Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:
Այս ամսին տեղեկացնում է կառավարության պատոնական կայքէջը:
«Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը կառուցենք դրանց համապատասխան` հաշվի առնելով նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը մեր երկրի ու տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:
Տ. Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին և դրան զուգահեռ Հայաստանի քայլերին:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:
Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներին:
Միջոցառման մասնակիցները պետք է այցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Արցախ և պատրաստեն հեղինակային հաղորդումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել