«Էկո Պատարա ճամբարը»՝ Արցախում
Ստեփան Գրիգորյան
Joint civic education-ի Էկոլաբ ազգային ծրագրի 2013 թ. շրջանավարտների կողմից ՀՀ մի շարք մարզերում ու համայնքներում, այդ թվում և Արցախում, իրականացվեցին էկոլոգիական ուղղվածությամբ ծրագրեր:
Արցախում այն տեղի ունեցավ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում, որին մասնակցեցին հարևան գյուղերի ու Արցախի տարբեր մասերից հավաքված 60 երիտասարդներ:
Հայրենի բնությունը ճանաչելու, պատմական հուշարձանները խնամելու, երիտասարդների ազատ ժամանցը ստեղծագործաբար անցկացնելու համար կազմակերպվեց «Էկո Պատարա ճամբար»՝ Պատարա գետի ափին:
Ծրագրի ընթացքում կազմակերպվեց 3-օրյա ճամբար՝ օգոստոսի 2-ից 5-ը, եղավ սեմինար, արշավներ բնապատմական հուշարձաններ՝ Կապեն ծով, Սալին ծով և Զույգ վանք: Կատարվեց բնապատմական հուշարձանների մաքրում աղբից ու բուսականությունից, բնությունը մաքուր պահելու համար ցուցանակներ տեղադրվեցին:
Ծրագրի երկրորդ փուլում՝ հոկտեմբերի 19-ին, կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ «Էկո Պատարա ճամբար» ծրագրը ամփոփելու, դրական ու բացասական կողմերը գնահատելու համար, և գյուղի անունը կրող ցուցանակ տեղադրվեց գյուղամիջում ու գյուղի մուտքի վրա:
Ծրագիրն իրականություն դարձավ պատարացի բարերարների, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն ՀԿ-ի և ԼՂՀ Փրկարար ծառայության կողմից ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Էկոլոգիական բնույթի ծրագրերի անհրաժեշտությունն Արցախում մեծ է: Ստեփանակերտում դեռևս չես տեսնի բնության գերշահագործման դեմ պայքարող ակտիվ հանրություն: Իսկ Ստեփանակերտ քաղաքի վերջին շրջանի ծառահատումները ամենատխուր օրինակներն են էկոլոգիական մտածելակերպի խիստ պակասի:
«Էկո Պատարա ճամբար» ծրագիրը նպատակ ունեցավ նաև բացահայտել գյուղի բնապահպանական խնդիրները ու փորձ կատարվեց լուծումներ գտնել: Իսկ Արցախի գյուղերի բնապահպանական խնդիրները նման են՝ աղբահանություն, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործում, խմելու ջրի սխալ կառավարում և այլ:
Ծրագիրն իրականացվեց իմ՝ Ստեփան Գրիգորյանի /պատմաբան/ և Տաթևիկ Ջհանգիրյանի /էկոլոգ/ կողմից, ովքեր հանդիսանում են Պատարա գյուղի երիտասարդներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել