HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սկսվել է Գյումրիի ոստիկանության աշխատակիցների դատաքննությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Աշոտ Մանուկյանի, այսօր սկսվեց ՀՀ ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից առանձնապես խոշոր չափերի գողության փորձ կատարելու դեպքի առթով ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ըստ քրեական գործի՝ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը, հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ:

Ամբաստանյալները մուրճով և կացնով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, մտել վաճառասրահ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ տաղավարներում զարդեր չեն եղել, միաժամանակ, նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:

Ամբաստանյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այսօր ամբաստանյալ Հրայր Քալաշյանի փաստաբան, հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը նախ միջնորդեց դատարանին ազատ արձակել իր վստահորդին դատարանի դահլիճից, միջնորդությունը չբավարարելու դեպքում՝ քննության առնել գրավի թույլատրելիության հարցը: Պաշտպանն առաջարկում էր խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 700.000 դրամը:

Դատավոր Աշոտ Մանուկյանը միջնորդությունը քննարկելու փոխարեն ընդմիջում հայտարարեց 10 րոպե եւ հեռացավ նիստերի դահլիճից: Վերադառնալով՝ դատավորը որոշեց նախ լսել մեղադրող Վաղարշակ Մխիթարյանի կարծիքը պաշտպանի միջնորդության վերաբերյալ: Դատախազը հայտարարեց, որ միջնորդության թե առաջին, թե երկրորդ մասը ենթակա են մերժման, քանի որ անհիմն են:

Նիստը նախագահող դատավորը միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը տեղափոխեց հաջորդ դատական նիստին, որը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter