HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը՝ «ԳԱԼԱ»-ի վերաբերյալ

2011թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները:

Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի, 2011թ. ապրիլի 26-ին կայացրած վճիռը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիտարկում ենք որպես «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ 2007 թվականից սկսած՝ իշխանական տարբեր ատյանների նախաձեռնած ճնշումների տրամաբանական շարունակություն, որն, ըստ էության, խոսքի ազատության դեմ ուղղված արշավ է:

Հատկանշական է, որ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի՝ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, և գործընթացը համարվում է փակված:

Ցավոք, իրականացան մեր հոռետեսական կանխատեսումները, և միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»՝ լռեցնելու իրենց համար անցանկալի նաև մյուս լրատվամիջոցներին, ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն:

Մենք՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, շարունակելու ենք սատարել «ԳԱԼԱ»-ին և կոչ ենք անում իշխանություններին ձեռնպահ մնալ ազատ խոսքի և բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից, հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարևոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
18 հուլիսի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter