HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Աջարիայի վրացի մուսուլմանները բողոքում են երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտից-2

Սկիզբը

Ճելայի մինարեթը

Ճելայի մզկիթը կառուցվել է 2006-2008թթ. ընթացքում որպես սեփական տուն: Արտաքուստ՝ բացի տանիքին դրված գմբեթից, ոչինչ չի հիշեցնում, որ այն կարող է աղոթատեղի լինել: Հողամասի ձեռք բերման և շինարարության հարցերով զբաղվել է գյուղի բնակիչ Դավիթ Ջոկարձեն: Այս տարի հուլիսից սկսած էլ փող են հավաքել մինարեթը կառուցելու համար:

Աջարիայի գործադիր մարմնի ղեկավար Արչիլ Հաբաձեն լրագրողներին ասաց, որ մինարեթը տեղադրվել է Թուրքիայի քաղաքացու ֆինանսական միջոցներով:

«Ճելայում մի թուրք զբոսաշրջիկ տեսնելով մզկիթը՝ մտածել է. լավ կլիներ, որ այն մինարեթ էլ ունենար,- ասում է Հաբաձեն,- գնացել է Թուրքիա, հանգանակությամբ հավաքել է 22000 լիրա, այդ գումարով պատվիրել է մինարեթն ու ուղարկել Վրաստան: Դա ճիշտ չէ, և Թուրքիան չի կարող խառնվել մեր գործերին»:

Ճելան Սամցխե-Ջավախքի վեց վարչական շրջաններից մեկի՝ Ադիգենի գյուղերից է: Սամցխե-Ջավախքի 3000 մուսուլման բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Ադիգենում, որտեղ ապրում է մոտ 1500 մուսուլման բնակչություն:

Գյուղի բնակիչները հերքեցին այդ տեղեկատվությունը, ասելով, որ մինարեթի համար 9000 դոլարի չափ գումար է պահանջվել, որը հավաքել են իրենք: Նրանք երկար բանակցություններ են վարել Թուրքիայի մի կազմակերպության հետ, որը կարող է մինարեթ կառուցել, և վերջապես հուլիսի սկզբին Սարպիի անցակետով տեղափոխել են գյուղ ու տեղադրել մզկիթի անմիջապես դիմաց: Գյուղացիները պատմում են, որ մոտ 50 մարդ մասնակցել է մինարեթի տեղադրմանը, իսկ քրիստոնյաներից ոչ ոք չի եկել ու չի բողոքել: Ճելայում մուսուլման-քրիստոնյա հարաբերակցությունը 60/40 տոկոս կարգի է. ապրում են մոտ 40 ընտանիք, որից 25-ը մուսուլման են, 15-ը՝ քրիստոնյա:

Մինարեթը կանգուն մնացել է մոտ մեկ ամիս, որի ընթացքում Ճելայի հարևան Զարզմա գյուղի ուղղափառ հոգևորականները քրիստոնյաների շրջանում ստորագրահավաք են կազմակերպել մինարեթը ապամոնտաժելու համար:

Զարզմայի վանքի հոգևորական հայր Նիկոլայ Արխիանդրիսն ասում է, որ կատեգորիկ դեմ է մինարեթի կառուցմանը:  «Նրանք պետք է համաձայնեցնեին իրենց գործողությունները պատրիարքարանի հետ,- ասում է նա,- ինչպես նաև հարցնեին տեղացի քրիստոնյաների կարծիքը: Նրանք դա արել են ինքակամ, որը լավ չէ»:

Իսկ Դավիթ Ջոկարձեն հակադարձում է, որ Վրաստանում կրոնական օբյեկտ կառուցելու համար օրենք չունի: «Դրա համար էլ իշխանություններին այդ մասին չենք հայտնել ու մեզ հետաքրքիր էլ չէ կառավարության թույլտվությունը»,- ասում է նա:

Հայր Նիկոլայն ասաց, որ պաշտպանում է քրիստոնյաների իրավունքները և առաջնորդվում է կառավարության և պատրիարքարանի որոշումներով. «Եթե նրանք որոշեն, որ մինարեթը պետք է, ուրեմն ես ևս կողմ կլինեմ»:

Տեղական իշխանությունները՝ մինարեթն ապօրինի կառույց համարվելու փաստարկով, ապամոնտաժել են այն, որը գյուղում ուղեկցվել է ոստիկանության և տեղացի բնակչության միջև խոշոր ընդհարմամբ:

Մինարեթն ապամոնտաժել են օգոստոսի 26-ին, որի ժամանակ փակել են գյուղի ճանապարհը, և տեղական լրագրողները մուտք չեն կարողացել գործել գյուղ: Սակայն գյուղի բնակիչները՝ իրենց հեռախոսներով նկարահանել են թե ընդհարումը, և թե ապամոնտաժումը, և բոլոր տեսանյութերը ներբեռնել են YouTube, որի արդյունքում էլ բարձրացել է աղմուկը:

Ընդհարման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդ, որից 6 հոգու՝ ոստիկանությանը չենթարկվելու համար տուգանել են 400 լարիով (240 դոլար), երեք հոգու դեմ քրեական գործ կա հարուցված: Նրանք, ի դեպ, ի տարբերություն Հայաստանում չգործող գրավի ինստիտուտի, 2000 լարի(1200 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակվել:

Նրանցից Օթարի Մարկոիձեն պատմում է, որ ընդհարման ժամանակ ոստիկանները նրանց  բերման են ենթարկել՝  ծեծի ենթարկելով ու հայհոյելով վերջին խոսքերով և անվանելով նրանց թաթարներ: «Նրանք մեզ ասացին, որ մեր ժամանակը վերջացել է, իսկ մեր հարցին, թե ուր են մեզ տանում, ասացին, թե դուք դա կիմանաք այն ժամանակ, երբ դա պետք լինի»,- պատմում էր նա:

Գյուղի բնակիչները, որոնք երկար տարիներ միմյանց հետ ապրել են, դադարել են իրար բարևել և գյուղում թշնամական մթնոլորտ է: 18-ամյա մուսուլման Ռաինդան սակայն, ասում է, որ քրիստոնյա ընկերներ ունի, որոնց հետ շարունակում է շփվել. «Բայց քրիստոնյա դառնալ չեմ պատրաստվում»:

Գյուղացիների մի մասն ասում է, որ եթե իմանային, թե մինարեթի պատճառով միմյանց հետ թշնամանալու էին, չէին ձեռնարկի դա, մի մասն էլ սակայն ասում էին, որ պայքարելու են, որպեսզի մինարեթը հետ բերվի:

Դավիթ Ջոկարձեն այս ամենի մասին կարծիք է հայտնում, որ Վրաստանը որպես միասնական պետական կառուցվածք չի կայացել: «Այստեղ ամեն ինչ արվում է ոչ թե օրենքով, այլ պատրիարքի ասելով,- ասում է նա,- սակայն մենք չենք պատրաստվում զիջել ու պայքարելու ենք մեր մինարեթի համար»:

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի խոսքի ազատության հարցերով զբաղվող իրավաբան Գեորգի Գոցուրիձեի կարծիքով մինարեթի ապամոնտաժում արվել է անօրինական հիմքով՝ հարկային պարտավորությունների հետ կապված պատճառաբանությամբ:

Մինարեթն ապամոնտաժվել է հարկային ծառայությունների պահանջով, որոնք պատճառաբանել են, որ այն ապամոնտաժում են կշռելու և պակաս գումարը հարկելու համար:

«Սակայն Վրաստանն ու Թուրքիան գտնվում են ազատ առևտրի գոտում և, հետևաբար ներմուծման համար հարկեր չպետք է գանձվեին»,- ասում է Գոցուրիձեն:

Մինարեթը ապամոնտաժելուց հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ադիգենում.  մի կողմից մուսուլմանների կողմից, որոնց միացել են հարևան շրջաններում ապրող մուսուլմանները, մյուս կողմից՝ քրիստոնյաների՝ որոնք բողոքում են մինարեթի դեմ:

Արսեն Բալախաշվիլի Նիկոլայ Արխենադրիս Ռաինդա

Վերջին ակցիայի մասնակից Գիո Կոպաձեն ասում է, որ մինարեթի առկայությունն իրենց համար անընդունելի է: «Անվանեք մի երկիր Եվրոպայում, որտեղ բարձրախոսներով արաբական լեզվով աղոթք են մատուցում,- պատճառաբանում է նա,- եթե մենք ավելի դեմոկրատական երկիր ենք, քան Շվեյցարիան կամ Գերմանիան, ապա խոսքեր չունեմ. իսկ այնտեղ օրենք կա, որ մինարեթներ չի լինելու»:

Նա պնդում է, որ մինարեթի համար պահանջված գումարը Ճելայում չեն հավաքել, իսկ մինարեթը վրացական ճարտարապետության հետ համատեղելի չէ:

«Միգուցե Բաքվում մինարեթն ընդունելի է, բայց ոչ մեր մոտ. Ճելան մուսուլմանական գյուղ չէ և երբեք էլ մուսուլմանական չի եղել,- ասում է նա,- մենք դեմ չենք աղոթելուն, ուղղակի դեմ ենք մինարեթին: Սա քրիստոենական երկիր է, և մուսուլմանները այստեղ հյուր են, երբ նրանք եկան այստեղ ապրելու, սա մուսուլմանական գյուղ չէր»:

Իսկ նրանք եկել են Աջարիայից՝ 1980-ականների վերջին: Բնակիչներն, ի դեպ, ասում էին, որ աղոթքի ժամանակ բարձրախոսներ չէին միացրել:

Մուսուլմանների ակցիայի հաջորդ օրը ֆինանսական խաբեություն կատարելու մեղադրանքով ձերբակալել են Ադիգենի գամգեոբա Սիմոն Պառնաշվիլին, ով ակցիայի օրը եղել է մուսուլմանների կողքին: Նա գրավի դիմաց ազատ է արձակված:

Վրաստանի տեղական ինքկառավարումն իրականացվում է երկու մարմնի միջոցով՝ գործադիր, որը կոչվում է գամգեոբա, և օրենսդիր՝ սակրեբուլո:

Ադիգենի գամգեոբայի պաշտոնակատար Արսեն Բալախաշվիլին, ով, ի դեպ, Պառնաշվիլիի տեղակալն է եղել, ասում է, որ իր նախկին ղեկավարի ձերբակալությունը ոչ մի կապ չունի մուսուլմանների անցկացրած ակցիայի հետ:

«Նախորդ տարվա հաշվետվություններում ֆինանսական խնդիրներ են եղել. դա է պատճառը»,- մեկնաբանում է նա:

Բացի Բորժոմիից, Սամցխե Ջավախքի մնացած բոլոր վարչական շրջաններում  Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» պառլամենտական ընտրություններում պարտություն է կրել, և իշխանության գալուց հետո նրանք գործադիր և օրենսդիր մարմնի բոլոր ղեկավարներին փոխել էին, բացի Սիմոն Պառնաշվիլիից:

Վերջինս համարում է, որ իր դեմ քրեական գործ հարուցելու հիմնական պատճառը հենց դա է: «Բացի այդ, մուսուլմանական հարցում պետական կառույցներ են ընդգրկված եղել և ինձ չներեցին, որ կանգնել եմ ոչ թե պետության կողքին, այլ ցանկացել եմ օրինական ճանապարհով հարցը հարթել»,- ասում է Պառնաշվիլին:

Պառնաշվիլիի այս մեկնաբանությունը և կրոնական փոքրամասնությունների՝ տվյալ դեպքում մուսուլմանների նկատմամբ ունեցած կեցվածքը, տեղի լրագրողների և իրավիճակին լավ ծանոթ մարդկանց կողմից մեկնաբանվում է որպես «շատ լավը» լինելու ժեստ, մինչդեռ իրենց ժամանակին նրանք ներկա իշխանություններից ավելի լավը չեն եղել:

Մինարեթը նորից տեղադրվելու կամ չտեղադրվելու հարցը առայժմ առկախված է: Այն սկզբից տարել են Բաթումի, հետո գիշերով հետ են բերել ու  Ճելայի ճանապարհին գտնվող անտառներից մեկում է, որն, ի դեպ հսկում էին երկու ոստիկան:

«Այս ամենը կազմակերպվել է պետական մակարդակով՝ առանց հաշվի նստելու կրոնական փոքրամասնությունների հետ,- ասում է տեղական լրագրող Նինո Նարիմանիշվիլին,- ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե Ադիգենի ինչ-որ մի խուլ գյուղում ապամոնտաժված մինարեթը այսքան աղմուկ կբարձրացնի»:

Նրա կարծիքով մինարեթն ապամոնտաժվել է, որովհետև այն թողնելու դեպքում դա նախադեպ կհանդիսանար, որպեսզի մնացած կրոնական փոքրամասնությունները ևս իրենց հարցերը բարձրացնեն:  

Վրաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների համառոտ պատկերը

Համաձայն վերջին՝ 2002թ. անցկացված մարդահամարի տվյալների՝  Վրաստանի բնակչության 83 տոկոսը ուղղափառ քրիստոնյաներ են՝ այդ թվում, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, 9 տոկոսը մուսուլմաններ՝ վրացիներ, ադրբեջանցիներ, չեչեններ, քուրդեր, եզդիներ:

Գիորգի Սորդիայի կարծիքով՝ մուսուլման-քրիստոնյա հարաբերակցությունը խիստ կասկածելի է, քանի որ հարցումների ժամանակ ազգային պատկանելության վերաբերյալ վրացի պատասխանը լսելով՝ մեծավ մասամբ որպես կրոնական պատկանելություն նշվել է քրիստոնեությունը, մինչդեռ նրանք կարող էին լինել մուսուլմաններ:

Վրաստանի ողջ տարածքում գործում են 204 մզկիթ, որոնցից ոչ բոլորը մինարեթ ունեն:

Հայ համայնքը կազմում է բնակչության 4 տոկոսը, որից  3.9 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, իսկ 0.1 տոկոսը՝ կաթոլիկներ, որոնք հիմնականում բնակվում են Սամցխե Ջավախքում և Ախալքալաքում:

Վրաստանում 9 հայկական եկեղեցու պատկանելության վերաբերյալ վեճ կա, որոնց մի մասը գտնվում է Թիֆլիսում, մի մասն էլ Ջավախքի գյուղերում:

Այդ հարցի վերաբերյալ կա հանձնաժողով, ու եկեղեցու գույքը եկեղեցուն վերադարձնելու համար պետք է նախապես պարզել պատկանելության հարցը:

Վրաց և Հայ եկեղեցիների միջև  այս հարցի շուրջ խորը տարաձայնություն կա, և հայկական կողմը շատ արմատական կեցվածք ունի: Գոգելիանիի կարծիքով այդ հարցը մոտակա ժամանակենրում դժվար լուծվի:

Վրաստանի քաղաքական օրակարգում կա նաև Հարավային Վրաստանում 1944 թ. որպես թուրք տեղահանված թուրք-մեցխեթինցիների հարցը, որոնց էթնիկ ինքնությունը սակայն վրացական է: Նրանք հետո հետ են հայրենադարձվել և Վրաստանում կան 500 թուրք-մեցխեթինցիներ:

Կա 3,700 հրեա և 4 սինագոգ, որոնցից գործում է միայն մեկը: Մնացած երեքը հետ վերադարձնելու համար հրեա համայնքը դարձյալ խնդիրներ ունի Ուղղափառ եկեղեցու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter