HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկայացած երկխոսություն Լեռ Կամսար Արամ պապիս հետ

Լեռ Կամսար -  Միշտ ու ամեն տեղ միեւնույն հետեւանքները, միեւնույն պատճառեն հառաջ կուգան։ 

Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմիջապես ծունկի չի գար  կոմունիստական կուռքի առաջ եւ համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման գլխիվայր պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր եւ քացախ ընդուներ իր ներսի դին։ Ո՞րն է խելոքությունը եթե հարցնես`

- Հարկա~վ, մեր ինտելիգենտներու ըրածը։ Գաղափարը ի՛նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հետո~ւյքը։

Վանուհի Թովմասյան- Փաստորեն հետույք փրկելու բանաձևը գիտեիր, պա՛պ, արժե՞ր ամբողջ կյանքդ մռմռոցով ապրեիր։

Լեռ Կամսար - Թեև օրենք չէ ինքզինքը հավանել, բայց ես, որ ոչ մի օրենք չեմ ճանաչում, ամեն հայելի նայելիս հիանում եմ ինձանով։

Ես շոյում եմ ինձ և ասում.

- Ապրե՛ս, տղաս, երբեք սովետական գրողներին չնմանվես, նրանք ստով հարյուր հազարներ են դիզում ու միս մսից կախում, դու անկոպեկ քաղցում ես` որ ճշմարտությունը գրես։ Կանցնի ժամանակ, նրանց մարմինը հողում կփտի, ու գրվածքները հողի երեսին քամին կտանի ու հրդեհված փայտե տան նման նրանցից ոչինչ չի մնա, անգամ հուշ, հակառակ գիտական այն թեզին, որ ասում է` «Աշխարհիս մեջ ոչինչ  չի կորչի անհետ»։ Ճշմարիտ լինելու համար` գիտությունը պիտի ավելացներ` բացի սովետական գրողների երկերից։  Իսկ իմ երկերը կկարդա ապագա մարդկությունը և կասի. Ահա՛ քեզ մի գրող, որ կոմունիզմի քարը քարին չթողեց…»:

Վ. Թ.- Հա՞ որ։ Ասում ես հույսս չկտրե՞մ։ Բայց ե՞րբ։ Մոտակա հարյուր տարում կլի՞նի քեզպեսների գնահատումն ու արժևորումը` գեթ հետմահու։ Թե չէ մրցանակներ են տալիս աչքը կուշտ այնպիսի մտավորականների, որ բեզարել էին արդեն լենինյան ու ստալինյան մրցանակներ ստանալուց։

Է՞, ես չէ, դու՛ ասա, ստալինյան մրցանակ ստացողը լայաղ կանի Անկախ Հայաստանի ինչ- որ Մեսրոպ Մաշտոց մրցանակների։ Մարդս քթածակ ունենալու է։ Նախ պետք է պնդեիր քո տեղ արևի տակ, հետո միայն փորձեիր ժողովուրդի համակրանքը շահել։ Բայց դրանք դատարկ-մատարկ բաներ են։ Էդ բոլորը հեչ, դու էն ասա, ինչո՞ւ այսպես սաստիկ ատում էիր կոմունիստական կառավարությանը, ինչո՞վ է վատ հավասարության սկզբունքը։

Լ.Կ. - Ոչ միայն «հավասարությունը» , այլև բոլոր սկզբունքներն էլ լավն են, եթե մարդը դավանում է իր ազատ կամքով և ոչ բռնությամբ։ Ինչպե՞ս կարող է բռնի հավասարությունը ցանկալի լինել։

Վ. Թ. - Քեզ համարում էին չարախինդ երգիծաբան, ասելով, որ կոմկուսակցության գործած սխալները ոչ թե ցավ էին պատճառում քեզ, այլ ուրախացնում էին, դրա համար էլ անցանկալի հեղինակ էիր։

Լ. Կ. -Նախ և առաջ երգիծաբանը ծեփագործ չէ, որ նրանց կեղտոտ պատերը ճերմակացներ, երկրորդ՝ նրանց կուսակցության գործած սխալները այնքան շատ էին, որ եթե յուրաքանչյուրի վրա ցավեի, պիտի հիվանդանոցում պառկած լինեի, որովհետև այսքան ցավի ոչ մի օրգանիզմ չի դիմանա։ Երրորդ՝ ես սաստիկ պիտի ցավ չզգայի եթե նրանք մարդկանց բարիք գործելու ասպարեզում սխալվեին։ Օրինակի համար, եթե ժողովրդին ազատություն տալ աշխատեին։ Իսկ նրանք կապել, կաշկանդել էին մարդկանց ձեռքն ու ոտքը, նաև լեզուն։ Ցավել նրանց սխալների վրա՝ նշանակում էր ցուցմունք տալ իրենց կապելու նաև մարդու այն միակ անդամը, որ պատահմամբ վրիպել էր նրանց ուշադրությունից

Վ. Թ. - Քո գրվածքներում առկա է դաշնակցական գաղափարախոսությունը… Դա վկայում է այն փաստը, որ նրանց իշխանության ժամանակ մամուլը ողողված էր քո ֆելիետոններով։

Կ. Լ. - Ես որ դաշնակցական թերթերում գրում էի՝ դաշնակ չէի, հետո էլ, որ բոլշևիկների թերթում էի գրում՝ բոլշևիկ չէի. ես կանգնած էի բոլոր քաղաքական կուսակցություններից հավասար հեռավորության վրա։Կոմունիստների թերությունները ծաղրել եմ այն թափով, ինչ դաշնակցականներին էի ծաղրում իրենց թերթերում։

Վ.Թ.- Իսկ որպես երգիծաբան գրող ի՞նչ կարծիք ունես քո մասին։

Լ.Կ. - Շատ մեծ կարծիք։ Ինձ ոմանք համարում են Պարոնյանի աշակերտ, բայց ես ինձ համարում եմ ամեն տեսակ դպրոցներ ավարտած մարդ։ Պարոնյանը գրել է «քաղաքավարության վնասների» մասին։ Բավական է, որ մարդիկ «անքաղաքավարի» դառնան՝ նրա դերը կվերջանա։ Իսկ ես գրում եմ այնպիսի «վնասների» մասին, որոնք հավիտենական են ու բնավ չեն վերջանում։ Որով հույս ունեմ, որ իմ գրվածքները կկապեն ինձ հավերժության հետ, և, ամոթ է ասել՝ ես մի փոքրկարող եմ անմահանալ։

Վ.Թ.- Քո արժեքը դու ավելի լավ կիմանաս, բայց չափից շատ ես գրում սովետական կառավարության թերությունների մասին, կոմունիզմը մի հիվանդություն էր, որ վաղ թե ուշ պիտի վերանար աշխարհից, ժամանակավոր բանի վրա կարելի՞ էր այսքան ծանրանալ։ Եվ վերջապես միշտ միևնույնը կրկնելով, վերջիվերջո կարող ես քնեցնել քո ընթերցողներին։

Լ.Կ. - Նախ և առաջ ես միևնույնը երբեք չեմ կրկնում։ Ինչպես աշխարհի երկու միլիարդ մարդկանց մեջ չկա մի կերպարամք, որ կրկնությունը լինի մյուսի, այնպես էլ իմ բերած թերությունների մեջ չկա երկուսը, որ հեռավոր նմանություն իսկ ունենան իրար։ Բոլշևիկների գործած հիմարությունները այնքան մեկը մյուսից տարբեր են, այնքան նոր, այնքան ապշեցուցիչ, որ զարմանում ես. մի՞թե աշխարհումս այսքան հիմարություն է գոյություն ունեցել։

Վ.Թ. - Քո կյանքի ընթացքում տեսել ես մի քանի իշխանություններ։ Ապրել ես նույնիսկ թուրքական իշխանության ներքո։ Մի՞թե բոլշևիկների կառավարությունը այդքան անընդունելի էր քեզ։

Լ.Կ. - Իմ կյանքի ընթացքում տեսել եմ  հինգ վարչակարգեր. սուլթանական՝ թուրքիայում, ցարական՝ Ռուսաստանում, երիտթուրքական՝ Թուրքիայում, դաշնակցական՝ Հայաստանում և խորհրդային՝ Հայաստանում։ Հայտնի է, որ համաշխարհային քարտեզի վրա Թուրքիան ամենակեղտոտ կառավարությունն է, բայց նույնիսկ Թուքիայում իմ լեզուն ոչ ոք չէր կաշկանդել։ Այդ պատճառով էլ ես 1931թվին, զտմանս ժամանակ, 300 հոգիանոց դահլիճում հայտարարեցի. «Թուրք կառավարությունը լավ է ձեր կառավարությունից»։

Վ.Թ.- Էն էլ թուրքը, հա՞ , դե  էլ ինչ ես բողոքում, որ բանտարկել են, հետո էլ 20 տարով աքսորել։

Լ.Կ. - Թեկուզ ցմահ տաժանակրության դատապարտեին և բևեռ քշեին, բևեռային տարածությունն էլ շատ քիչ էր արգելելու համար, որ ես իմ նողկանքը չարտահայտեի բոլշևիկյան կառավարությանը։ Շատ ափսոս, որ բևեռով վերջանում է աշխարհի սահմանը։ Ինձ տիեզերքի անհունությունն է պետք, որ անվերջ իմ գարշանքը հայտնեմ այդ կառավարությանը ու քշվեմ հեռավոր աքսորի

Վ. Թ.- Ես ուղղակի ապշում են, որ քեզ կենդանի են թողել և չեն գնդակահարել մյուս գրողների պես։ Ուշի-ուշով ուսումնասիրել եմ ամբողջ գրական արխիվդ։ Ոչ մի ձոն Լենինին , Ստալինին։ Ո՛չ լիզանք, ո՛չ քծնանք բռնակալ իշխանությանը։ Տուրքի և ոչ մի հնչյուն ժամանկի պարտանդրանքին։Միայն ընդվզում, ըմբոստացում և հանդգնություն։ Ինչպե՞ս եկար հասար մինչև բրեժնևյան ժամանակները։ Ո՞րն է գաղտնիքը։

Լ.Կ. - 1935 թվականին, երբ ձերբակալեցին ու Չեկա տարան, մեղադրելով ինձ ֆաշիզմի մեջ, ասացի` ես ոչ թե ֆաշիստ, այլ ֆաշիստներից էլ դենն եմ։ Որովհետև ֆաշիստները ազգային սոցիալիստներ են, իսկ ես առհասարակ սոցիալիզմ չեմ ընդունում, լինի դա ազգային կամ ոչ ազգային։ Եթե ծածկեի` անպայմամ կգնդակահարվեի։ Ես ուղիղ գայլի աչքերին նայեցի ու դրանով փրկեցի իմ կյանքը և միաժամանակ` պատիվը։

Վ.Թ. - Է~խ պա՛պ, պա՛պ, պատի~վ, ճշմարտությո~ւն, բա ո՞ւր մնաց աշխարհի դմակը ո՞ւր մնաց դանակը։ Դու էլ գիտես, թե քո տեսակով ու քո արդարությամբ ինչ-որ բան ես շտկել այս ծուռ աշխարհում։ Նույն աշխարհն է… նույն զուլում ու սուտ ու փուտ աշխարհը… Լավ ինչ որ է, վերջում, որպես արդար ու տանջված մարդ, այսօրվա համար  մի աղոթք արա բոլորիս համար ու ամենքս գնանք մեր բանին։         

ԱՂՈԹՔ- ՄԱՂԹԱՆՔ

Կան  ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։

Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե. տե՜ր...

Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր է մեր կացությունը. չտեսա՞ր որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը  ճակատը պահելու մեջ է...

Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատված երկիրը կառավարելու համար, տե՛ր...

Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ...Ազգին տուր...

Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս, ամե~ն։

Լուսանկարում` Լեռ Կամսարի թոռնուհին` Վանուհի Թովմասյանը

 

 

 

Մեկնաբանություններ (3)

Վաչագան Ա. սարգսյան
Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս, ամե~ն։ Էս խոսքերը թե' Լեռ Կամսարինն են, թե' քոնը, Վանուհի ջան, որ այդպես անուշ ժպտում ես նկարից:
Spartak
Հարգելի Վանուհի, չեմ կարող հիացմունքս թաքցնել և երկու խոսք չասել: Նախ՝ հրաշալի է, որ մեծանուն մարդու սերունդը մեր կողքին է և անմար է պահում իր սիրելի պապի հիշատակը:Որքան շատ լինեն համացանցում մեծ գրողի մտքերը, այնքան հասարակությունը կկրթվի, զերծ կմնա համացանցային բամբասանքներից:Լեռ Կամսարի մտքերը արդիական են բոլոր ժամանակների համար:
vanuhi
Շնորհակալ եմ խրախուսանքի համար...Հիշեք, որ «իզգոյների» ժառանգները միշտ թերարժեքության բարդույթով են տառապում... Հիմա, ուրեմն, ավելի լավ կաշխատեմ: Անտիպների 40%-ը տպել եմ... Ի՞նչ մնաց որ՝ ընդամենը 60-ը... Հոկտեմբերի 22-ին, ժամը 3-ին Գրողների տանը գրողի 125-ամյակն են նշելու: Մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter