Մահացածի հարազատները պնդում են, որ իրենք արյան փոխներարկումից հրաժարվելու թուղթ չեն ստորագրել
Հոկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Կարեն Վխկրյանի գործի դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է այս տարվա փետրվարի 17-ին` ժամը 19-ին, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում Ուղուրլյան ամուսինններին վրաերթի ենթարկելու ապա դեպքի վայրը լքելու համար: Վրաերթից հետո հիվանդանոց տեղափոխված Թերեզա Ուղուրլյանը մահացել էր 3-րդ օրը: Ամբաստանյալ Կարեն Վխկրյանն իրեն առաջադրված մեղադրանքներից ընդունեց միայն վրաերթի փաստը:
Դատարանում տված ցուցմունքի ժամանակ ամբաստանյալը պնդեց, որ ինքը դեպքի վայրը չի լքել, համաձայն չէ նաև քր.օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքի հետ (վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառել): Թե Վխկրյանը, թե նրա փաստաբան Թամարա Յայլոյանը՝ հիմնվելով դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքների վրա, հայտարարեցին, որ Թերեզա Ուղուրլյանի մահը վրա է հասել ոչ թե ստացած վնասվածքների, այլ կրոնական համոզմունքներից ելնելով՝ արյան փոխներարկումից հրաժարվելու պատճառով: Թեպետ մահացածի հարազատներն այս դատական նիստին էլ պնդեցին, որ իրենք արյան փոխներարկումից հրաժարվելու թուղթ չեն ստորագրել:
Ամբաստանյալը պատմեց, որ դեպքի օրն ինքը հիմնականում իրենց թաղում է եղել: Երեկոյան գնացել է գազալիցքավորման կայան եւ այնտեղից վերադառնալու ճանապարհին է վրաերթի ենթարկել Ուղուրլյաններին: «Գնացի գազ զապռավկա անելու: Հետ դառնալու ճանապարհին «Հովիկ» խանութի մոտ դեմս ավտո դուրս եկավ, որպեսզի չխփեմ դիմացիս մեքենային, ղեկը ձախ պտտեցրի, հետո քանի որ սառած էր գետինը, մեքենան մեկ աջ գնաց, մեկ ձախ, երեւի նաեւ էդ ժամանակ անսարքություն առաջացավ մեքենայի դիմացի հատվածում, մի խոսքով, կորցրեցի կառավարումն ու հարվածեցի մայթի մոտ կանգնած հետիոտներին»,- պատմեց ամբաստանյալը:
Կարեն Վխկրյանն իր ցուցմունքում նշեց, որ ինքը մինչեւ շտապօգնության մեքենաներով տուժածներին հիվանդանոց տեղափոխելը եղել է դեպքի վայրում, սակայն չի մոտեցել նրանց, քանի որ վախեցել է: «Ես որ իջա ավտոյից, տեսա իրանց, անմիջապես ճանաչեցի, որովհետեւ նույն թաղը կապրինք,- ասաց ամբաստանյալը,- բայց վախեցա տեսածիցս: Հետո մարդիկ հավաքվան, մտածեցի, եթե մոտենամ, իմանան ես եմ վարորդը, կարող է բախում էղնի: Ես ուզեցել եմ շտապօգնություն զանգել, բայց ձեռքերս կդողար, չեմ կարողացել զանգել: Օր կսեն, թե դեպքի վայրը լքել եմ, սուտ է, ես մինչեւ վերջ ընդեղ եմ էղել, ես չեմ փախել»:
Ամբաստանյալը պատմեց, որ տուժածներին հիվանդանոց տեղափոխելուց հետո ինքը տուն է գնացել, երկու բաժակ օղի է խմել, որ քաջություն հավաքի եւ գնա ոստիկանություն հաղորդում տա կատարվածի վերաբերյալ: Կարեն Վխկրյանը նշեց, որ վթարից առաջ ինքը սթափ վիճակում է եղել, հետո է ալկոհոլ օգտագործել, եւ որ բժշկական փորձաքնությունն իր մոտ թույլ խմածություն է հայտնաբերել: «Ես հարբած չեմ եղել, ինչպես նախորդ նիստին հայտարարեց տուժողի իրավահաջորդը, ես հետո եմ խմել, օր քաջությունս հերիքեր միլիցայություն էրթալ-հանձնվելու: Ավտոյի արագությունն էլ 50-60 է էղել, էդ սառած ճամփով հնարավոր չէր էլ արագ քշել»,-արդարացավ ամբաստանյալը:
Կարեն Վխկրյանն իր հիվանդանոց չայցելելը բացատրեց «երես չունենալու» հանգամանքով: Իր փոխարեն եղբայրն է գնացել եւ հետաքրքրվել տուժածների վիճակով: Մեղադրյալին անմիջապես չեն ձերբակալել, այլ դեպքից միայն 40 օր անց: Մահացածի հորը վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ այդ 3 օրերին Կարենը ոչ մի անգամ չի եկել, իրենց հետ չի հանդիպել, իր օգնությունը չի առաջարկել, իսկ նրա հարազատները միայն դեպքի 3-րդ օրն են իրենց այցելել հիվանդանոցում:
«Ես օր գլուխս կդնեմ բարձին, կքնիմ, էդ տեսարանն աչքիս առաջ գուկա: Հմի փորձանք է եղել, սաղս էլ կհասկնանք, բայց դուք էլ ընձի հասկցեք, -դիմելով տուժողներին ասաց ամբաստանյալը,- ես երես չեմ ունեցել ձեր աչքերի մեջ նայելու: Ինչ կմնա օգնություն առաջարկելուն, ախպերս ձեր հետ հանդիպել-խոսել է, բայց դուք էնպիսի թիվ եք ուզել, օր մենք չէինք կրնա տա»:
42-ամյա Թերեզա Ուղուրլյանի բուժումը հիվանդանոցում, ըստ դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքների, ճիշտ է ընթացել, միակ բացն այստեղ ոչ բավարար արյան ներարկումն է եղել: Փաստաբան Թամարա Յայլոյանը միջնորդեց դատարանին հաջորդ նիստին դատարան հրավիրել Թերեզայի բուժումը կազմակերպած բժիշկին: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել