HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստների հարցը՝ ոստիկանապետի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի քննարկումներում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսու հանդիպման ժամանակ քննարկվել են նոր ոստիկանի ձեւավորման եւ ոստիկանության գործունեության նոր սկզբունքների կիրառման հարցերը:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության գործունեությունը հրապարակային է. հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցներն ու քաղաքացիները կարող են հետևել քրեական գործերի նախաքննությանն ու սեփական հետաքննություն անցկացնել: Ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ: Մասնավորապես, վերջին երկու տարում արձանագրվել է նման երեք դեպք, որոնց օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել և օրինախախտ ծառայողները ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Ոստիկանության պետը հավելել է, որ հիմնախնդրի լուծմանը կնպաստի նաեւ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որի անդրանիկ նիստը տեղի կունենա օրերս: Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հասարակական միավորումների ներկայացուցիչներ, կոչված է ապահովելու ոստիկանության գործունեության պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն ու վերահսկողություն՝ բացառելով ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի ոստիկանությունն ակնկալում է եվրոպական հեղինակավոր կառույցների օգնությունը, մասնավորապես՝ իրավիճակի ճիշտ վերլուծության ու գնահատման առումով՝ անընդունելի համարելով զեկույցներում տեղ գտած հնացած կամ չճշտված տեղեկատվությունը, որը ոստիկանության հանդեպ անվստահության առիթ է դառնում:

Նիլս Մուիժնիեկսը կարևորել է հակազդումը մարդու իրավունքների խախտումներին և ընդգծել այդ ոլորտում անկախ հանձնաժողովի դերն ու նշանակությունը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է նաև քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի և կանանց դեմ բռնությունների գործերով քննության ընթացքին:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հիշյալ դեպքերից չորսն արդեն բացահայտված են, ինչի մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվել է, և հավատացրել, որ մյուս դեպքերը նույնպես կբացահայտվեն: Ոստիկանության պետը հավելել է նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ ինչ-ինչ կազմակերպություններ կամ անհատներ ահազանգում են սպառնալիքների մասին, իրենք էլ գիտենալով, որ դրանք իրական չեն:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, թե քաղաքացիական հասարակությունն այսօր հրաշալի գիտի իր իրավունքները, և ոստիկանները պարզապես չեն կարող կամայականություններ թույլ տալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter