Ոստիկանությունը արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը
ՀՀ ոստիկանությունը արձագանքել է «Հետք»-ի «Բացահայտված անասնագողություն. գողոնը չկա» հոդվածին, պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
««Հետք» լրատվական կայքում 2013 թ. հոկտեմբեր 9-ին հրապարակված «Բացահայտված անասնագողություն. գողոնը չկա» հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում ոստիկանության մայոր Ռ. Հակոբյանն իր բացատրությամբ հերքել է Ամիրյանների հայտնած այն հանգամանքը, թե իբր ինքը վերջիններիս տեղեկացրել է, որ անասունները գողացողներին «նավոդկա» է տվել Երևանում ապրող և Քուչակ գյուղում ամառանոց ունեցող ոմն Արսեն: Նա հայտնել է, որ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված երկու անձանցից մեկի հետ գողությունների մանրամասները ճշտելու ընթացքում ՔՀԲ պետ Կ. Մակարյանի ներկայությամբ նրան հայտնել է, որ Քուչակ գյուղից գողացված անասունները տեղափոխվել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, որի վարորդի անունը Արսեն է: Ինքն էլ Մանուկ Ամիրյանին միայն հարցրել է` ճանաչո՞ւմ է արդյոք նման անձի: Իր հերթին ոստիկանության մայոր Կ. Մովսիսյանը հերքել է հայր և որդի Ամիրյանների հայտնածը, թե ինքն ասել է` «մսագործի վզին մատի հաստության ոսկուց ցեպ կա, ինքը կգա, ձեր հետ կխոսի»: Նշել է, որ Ամիրյաններին ասել է, որ հանցագործներին ուղղություն տվող անձ չի հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն և պատճառված նյութական վնասի հարցը կլուծվի դատարանում:
Իսկ Ապարանի քննչական խմբի քննիչ Բ. Սարգսյանը իր բացատրությամբ հայտնել է, որ անասնագողությունների չորս դեպքերով գողացված անասունները վաճառվել են Երևանի «Գում»-ի շուկայում մսի վաճառակետ ունեցող Ե. Սահակյանին և ըստ ցուցմունքների` վերջինս տեղեկություն չի ունեցել, որ անասունները գողացված են, ուստի որպես մեղադրյալ նրան ներգրավելու համար միայն գողացված անասունները գնելու փաստը բավարար չէ։ Անասունների գողացված լինելու մասին տեղեկություն չի ունեցել նաև Ափնագյուղից դրանք տեղափոխող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Բ. Սարգսյանը հայտնել է, որ իրենց ցուցմունքներում մեղադրյալներ Է. Թամոյանը և Վ. Հարությունյանը նշել են, որ յուրաքանչյուր գողության ժամանակ անասունները տեղափոխելու համար օգտագործել են պատահական բեռնատար տաքսի ավտոմեքենաներ, որոնց վարորդները տեղյակ չեն եղել, որ անասունները գողացված են:
Բ. Սարգսյանը հավելել է նաև, որ Ամիրյանները նախաքննության ընթացքում գրավոր կամ բանավոր չեն հայտնել ոստիկանության Ապարանի բաժնի ՔՀԲ պետի և տեղամասային տեսուչի հետ տեղի ունեցած խոսակցությունների, ինչպես նաև ոմն Արսենի մասին: Սակայն 2013 թ. հոկտեմբերի 7-ին հարուցված քրեական գործին է կցվել Ազատ Ամիրյանի` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետին հասցեագրած դիմումը, որով դիմումատուն դժգոհություն է հայտնել նախաքննության ընթացքից:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզային քննչական բաժնի Ապարանի քննչական խմբում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. այդ ընթացքում Ամիրյանները կհարցաքննվեն քննչական բաժնում ստացված նրանց դիմումի և «Հետք» կայքում հրապարակված հոդվածում նշված հանգամանքների կապակցությամբ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզային քննչական բաժնի Ապարանի քննչական խմբի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Զավեն Դադայանն անձնական նախաձեռնությամբ 2013 թ. օգոստոսի 28-ին ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Ուստի, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ ոստիկանության որևէ ծառայողի կողմից կարգապահական կամ քրեական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը հաստատվել է փաստի առթիվ հարուցված քրեական գործի ուսումնասիրությամբ և ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի ՔՀ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կ. Մակարյանի, նույն բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Ռ. Հակոբյանի և ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական խմբի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Բ. Սարգսյանի բացատրություններով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել