանուն: Հայաստանը տարածաշրջանում լավագույնն է, Թուրքիան 40-րդն է, Իրանը՝ 49-րդը, Ադրբեջանը՝ 88-րդը, Վրաստանը՝ 100-րդը:
Հայաստանի հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրո-2016-ի վիճակահանության զամբյուղներում բարձր դիրք գրավելու համար: Սակայն մեր թիմը 4-րդ զամբյուղում է, չնայած 3-րդում հայտնվելու հնարավորություն ուներ, ինչը չիրականացավ: Այս զամբյուղները կազմվում են վերջին երեք շրջափուլերում արձանագրած ելույթների հիման վրա: Եվրո-2016-ի զամբյուղների համար հաշվի են առնվում ԱԱ-2010, ԵԱ-2012 եւ ԱԱ-2014 ընտրափուլերի արդյունքները, որոնք հաշվարկվում են հատուկ սահմանված կարգով: Ընդ որում՝ մեր հավաքականը 4-րդ զամբյուղում առաջինն է: Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ից առաջ Հայաստանը 5-րդ զամբյուղում էր:
2014-ի փետրվարի 23-ին Նիցցայում տեղի է ունենալու Եվրո-2016-ի վիճակահանությունը: 53 եվրոպական երկիր (Ֆրանսիան իբրեւ կազմակերպիչ չի մասնակցի ընտրական փուլին) բաժանվելու է 9-ական թիմ ունեցող վարկանիշային 6 զամբյուղների, որոնց մեջ Հայաստանը 4-րդում է:
ՈւԵՖԱ-ն արդեն որոշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը, Իսպանիան ու Ջիբրալթարը քաղաքական պատճառներով չեն լինելու նույն խմբերում:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել