HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Քոքոբելյանի հարցը վարչապետին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե  ներմուծված ապրանքների մաքասյին արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն դրամ և ավելի, ապա պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց արժեքը 369 հազար դրամ է ներկայիս 88 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքերի փոխարեն:

Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե  ինչու է այդ նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռք բերումը վստահվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին, և այլ քաղաքացիներ հնարավորություն չունեն ներմուծել այդ սարքերը:

Ի պատասխան` Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե ՀՀ-ում առաջին անգամ ներդրվում է մեկ միասնական համակարգ, որը ՀԴՄ-ի միջոցով կապվելու է մեկ միասնական բազայի հետ: «Եւ առաջին փուլում ՀԴՄ-ի գինը բարձր է սահմանված, քան նախկիններինը, որովհետև սրանք բազմաֆունկցիոնալ են, ինչի հնարավորությունը նախկինները չունեին: Առաջին փուլում այսքան թանկ է, որովհետև այս փուլում հիմնական սպառողները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են և դրանից կառաջանան խնայողություններ, որոնք էլ հետագայում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի գնումների սուբսիդավորմանը»:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այլ ընկերություններ ևս կարող են ներմուծել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, եթե, իհարկե,  համապատասխանեն կառավարության կողմից սահմանված չափանիշներին:

Խաչատուր Քոքոբելյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին` կապված Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի հետ: Մասնավորապես նա հիշեցրեց վարչապետին, որ դեռևս գարնանային նստաշրջանին ինքն հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս  է պատկերացնում Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրերի համադրումը և ՀՀ իշխանությունների հռչակած «և-և»-ի քաղաքականությունը, ինչին ի պատասխան վարչապետը  նշել էր, թե այս երկու համաձայնագրերը իրար փոխլրացնող են և չեն խանգարում մեկը մյուսին:

«Վերջին զարգացումները հաշվի առնելով, ինչպես նաև եվրոպական մեր գործընկերների արձագանքները, որ հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն դեպքում, երբ Հայաստանը մուտք է գործում Մաքսային միություն, արդյո՞ք այժմ էլ Դուք մնում եք Ձեր կարծիքին և այսօր էլ կարո՞ղ եք պնդել, որ դրանք միմյանց փոխլրացնում են: Եւ եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում»,- հարցրեց Քոքոբելյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան նշեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվել և իրենք միշտ էլ ԵՄ-ի և Մաքսային միության հետ հարաբերությունները դիտարկել են որպես փոխլրացնող. «Ինչ մնում է փաստաթղթերին, մենք երբեք չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնող են: Իհարկե, փաստաթղթերում կարող են լինել կետեր, որոնք միմյանց մեջ կարող են մտնել հակասության մեջ և բանակցային գործընթացով մենք պետք է կարողանանք հարթել դրանք: Այս պահի դրությամբ մենք կայացրել ենք քաղաքական որոշում, որ գնում ենք Մաքսային միություն  և չենք կարող ընդունել այնպիսի միջազգային փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ-ի հետ ինտեգրացման գործընթացին»:

Խաչատուր Քոքոբելյանը, արձագանքելով Տ. Սարգսյանի այս դիտարկմանը, նկատեց, թե եթե գործընթացները փոխլրացնող են, ապա փաստաթղթերն էլ պետք է միմյանց փոխլրացնեն. «Բայց Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թե որտեղ եք տեսել այդ փոխլրացումը»:

Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե եթե իրենք առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ապա Հայաստանը պետք է ունենար միայն մեկ ռազմավարական գործընկեր և վերջ. «Մենք նպատակ ունենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները և դա բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության գերակայությունները, և դա արել ենք բաց, մեր գործընկերները շատ լավ հասկանում են մեր գործողությունների տրամաբանությունը»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց, որ այդ ՀՀ իշխանությունների տրամաբանության և վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր մնացել է մեկ ռազմավարական գործընկերոջ հույսին ու հայտնվել նման փակուղու առջև: Այս մասին հայտնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter