HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլ չեմ գրելու (երևի արդեն զենք է պետք վերցնել)…

Ստեփան Գյոզալյան

Համա՜ թե կատակչի են մեր ղեկավարները…

Դե որ Հայաստանում գիտությանը շան տեղ չեն դնում՝ հայտնի փաստ է: Բայց չէ, լավ էլ դնում են… Ընտրություններին-բանին կամ այլ առիթով ու անառիթ մեկ-մեկ լավ-լավ ճառերով ու ուղերձներով են հանդես գալիս, բայց հետո բացարձակապես ոչ մի քայլ չեն անում իրենց ասածներին գոնե մի թիզ մոտենալու համար: Ոնց որ գիտնականներին մի քիչ շոյեն, սիրաշահեն, բայց սոված թողնեն, որ հանկարծ երես չառնեն: Ասված է, չէ՞ շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր:

Հիմա էլ Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակն էր լրանում, ու պետք է խոսեին: Ու խոսեցին:

Նախագահը թե՝ «Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական» ու էլի լիքը լավ բաներ:

Վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա:

Հիրավի, քարի վրա արձանագրելու արժանի խոսքեր են: Աշխարհի առաջադեմ երկրների կողմից կասեցվեցին դրախտի որոնումները:  Դրախտի ներսում անտեղյակ մարդիկ նույնիսկ սկսեցին նախանձել գիտնականներին: Բայց իրազեկ ու լավատես մարդու կողմից այս ելույթներին կատակից բացի այլ որակում տալը մանկամտություն կլիներ: Բանն այն է, որ մի 15-20 օրից քննարկելու ու հաստատելու են 2014թ բյուջեն, որտեղ նախատեսված է գիտության ֆինանսավորումը ավելացնել 10%-ով: Դրախտի ներսում անտեղյակ մարդիկ նույնիսկ կասեն՝ դե ավելացնում էլ են, էլ ի՞նչ եք ուզում: Որպես դեպքերի բերումով իրազեկ՝ բացատրեմ: Ուրեմն, եթե այդ բարձրացումը լինի՝ իմ 46 ու քանի հազարը կարող է դառնալ 50 հազար դրամ: Բա կատակ չի՞… Կարտասվեի, եթե այդքան ծիծաղելի չլիներ: «Կարող է»-ն էլ գրել եմ, որովհետեւ անընդհատ էլ ասում եմ, որ այս 2 տարի գիտության ֆինանսավորումը մի չըրթ բարձրանում է, իսկ ոչ իմ, ոչ էլ մյուսների աշխատավարձերը՝ ոչ…

«Հա, ուրեմն կատակ էին առաջնորդների խոսքերը». – արդեն երեւի կմտածի դրախտում ապրող ու գիտության վիճակին ոչ այնքան իրազեկ ու, միեւնույն ժամանակ, լավատես մարդը: Իսկ թե հոռետեսն ինչ կմտածեր՝ չեմ պատկերացնում: Ես լավատես եմ: Ու դրախտի բոլոր լավատեսներս լավատեսորեն ենք վերաբերվում, որ ավելի ցածր աշխատավարձ չի լինում, որ գիտական հաստատությունում հավաքարարն արդեն գիտնականին հավասար է ստանում (ուրիշ հիմնարկներում անկասկած ավել են ստանում): Չէ՞ որ դեռ Լենին պապն էր ասել.-"Каждая уборщица может управлять государством". Դրախտի մեջ կոմունիզմ է հաստատվում՝ խաբար չենք… Սկսել են գիտությունից…

Բայց այս կատակային համազարկը ամենաշատն իմ վրա ազդեց: Բացասաբար: Դա մի հուժկու հարված էր գոտկատեղիցս վերեւ՝ ուղիղ ստոծանուս: Դա իսկական փորձություն էր: Կարող է հոռետես դառնամ: Բանն այն է, որ գիշերները նստում, գիտության թեմաներով երգիծանքով համեմված բան-ման էի գրում այն 46 ու քանիսը 56 ու քանի հազար դարձնելու հույսով, ու այս նուրբ համազարկից հետո ազնվորեն զգում եմ, որ, մեղմ ասած, թույլ եմ՝ էդ գրել չէր, որ ես գրում էի:

Կարող է ասեք՝ բա քաղաքացի Կորեյկոն էլ էր քո պես 46 ռուբլի ստանում ու մի չեմոդան փող ուներ: Նախ, իմը 46 ու քանի է՝ այն էլ հազար, հետո՝ ինձնից ի՞նչ Կորեյկո (Կոմս Մոնտե-Քրիստո էլ դուրս չի գա): Դրա համար էլ գրում էի… Հիմա կորեյկոները շատացել են՝ մի թեթեւ պաշտոն ու «ինոմարկեք, մերսեդեսներ, կազինո…»:

Ըհը՝ Վեհափառն էլ տարավ ինձ ի փորձություն. - «Ուրախ ենք, որ Ակադեմիան կարողացել է հաղթահարել վերջին տարիների դժվարությունները եւ շարունակում է մնալ մեր գիտության առաջատարը»:  Պիտի ասած լիներ՝ «մեր մեռնող գիտության»…

Վերջ: Մի երկու կիսատ բան կա՝ նրանք էլ ավարտեմ ու էլ չեմ գրելու (երևի արդեն զենք է պետք վերցնել)…

Լավ մնացեք:

Հ.Գ.1. Ասում են Խրուշչովը խուլ է ու չի լսում իր խոսած ճառերը, եւ ես հավատում եմ այս լուրին: Եթե խուլ չլիներ, իր առաջին ճառին ինքնասպան եղած կլիներ…

Լեռ Կամսար

Հ.Գ.2. Հենց նոր իմացա, որ Լենին պապին այդպիսի բան չի ասել J

Հ.Գ.3. Իմ զենքը իմ պայալնի՛կն է… ու կոմպի մուկը…



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter