Արյան փոխներարկումից հրաժարվելը՝ մահվան պատճա՞ռ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 21-ին վերսկսվեց Գյումրիի բնակիչ Կարեն Վխկրյանի քրեական գործի դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ քրեական օրենսգրքի 244 հոդվածով, այն է՝ վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու եւ դեպքի վայրը լքելու համար:
Դեպքը տեղի էր ունեցել 2013թ-ի փետրվարի 17-ին: Այդ օրը՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Գյումրու բաժնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Շիրակացի փողոցի 66ա հասցեում գտնվող շենքի դիմացի հատվածում Կարեն Վխկրյանն իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ կողմի մայթով քայլող հետիոտներ Թերեզա եւ Նաիրի Ուղուրլյաններին, այնուհետեւ բախվել այդ հատվածում կայանված Կարեն Թորոսյանին պատկանող «Մերսեդես-բենց» մակնիշի մեքենային:
Ըստ քրեական գործի` Կարեն Վխկրյանը, լքելով դեպքի վայրը, ներկայացել էր ոստիկանություն եւ հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» առողջության կենտրոն, որտեղ 3-րդ օրը՝ փետրվարի 21-ի առավոտյան, ժամը 05-ի սահմաններում Թերեզա Ուղուրլյանը մահացել էր: Կարեն Վխկրյանի փաստաբան Թամարա Յայլոյանի համոզմամբ՝ Թերեզա Ուղուրլյանը մահացել է ոչ թե ստացած վնասվածքներից, այլ արյան փոխներարկումից հրաժարվելու պատճառով: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողը տառապել է անեմիայով: Վթարի հետեւանքով Թերեզան շատ արյուն է կորցրել եւ արյան փոխներարկումը պարզապես կենսական անհրաժեշտություն է եղել նրա համար:
Ըստ քրեական գործի` լինելով «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ, Թերեզան հրաժարվել է արյան փոխներարկումից: Այս հանգամանքն, ըստ դատաբժշկական համալիր փորձաքննության՝ կարող էր մահվան հիմնական պատճառ հանդիսանալ: Ի դեպ՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում տուժածին առաջին փոխներարկումը կատարվել է, երբ նա ուշագնաց վիճակում է եղել: Ուշքի գալով՝ Թերեզան հրաժարվել է 2-րդ փոխներարկումից:
Առաջադրված մեղադրանքներից ամբաստանյալ Կարեն Վխկրյանն ընդունեց միայն մեկը՝ քր.օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասը: Ամբաստանյալը համաձայն չէր 244 հոդվածով առաջադրված մեղադրանքի հետ, թե ինքը լքել է դեպքի վայրը՝ տուժածներին թողնելով անօգնական վիճակում: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը՝ որոշեց լսել նախ տուժողի իրավահաջորդին, հետո տուժող Նաիրի Ուղուրլյանին, այնուհետեւ վկաներին եւ ամբաստանյալին:
Տուժողի իրավահաջորդ Գագիկ Հովսեփյանը մահացած Թերեզա Ուղուրլյանի հայրն էր: Վերջինս պատմեց, որ փետրվարի 17-ի վրաերթի մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է փեսայի քույրը՝ ասելով, թե երեխաներին գցել են մեքենայի տակ: Վկան անմիջապես գնացել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ աղջկան եւ փեսային գտել է բավական ծանր վիճակում: Բժիշկներն իրեն ասել են, որ Թերեզային հարկավոր է արյան փոխներարկում անել, քանի որ արյուն շատ է կորցրել:
«Ես մարդ ուղարկեցի Արյան փոխներարկման կենտրոն, արյուն բերել տվեցի, բժիշկները ներարկեցին: Աղջիկս շատ վատ էր, տրավմատիկ շոկի մեջ էր, ուզեցի տեղափոխել Երեւան՝ բժիշկները չթողեցին, թե թող վիճակը ստաբիլանա նոր տար»,-պատմեց տուժողի իրավահաջորդը:
Գագիկ Հովսեփյանը դատարանում ասաց, որ այդ երեք օրն անընդհատ աղջկա կողքին է եղել: Համաձայն չէ քրեական գործում առկա բժշկական եզրակացության հետ, որ Թերեզայի մահվան պատճառ կարող էր հանդիսանալ ոչ թե ստացած բազմաթիվ վնասվածքները, այլ արյան կորուստն ու արյան փոխներարկումից հրաժարվելը: Գագիկ Հովսեփյանը ժխտեց նաեւ այն, որ աղջիկը ուշքի գալով պոկել է ներարկման կատետրը թեւից ու շպրտել: Նա պնդեց, թե Թերեզան չի հրաժարվել արյան փոխներարկումից միայն այն պատճառով, որ Եհովայի վկա է:
Տուժողի իրավահաջորդը նաեւ նշեց, որ իր տեղեկություններով ամբաստանյալը հարբած է եղել: Նրա մեքենայում էլի մարդիկ են եղել եւ նույնպես ոգելից խմիչք օգտագործած: «Ասին արագ է քշել մեքենան: Ռազվառոդ է արել, էդ արագության տակ չի կարողացել, թռել է մայթերին ու էդտեղ մի հատ մերսեդես է կանգնած եղել, աղջկաս մտցրել է 2 մեքենաների արանք: Հետո էլ թողել փախել է, ուրիշներն են օգնություն ցույց տվել»,- նշեց Գագիկ Հովսեփյանը:
Գագիկ Հովսեփյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Կարեն Վխկրյանի դեմ եւ պահանջում է, որ ամբաստանյալը ոչ միայն հատուցի վնասը, այլեւ գումարային օժանդակություն ապահովի 5-ամյա թոռնիկին՝ մինչեւ նրա 17 տարեկան դառնալը:
Ի տարբերություն տուժողի իրավահաջորդի՝ տուժող 31-ամյա Նաիրի Ուղուրլյանը դատարանում հաստատելով իր եւ կնոջ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ լինելը՝ նշեց, որ Թերեզան իրականում գիտակցության գալով հրաժարվել է արյան փոխներարկումից եւ ասել, որ կհամաձայնվի այլ նյութերի ներարկման: Թե ինչ են պատկերացրել տուժողները ասելով «այլ նյութեր» եւ ինչը պիտի ըստ իրենց պատկերացմամբ փոխարիներ արյանը, Նաիրի Ուղուրլյանը չպարզաբանեց:
Տուժողը պատմեց, որ դեպքից րոպեներ առաջ ինքն ու կինը խանութում են եղել, խմորեղեն են գնել: Նաիրի Ուղուրլյանը պատմեց, որ ինքը վրաերթի պահին արդեն իսկ ուշագնաց վիճակում է եղել եւ չի կարող ասել մանրամասները: Շատ բաներ չի հիշել, հետո հիվանդանոցում դեպքի մանրամասներն իրեն պատմել է կինը: Նաիրին եւս հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով: Երեք օր նա եւ կինը գտնվել են նույն հիվանդասենյակում: «Ես շատ ժամանակ գիտակցություն չեմ ունեցել, շատ բան չեմ կարող պատմել, բայց կասեմ, որ ամսի 21-ի կեսգիշերին մոտ, երբ բժիշկները հարց բարձրացրին, որ պիտի արյուն ներարկեն, Թերեզան ասաց, որ չի ուզում, թող բժշկական այլ օգնություն ցուցաբերեն»,- պատմեց տուժողը:
Դատակոչված վկաներից Կարեն Թորոսյանը «Մերսեդես-բենց» մակնիշի մեքենայի տերն էր: Ամբաստանյալը վրաերթի ենթարկելով Ուղուրլյան ամուսիններին՝ վնասել էր նաեւ վկայի մեքենան: Վկան պատմեց, որ դեպքի օրն ինքը գնացել էր ավտովերանորոգման կետ եւ վթարի պահին մեքենայի մեջ չի եղել: Աղմուկ լսելով դուրս է եկել, տեսել հավաքված մարդկանց եւ իր մեքենային բախված մի մեքենա: Տեղեկանալով, որ վրաերթի ենթարկված մարդ կա, անմիջապես զանհարել է շտապօգնություն: «Սկզբից կնոջը հանեցինք երկու մեքենաների արանքից ու շտապօգնության մեքենայով ճանապարհեցինք, հետո ասին, թե մեկն էլ կա, մեքենայի տակ է մնացել, զանգեցի 2-րդ բրիգադը կանչեցի, եկան տղամարդուն էլ տարան»,-պատմեց վկան: Կարեն Թորոսյանը պնդեց, որ շտապօգնություն երկու անգամն էլ ինքն է զանգել: Դեպքի վայրում ամբաստանյալին չի տեսել:
Երկրորդ վկան ավտովերանորոգման կետի աշխատակից Էդգար Նահապետյանն էր: Վերջինս պատմեց, որ դեպքի պահին ինքն ու մյուս վկան՝ Կարենը, ավտովերանորոգման կետում են եղել: «Գմփուն եկավ, ես մտածեցի թե կռիշի ձունը թափավ, հետո ուզեցինք դուրս գայինք, մի քանի րոպե չէինք կրնա «վուլկանիզացիայի» դուռը բանայինք, դեֆորմացվել էր: Դուրս եկանք, տեսանք ահագին մարդ կար հավաքված, տեսանք երկու հոգի ավտոյի տակ ընգած կղժժային: Ես էլ մոտիկ չգնացի, սիրտս չտարավ, օր նայեի»,- պատմեց վկան:
Էդգար Նահապետյանն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալին, մեկ անգամ բերել է մեքենայի անիվն է վերանորոգել: Դեպքի վայրում վկան Կարեն Վխկրյանին չի տեսել: Վկան եւս պնդեց, որ շտապօգնության բրիգադները դեպքի վայր ժամանել են վկա Թորոսյանի կանչով:
Ամբաստանյալ Կարեն Վխկրյանը հրաժարվեց հարցաքննությունից՝ պատճառաբանելով, որ փաստաբանի հետ որոշ հարցերի շուրջ քննարկելու եւ պայմանավորվելու կարիք ունի: Դատարանը 2 օր ժամանակ տրամադրեց ամբաստանյալին պատրաստվելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել