Ստեփանավանում մանկապարտեզ կկառուցվի
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի «Ռումինական» կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց է և լինելով բավական խիտ բնակեցված՝ մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել իրենց երեխաներին մանկապարտեզ հասցնելու համար: Նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքները մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:
«Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաև Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները»,- հայտնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել