Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
«Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան, ինչպես տեղեկացնում է նախագահականը, համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խորը և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել