
Տիգրան Սարգսյանի խոստումից 15 ամիս անց էլ Սանահինի գմբեթին «անտառ» է աճում (վիդեո և ֆոտոներ)
1972 թ. Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն (UNESCO) ընդունեց Բնության և մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան: Գրեթե ամեն տարի UNESCO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն անցկացնում է նստաշրջաններ, որոնց ընթացքում քննարկվում է տարբեր երկրներում գտնվող բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու հարցը:
Այս պահի դրությամբ Հայաստանում կա 8 նման հուշարձան, որից մեկն էլ Լոռվա մարզում գտնվող Սանահինի հանրահայտ վանական համալիրն է (10-րդ դար):
Համաձայն արդեն հիշատակված կոնվենցիայի՝ այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, իրենց վրա են վերցնում դրանք պահպանելու մի շարք պարտավորություններ: Թե ինչպես է այդ պարտավորությունները կատարում Հայաստանը, կարելի է դատել Սանահինի ներկայիս վիճակից. նրա գմբեթին աճող փարթամ բուսականությունն ուղղակի ապշեցնող է:
2010 թ. ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցելություն կատարեց Լոռվա մարզ: Կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինը:
«Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին»,- նշված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում (http://www.gov.am/am/news/item/7854/):
Այսօր` վարչապետի այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Սանահինի վանական համալիրի նման ողբերգական վիճակը «Չենք լռելու»-ն համարում է բոլորիս խայտառակությունը: Փաստորեն, ստացվում է, որ հայերը չեն հարգում անգամ իրենց կրոնի և մշակույթի` համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված օջախները:
Ցավալի է, որ խորհրդային անաստվածության տարիներին, երբ խոսք անգամ չէր կարող լինել ՅՈւՆԵՍԿO-ի կոնվենցիաների մասին (ԽՍՀՄ-ը վավերացրեց բնության և մշակույթի համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան միայն 1988 թ.),Սանահինը գտնվում էր ՀԽՍՀ պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի իրական հոգածության տակ: Դրա ապացույցն են արխիվային լուսանկարները, որոնցում Սանահինը ներկայանում է իր ողջ վեհությամբ և առանց գմբեթի ծառերի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել