Վարչապետ. «Մեռած մարդիկ կարողանում են գնալ եւ Կիպրոսում ձեռնարկություն գրանցել»
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի օֆշորային սկանդալի մասին հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել է, սակայն չզլացավ եւս մեկ անգամ ասել, որ ինքն այդ խնդրի բացահայտման առումով ամենաշահագրգիռ անձն է:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ որեւէ մեկին չի լիազորել իր անունից օֆշորային գոտում ձեռնարկություն բացել, ինքն էլ որպես վարչապետ այս տարիների ընթացքում Կիպրոսում չի եղել եւ նման ձեռնարկություն չէր կարող գրանցել:
«Սրանք բոլորը ապացուցվող փաստեր են: Իսկ այն, որ Կիպրոսում կարելի է գրանցել ձեռնարկություն ցանկացած մարդու անունով, մենք ինքներս դարձանք վկա: Այդ թվում՝ մեռած մարդիկ կարողանում են գնալ եւ Կիպրոսում ձեռնարկություն գրանցել, այնպես որ փորձերը վարկաբեկելու քաղաքական գործիչներին եւ վարկաբեկման գործիքների ձեւերը բազմազան են: Իհարկե, կարելի է մշտապես հանրության ուշադրության կենտրոնում պահել այս պատմությունը, բայց չեմ կարծում, որ սա ճիշտ նպատակ է կամ քաղաքական բովանդակություն ունեցող նպատակ է: Նպատակը մեկն է` վարկաբեկել գործող վարչապետին, ուրիշ նպատակ ես չեմ տեսնում»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Լեւոն Զուրաբյանն էլ հավելեց, որ, ինչպես վարչապեն ասաց, այդ տեղեկություններն ապացուցվող պնդումներ են, բայց դեռեւս ոչ ապացուցված: «Խնդիրը հենց այն է, որ 6 ամիս է անցել, եւ ձեր ապացուցվող պնդումները մինչեւ հիմա ապացուցված չեն եւ նպատակը ոչ թե Ձեզ վարկաբեկելն է, այլ մեր պետության վրայից այդ կեղտը մաքրելը»,- հավելեց պատգամավորը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել