
Այսօր տեղեկատվության զարգացման օրն է, ոչ թե դրանց կրիչների. Սամվել Մարտիրոսյան
Այսօր՝ հոկտեմբերի 24-ը, տեղեկատվության զարգացման միջազգային օրն է: «Պետք է կարողանանք տարբերակել՝ այսօր տեղեկատվության զարգացման օրն է, ոչ թե դրանց կրիչների: Հայաստանը, թեպետ, ինտերնետ հասանելիության առումով բավականին առաջատար դիրքերում է, բայց շատ հարցերում դեռ կաղում է, ինչը բնորոշ է նաև այլ երկներին»,- ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
ՏՏ մասնագետի դիտարկմամբ որոշ դեպքերում տեղեկատվական տեխնոլոգիաները շատ ավելի արագ են զարգանում, քան հասարակությունը հասցնում է յուրացնել դրանք:
Խոսելով հայկական կայքերի կիբեռ անվտանգությունից` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պետական կայքերի պաշտպանվածությունը բարձր մակարդակի է, սակայն մի փոքր թույլ են ԼՂՀ-ի կայքերը, որոնք պարբերաբար հարձակումների են ենթարկվում: Իսկ ահա լրատվական կայքերի դեպքում պատկերն այլ է. Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող վերահսկել դրանք, քանի որ այդպիսով կհակասի խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին:
Անդրադառնալով Թուրքիային` փորձագետը նշեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, այդ երկրի համար Հայասատանը միակ գերխնդիրը չէ տեղեկատվական պատերազմի դաշտում, ու երևի դրանով է պայմանավորված վերջին շրջանում թուրքական պասիվությունը: Չնայած, ըստ նրա, երբեմն ավելի վտանգավոր են նրանք, ովքեր տևական ժամանակ ծպտուն չեն հանում:
Մեկնաբանել