Կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը
Հոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել և դրանցից առանձնացրեց ՀՀ Նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։ Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:
ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրէ գնահատել ԵԽ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել