HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը պահանջեց 3 տարի 6 ամսով դատապարտել ամերիկահայ գործարար Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրեն Եսայանին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո վերջապես հրապարակվեց դատախազի մեղադրական ճառը, որը սակայն չարդարացրեց ոչ տուժող կողմի սպասելիքները, ոչ էլ բխեց շուրջ 9 ամիս տևած դատաքննության ընթացքում արված բացահայտումներից:

Մեղադրական ճառում առանց ներառելու անգամ դատաքննությամբ բացահայտված գործող անձանց՝ Արմեն Գալստյանի, Սևակ Արզարունու և Ղևոնդ Ղալումյանի հետ կապված փաստական հանգամանքները, դատախազ Լևոն Չարխիֆալակյանը դատարանից պահանջեց Էդուարդ Եսայանին դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն խնդիրը այստեղ ոչ թե Եսայանին տրված ժամկետի մեջ է, այլ այն, որ մեղադրող կողմը անգամ դատարանում հնչած այսքան բացահայտումներից հետո շարունակում է ամերիկահայ գործարար Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրեն Եսայանի գործողությունները որակել՝ որպես ի օգուտ Խուդյանի կատարված գործողությունների: Եվ սա այն դեպքում, երբ դատարանում հարցաքննված մի շարք վկաներ ու նաև ինքը՝ ամբաստանյալը, բազմիցս հստակ հայտարարել են, որ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի առումով ամեն բան կատարվել է հենց Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով և դատարանում հնչած բազմաթիվ վկայություններից ակնհայտ է, որ Եսայանի գործողությունները եղել են ի օգուտ մի շարք անձանց, որոնց անունները բազմիցս հայտարարվել են, սակայն ոչ ի օգուտ Խուդյանի: Իր մեղադրական ճառում, ամփոփելով դատաքննական պրոցեսը, դատախազը Լուսինե Գյուլխասյանի բնակարանի շուրջ կնքված առուվաճառքի գործարքների մասով անմիջապես սահուն անցում կատարեց Վլադիսլավ Մանգասարյանի եղաբայր Ռուբեն Մանգասարյանից մինչև Գայանե Ստեփանյան՝ արդյունքում քողարկելով վկաներից Արթուր Գալստյանի հետ տեղի ունեցած գործարքը, այն դեպքում, երբ հենց Արթուր Գալստյանի գործարքով է միանգամայն ակնհայտ դառնում, թե իրականում ովքեր են տնօրինել քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը (ի դեպ՝ այդ տեսակետից հարկ է նշել, որ դատարանն այդպես էլ Սևակ Արզարունուն չհարցաքննեց դատարանում՝ չնայած սրա վերաբերյալ ինչպես ամբաստանյալի պաշտպանի, այնպես էլ տուժող կողմի պահանջներին): Մինչդեռ դատախազը առնվազն պետք է հաշվի առներ գոնե այն փաստերը, որոնցով հաստատվում էր, թե իրականում ովքեր են տնօրինել քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը: Իսկ մասնավորապես Արթուր Գալստյանի և Նարեկ Հարթունյանի ցուցմունքներով հաստատված է այն փաստը, որ բնակարանը Ռուբեն Մանգասարյանի անվամբ ձևակերպելուց հետո, հետագա կեղծ գործարքների շնորհիվ այն իրականում տնօրինել են Սևակ Արզարունին և Արմեն Գալստյանը: Եվ եթե նախաքննության ժամանակ հսկող դատախազ Արման Հակոբյանը 2012 թվականի նոյեմբերի 21-ին քննիչին պարտադիր ցուցում էր տվել կեղծ մեղադրանք առաջադրել Էդուարդ Եսայանին, ինչպես նաև խարդախության փաստով հարուցված քրեական գործը քննել տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման փաստով, ապա ուղիղ 11 ամիս անց, դատարանում այս ընթացքում քննության ընթացքում արված բացահայտումների լույսի ներքո, մեղադրող դատախազը պարտավոր էր փոփոխել մեղադրանքը: Սակայն մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի մեղադրական ճառն ընդամենը նախկին դատախազի կողմից տրված մեղադրանքի կրկնությունն էր:

Դատախազի հրապարակած մեղադրական ճառից գոհ չէր նաև տուժող կողմը: Քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի փաստաբանն իրենց ճառում նշեց, որ այս գործով իրականում նորմալ քննություն չի տարվել և իրենք պահանջում են վերաորակավորել մեղադրանքը, քանի որ ըստ իրենց տնօրեն Էդուարդ Եսայանն իրականում խարդախություն է կատարել: Լուսինե Գյուլխասյանը ի թիվս մի շարք այլ պահանջների, պահանջեց դատարանից առավել խիստ պատիժ սահմանել Եսայանի համար: Ինչպես նաև հիշել այն մասին, որ գոյություն ունի ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացություն, հստակ արձանագրվել է, որ, իրոք, 07.12.2007թ.  «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է իրենց կողմից տրված 37 մլն 200 հազար դրամը, որից սակայն 15 մլն 891 հազար դրամը մուտքագրվել է Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

 

Մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի կողմից վերահաստատված կեղծ մեղադրանքի հետ կապված ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին է պատրաստվում դիմել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը՝ պահանջելով, որ դատախազը միջնորդություն ներկայացնի և այս քրեական գործով վերջապես օբյեկտիվ քննություն կատարվի: Գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք օրենքով սահմաված բոլոր միջոցները ձեռնարկելու են, որպեսզի ոչ մի դեպքում Խուդյանին զրպարտող կեղծ մեղադրանքով դատական ակտ չկայացվի, այլ կայացվի մի դատական ակտ, որը կբխի 9 ամիս շարունակ դատարանում գործով բացահայտված հանգամանքներից:

 

Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter