Անտոն Քոչինյանի 100-ամյակը՝ հայրենի Վահագնիում
Վոլոդյա Հովսեփյան
Լոռու մարզի Վահագնի գյուղում նշվեց Անտոն Քոչինյանի 100-ամյակը: Ցերեկույթին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Անտոն Քոչինյանի պետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սեգո Երիցյանը և պաշտոնատար այլ անձինք: «Անտոն Քոչինյանի հոբելյանը առիթ է մեկ անգամ ևս վերաարժևորելու մեր երկրի ու ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմությունը, այդ պատմության մեջ մեծ դեր ու ազդեցություն ունեցող գործիչների կերպարը: 20-րդ դարի քաղաքական հայրենասեր գործիչների մեջ իր ուրույն տեղն ունի Անտոն Քոչինյանը, ում գիտակցական կյանքի ձևավորման և պատանեկության ժամանակահատվածը համընկավ Արևելյան Հայաստանի խորհրդայնացման տարիներին»,-նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Անկախ Հայաստանի սերնդի, ներկա իշխանությունների մեծ խնդիրն է Անտոն Քոչինյանի ստեղծածը պահպանելն ու զարգացնելը: Մենք շատ անելիքներ ունենք այս հարցում և պետք է բարի տրամադրությամբ այդ ամենը կազմակերպենք»,-նշում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Անտոն Քոչինյանի պետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը մի շարք հիշողություններ ուներ քաղաքական գործչից: Մովսիսյանն ասում է, որ հպարտ է, որ աշակերտել է նրան և աշխատել նրա հետ: «Նա Հայաստանի այն քիչ ղեկավարներից էր, որը եղել է ԼՂՀ-ում: Նա գիտեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հոգսերը, հիմնախնդիրները: Երեք Առաջին քարտուղարներ են զբաղվել ԼՂՀ հիմնախնդիրներով՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Գրիգոր Հարությունյան և Անտոն Քոչինյան»,-նշում է Վլադիմիր Մովսիսյանը: Մովսիսյանը փոխանցեց, որ Հանրապետության նախագահը 60 մլն դրամ է հատկացրել Վահագնու Ա. Քոչինյանի անվան դպրոցի մարզադահլիճի շինարարության համար, իսկ վերջերս ասֆալտապատվել է գյուղի գլխավոր ճանապարհը:
Միջոցառման ընթացքում բացվեց նաև Անտոն Քոչինյանի կիսանդրին, ելույթ ունեցան Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի երաժիշտները, Վահագնու միջնակարգ դպրոցի աշակերտները:
Քոչինյանի հայրենակից տարեցներն ասում են, որ նա բարի, զուսպ, լոռեցու հատկանիշներով օժտված մարդ էր, եզակի քաղաքական գործիչ: Անտոն Քոչինյանն իր գործունեությունն սկսեց շրջանային թերթում՝ որպես լրագրող, այնուհետև դարձավ խմբագիր: Քոչինյանը երկար տարիներ եղել է Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար:
Նրա նախաձեռնությամբ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում, մի շարք ձեռնարկություններ և այլն:
Պետական գործիչը կյանքից հեռացել է 1989 թվականին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել