HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական շահերը խեղաթյուրում են դիտորդական առաքելությունների նպատակներն ու էությունը

- Որքա՞ն կարեւոր եւ որքա՞ն անհրաժեշտ է  հայաստանյան ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունն ու վերահսկողությունը:  

- Ես կարևորում եմ միջազգային դիտորդների ներկայությունն ընտրություններում այն պայմանով, որ այդ առաքելությունները հավատարիմ մնան իրենց նպատակին և սկզբունքներին: Իհարկե, նրանց վերահսկողության պարագայում սպանություններ տեղի չեն ունենում, սակայն, հայտնի և մշտապես կրկնվող «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն»-ն ուղղակի ապտակ է մեր ողջ հանրությանը, քանի որ իրականում, նշելով խախտումների մասին, նրանք ի վերջո արձանագրում են կայացած ընտրություններ:

Այնպես չէ, որ նրանք միամիտ են և չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում. պետք չէ ամբողջ ծովի ջուրը խմել՝ հասկանալու, որ այն աղի է: Կարելի է մի փոքր կում անել՝ դատելու արդյո՞ք խախտումներն ազդել են արդյունքների վրա, թե՝ ոչ: Ինչո՞ւ է այսպես արվում. որովհետև արդարության և օրենքի պահանջը հակադրվում է աշխարհաքաղաքական և, այսպես ասած, «խավիարային» դիվանագիտությանը: Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանն անկախ պետություն է, 2001թ.-ից վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և բազմաթիվ այլ միջազգային համաձայնագրեր, որոնց համաձայն պետք է ունենանք արդար և թափանցիկ ընտրություններ: Սակայն, մինչև հիմա մենք այդ հաջողությունը չենք ունեցել: Մենք ձախողել ենք, և ես կարծում եմ, որ դիտորդական առաքելություններն ունեցել են իրենց դերակատարումն այս ձախողման հարցում: Շատ եմ ցավում, որ այսպես է: ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, Եվրախորհուրդը քաղաքական մարմիններ են, և նրանց վերջնական որոշումները տրվում են քաղաքական շահերի տեսանկյունից: Այս տարվա նախագահական ընտրությունների պահին նրանց քաղաքական շահը պահանջում էր Սերժ Սարգսյանին ճանաչել որպես Հայաստանի նախագահ:

- Անկախացումից ի վեր Հայաստանում ընթացող բոլոր ընտրություններին հետեւում է  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելությունը: Եվրոպայի խորհրդին անդամակցելուց եւ Արեւելյան գործընկերություն ծրագ րին միանալուց հետո ընտրություններին սկսեցին մասնակցել նաեւ ԵԽ եւ ԵՄ ներիկայացուցիչները: Կան նաեւ ԱՊՀ երկրների դիտորդները: Դուք նրանց հաշվետվությունների միջեւ տարբերություններ տեսնո՞ւմ եք:

-Այս տարի տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններից հետո չընտրված անձին շնորհավորեցին Բրյուսելից, Մոսկվայից և ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական շահերն ուղղակի խեղաթյուրեցին դիտորդական առաքելությունների նպատակը և իմաստը: Իհարկե, նրանց հաշվետվություններում կան ինչ-որ երկրորդային նշանակություն ունեցող տարբերություններ և մանրամասնություններ, սակայն, բոլորի մոտ ընտրությունների արդյունքի վերաբերյալ ընդհանուր կարծիքը նույնն է եղել: Իսկ եթե կեղծված ընտրությունների արդյունքի մասին կարծիքը նույնն է, ապա կարևոր չէ, թե ո՞վ ավելի խիստ ոճով խոսեց առկա խնդիրների մասին: Բացի այդ, պետք չէ դատել միայն ընտրության օրվա իրադարձություններով: Մինչ բուն ընտրությունների գործընթացի սկիզբը, մենք ձեր նշած բոլոր կառույցներին բազմիցս ներկայացրել ենք այն խոցերը, որոնք պետք է վերացվեն: Դրանց մասին խոսել են ոչ միայն «Ժառանգությունը», այլ նաև տարբեր ՀԿ-ներ, քաղաքական ուժեր: Հստակ մատնացույց ենք արել այն բոլոր խնդիրները, որոնց վերացման դեպքում մենք կարող է ունենալ արդար ու թափանցիկ ընտրություններ և զգուշացրել ենք, որ այդ բացերի անտեսման դեպքում ստեղծվում է նպաստավոր դաշտ իշխանությունների անօրինական գործունեության համար: Տեսե՛ք, Հայաստանում արտագաղթի պատճառով ընտրական ցուցակներում կան մարդիկ, ովքեր բացակայում են երկրից: Մենք ունենք լուրջ կասկածներ, որ բացակա անձանց փոխարեն քվեարկություն է տեղի ունենում: Իշխանությունները չեն ցանկանում ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի պահանջին, որի ձևակերպումն, ի դեպ, այլ է: Ուզում եմ ասել, որ նրանք ընտրություններից առաջ էլ գիտեին այդ խնդիրների մասին և չպետք է դատեին միայն մեկ օրվա տպավորություններով:

- Կարելի՞ է,արդյոք, վստահել միջազգային դիտորդների հաշվետվություններին: Օբյեկտի՞վ են դրանք, և արդյո՞ք արտացոլում են իրականությունը: Ինչպե՞ս են դրանց վերաբերվում երկրի քաղաքական եւ հասարակական ուժերը:  Փոխվե՞լ է, արդյոք, այդ վերաբերմունքը վերջին տարիների ընթացքում:

- Իհարկե, այդ պատվիրակությունների կազմում կան ազնիվ մարդիկ, որոնց սկզբունքները երբեք առևտրի առարկա չեն: Եղել են մարդիկ, ովքեր, վերադառնալով իրենց երկիր, հրապարակավ հայտնել են իրենց կարծիքը: Սակայն, նորից եմ ասում, միջազգային դիտորդական պատվիրակությունների որոշումները քաղաքական բնույթ ունեն: Ի վերջո, մենք կարող ենք ակնկալել, որ միջազգային դիտորդները լինեն ազնիվ, սակայն, մենք ինքներս պետք է մեր երկրում կարգ ու կանոն հաստատենք: Հայաստանի անկախության հանրաքվեի ժամանակ մենք չենք ունեցել լավագույն ընտրական օրենսգիրքը, բայց մենք այդ գաղափարի կրողներն էինք և ունեցանք արդար ընտրություններ: Նախագահական ընտրությունների ժամանակ ես ականատես եղա, թե ինչպես քաղաքացիական հասարակությունն ըմբոստացավ և չընդունեց միջազգային առաքելությունների գնահատականն ընտրությունների վերաբերյալ: Նրանք ազատորեն հայտարարեցին, որ

չեն ճանաչում միջազգային առաքելությունների լղոզված գնահատականը: Այս բողոքը, լիցքը, ըմբոստությունը շատ կարևոր էր: Քաղաքական գործիչները նույնպես չպետք է կաշկանդված լինեն տարբեր միջազգային ատյաններում մեղադրելու նրանց. մարտի 1-ին 10 մարդ չէր զոհվի Երևանի կենտրոնում, եթե չլինեին միջազգային դիտորդների՝ արդար ընտրությունների կայացման մասին հայտարարությունները: Սա աններելի է, և ես, համարում եմ, որ նրանց մեղքը նույնպես կա: Այո, դիտորդական առաքելությունների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ փոխվել է: Ամեն ինչ արդեն բացահայտված է, և մենք հասկանում ենք, որ նրանց՝ մարդու իրավունքների մասին սկզբունքները կարող են առևտրի առարկա լինել: Մենք դա շատ լավ գիտակցում ենք:

 - Ու՞մ են ավելի անհրաժեշտ այդ հաշվետվությունները՝ իշխանությունների՞ն, ընդդիմադիր ուժերի՞ն, թե՞ եվրակառույցներին: 

- Հաշվետվությունները պետք են, որպեսզի մենք համադրենք, համեմատենք և հասկանանք, արդյո՞ք դրանք համապատասխանում են այն սկզբունքներին, որոնք որդեգրել են գնահատականներ տվողները, թե՝ ոչ: Կարծես, թե միայն համադրության համար են պետք:

 -Հնարավոր համարո՞ւմ եք նախագահի իրավասությունների չճանաչումը միջազգային դիտորդների հաշվետվությունների հիման վրա. հաշվետվություններ, որոնցում ընտրությունները գնահատվում են որպես կեղծված ընտրություններ:     

- Ես չգիտեմ հնարավո՞ր է, արդյոք, միջազգային առաքելության գնահատականի հիման վրա չընդունել ընտրությունների արդյունքը: Բայց այն պայմաններում, երբ երկիրը չունի արդար դատական համակարգ, այո՛, պետք են որևէ կառույցի մասնագիտական օբյեկտիվ կարծիքը, վկայությունը, ականատեսի հավաքած փաստերն ու հիմնավորումները, որոնք կլինեն հստակ ազդակ և լիցք հետագա քայլերի համար: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter