HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքահայությունն այսօր իրեն վտանգված է զգում»

«Վրաստանի հայ համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանել է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը

Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ջավախքահայությունը: Ըստ Ձեզ` որո՞նք են շտապ լուծման կարիք ունեցող հիմնական խնդիրները:

 Այսօր ջավախահայությունը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների: Հիմանական մարտահրավերներից, որ ծառացած է ժողովրդի առաջ, ազգային ինքնության պահպանման խնդիրն է: Այսինքն` ջավախքահայությունը այսօր ինքն իրեն վտանգված է զգում` որպես հայ մարդ ապրելով իր պատմական հողի վրա: Մարտահրավերները և հիմնախնդիրները տարատեսակ են և բազմաբնույթ, ես կառանձնացնեի լեզվի, հետ կապված հիմնախնդիրը, որն առաջնային և շտապ լուծում է պահանջում, որը որ կամրացնի նաեւ հայության դիրքերը տարածաշրջանում: Ինքնության պահպանման խնդրի միակ լուծումը եվրոպական համապատասխան օրենսդրության ընդունումն է:

Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որ վերջերս է ի հայտ եկել, թուրք-ադրբեջանական նախագծերն են, որոնք անցնում են հիմնականում Ջավախքով` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, ՀԷԿ-երի շինարարությունն է: Վերջիններս, կարծում եմ, ժամանակի ընթացքում բնապահպանական  աղետ կհանդիսանան տարածաշրջանի համար: Տնտեսական տեսանկյունից մտավախություն կա ջավախքահայության մոտ, որ այս երկաթգծի` արդեն ընթացքի մեջ դրվելուց հետո կարող է ընդհանրապես Վրաստանում, մասնավորապես` Ջավախքում տնտեսական մեկուսացում լինի, որովհետև Թուրքիան կփորձի գյուղատնտեսական առումով գրավել ամբողջ Ջավախքը և ջավախքցին, որ այսօր իր միակ ապրուստը հայթայթում է մի կտոր հող մշակելով կամ անասուն պահելով, ժամանակի ընթացքում և արդեն ականատես ենք եղել, թե ինչպես են մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ ներմուծում վրացական շուկա, և տեղի արտադրած գյուղմթերքը կմնա գյուղացու պահեստներում: Այդ առումով ջավախքահայությունը լուրջ մտահոգություն ունի: Նաև ոչ պակաս կարևոր են այստեղ կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, հիմնախնդիրները:

Երկրի կառավարությունը տարածաշրջանում առկա խնդիրներից հատկապես առանձնացրել է երեք հիմնական խնդիր: Դրանք են` առողջապահություն, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն և կրթական համակարգ: Վերջին մեկ տարվա ընթացքում նշված խնդիրների լուծման  ուղղությամբ ի՞նչ քայլեր իրականացվեց պետության կողմից:

Մեկ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չի եղել: Միակ բանը, որ արվել է,  գյուղատնտեսական վաուչերների և թոշակների և աշխատավարձերի շատ նվազ բարձրացումն է, չնայած չեմ ուզում անտեսած լինել: Ընդհանուր առմամբ շատ կարևոր էին գյուղատնտեսական վաուչերները, որոնք տրվեցին ժողովրդին, բայց առողջապահական և պետական առումով նշանակալի առաջընթաց չի եղել: Ջավախքում ապրող, ոչ մեկը չի կարող այս հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև շոշափելի արդյունք չի տեսել: Առողջապահական համակարգն ինչպես որ կար, այդպես էլ մնացել է, իսկ պետական խնդիրները, հիմնականում կապված դպրոցների հետ, մի բան էլ բարդացել են, չնայած մենք հույս ունենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իվանիշվիլիի նախընտրական ծրագրի մեջ կար հատկապես հայ-վրացական համատեղ համալսարանի բացումը Ջավախքում, որը, կարծում եմ, կրթական առումով բավականին լուրջ առաջընթաց կարձանագրի: Մի կողմից էլ էսպես օբյեկտիվ ենք մոտենում հարցին, որ այս մեկ տարվա ընթացքում եղել է երկիշխանական համակարգ, այսինքն` նախագահը որպես ընդդիմություն, կառավարությունը` պարոն Իվանիշվիլին, որպես իշխանություն, եւ դյուրին չի  եղել լուծելու բազմաթիվ խնդիրներ:  Մենք էլ գիտենք, թե  ներքաղաքական առումով մեկ տարվա ընթացքում ինչ լարված իրավիճակ էր ամբողջ Վրաստանում:

Ինչպես կառավարությունը, այնպես էլ Վրաստանի ամբողջ քաղաքական վերնախավը, խոսելով Ջավախքի խնդիրների մասին, գլխավոր խնդիրն են համարում շրջանի բնակիչների պետական լեզվի չիմացությունը: Նրանց խոսքերով, եթե այս խնդիրը լուծվի, ապա շրջանների ոչ վրացի բնակչությունը կկարողանա լիարժեքորեն օգտվել իր քաղաքացիական-քաղաքական իրավունքներից: Համապատասխանու՞մ է արդյոք իրականությանը այդպիսի գնահատականը վրացական քաղաքականության վերնախավի կողմից:

Այս հարցը մի քիչ բարդ է, ես առիթը չեմ ունեցել հանդիպելու նախագահի թեկնածուների հետ, չնայած իրենք մեր գրավոր հարցերին-նամակներին չեն էլ պատասխանել, ես ուղղակի իրենց ուզում էի հարց տալ. իսկ ո՞նց անեն, որ տիրապետեն վրաց լեզվին, որտե՞ղ սովորեն, ինչպե՞ս սովորեն, միայն դպրոցի մակարդակով վրացերեն լեզվի իմանալը, կամ ենթադրենք, որ հնարավոր էլ լինի դպրոցում ուսանելով վրացերեն լեզու սովորել, իսկ մնացած տարիքային մարդկանց խմբերը, ովքեր հիմա չեն հաճախում դպրոց, դպրոցն ավարտել են հինգ կամ տասը տարի առաջ, ո՞րտեղ պետք է սովորեն:

Եթե համապատասխան կրթական կենտրոններ չկան այսօր Ջավախքում. դա անտրամաբանական է և՛ իրենց կողմից, և ընդհանրապես որ մենք էլ հույս փայփայենք, որ ինչ-որ ընթացքում պետք է կարողանանք սովորել վրացերեն: Ո՞նց ենք սովորելու, որտե՞ղ ենք սովորելու: Դրա համար մենք պետությունից պահանջել ենք նախևառաջ վրաց լեզվի ուսուցման կրթական կենտրոններ: Ամբողջ տարածաշրջանում մի քանի կրթական կենտրոն է  պետք, որպեսզի ցանկացած տարիքի մարդ կարողանա հաճախել և գոնե նվազագույն չափով տիրապետի վրացերեն լեզվին:

Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, թե ինչ-որ գործարաններում կամ պետական հիմնարկություններում աշխատելու համար պարտադիր պետք է վրաց լեզվի իմացությունը, ես կարող եմ համեմատություն տանել Ախալցխայի շրջանի կամ ընդհանրապես Թբիլիսիի հայության հետ: Թբիլիսիի հայությունը հոյակապ տիրապետում է պետական լեզվին, բայց այսօր տեսնում ենք, թե պետական համակարգերում ինչքան ակտիվ է թիֆլիսահայությունը: Շատ նվազ չափով` թեկուզ տոկոսային հարաբերությամբ, որը միջազգային օրենքն է պահանջում, որ այդ տոկոսին համապատասխան իրենք պետք է պետական պաշտոնյա ունենան, չունեն, իսկ մասնավոր ընկերությունները, գործարանները իրենք են որոշում, թե ում կընդունեն աշխատանքի, ում` ոչ: Կարծում եմ` ով լավ մասնագետը ինքն էլ կընդունվի աշխատանքի, այստեղ լեզվի խնդիր չկա: Մեր շրջանների ղեկավարները, ենթադրենք, Ախալքալաքի շրջանի ղեկավարներն այսօր տիրապետու՞մ են վրացերենին, ո՛չ, բացարձակապես, ուղղակի իրենց ձեռնտու կատեգորիաներ են այդ մարդիկ:

Դրանք սուտ եւ անհիմն պատճառաբանություններ են, որ պետական լեզվին չտիրապետելն է պատճառը, իհա՛րկե, մենք ուզում ենք լեզուն սովորել, բայց ո՞նց: Ուղղակի որպես պետություն ինքը պետք է հոգ տանի, որպեսզի ժողովուրդը կարողանա իսկապես սովորել այդ լեզուն:

Մի քանի օր առաջ երկրի վարչապետը հայտարարել է. «Միակ շրջանը Ջավախքն է, որտեղ Բաքրաձեն Մարգվելաշվիլիից շատ ձայներ կհավաքի»: Ինչքանո՞վ է իրական այս տեսությունը և ի՞նչ տրամաբանություն ունի:

Ես չգիտեմ, թե Իվանիշվիլիի հայտարարության տողատակերում ի՞նչ կա, բայց նաև պետք է ես ասեմ, որ նախ, լինելով մեկ տարվա իշխանություն, պարոն Իվանիշվիլին ինքը պետք է վատ զգա, որ իսկապես ջավախքահայությունը «կարող է և» քվեարկի նաև Բաքրաձեի օգտին, որովհետև տասը տարի այդ դառը պտուղները այս իշխանությունը («Միացյալ ազգային շարժմանը» նկատի ունեմ), ջավախքցին քաղել է, և չեմ կարծում, որ իրականություն դառնան Իվանիշվիլիի ասած խոսքերը, որ 5ավախqահայությունը Բաքրաձեի կողմն է, ո՛չ, նման բան չկա:

Եթե այս անգամ ընտրությունները, նախորդների նման ընտրակեղծիքներով պետք է անցնեն, բնականաբար, այն ուժը, որ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը շատ հնարավորություններ ունեցավ, ընտրակեղծիքների միջոցով բարձր տոկոսներ կհավաքի այդ թեկնածուն: Բայց եթե լինելու են թափանցիկ, արդար, մաքուր ընտրություններ, կարծում եմ, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում, այստեղ էլ Մարգվելաշվիլին, այսինքն` «Վրացական երազանքի»  թեկնածուն բավականին առաջատար դիրքեր է գրավելու: Պարոն Իվանիշվիլիի ասածը ինձ համար մի քիչ անհայտ բան է, հանելուկային է, որովհետև ես չգիտեմ` ինքն ինչ է նկատի ունեցել, որովհետև այս սոցհարցումները Ջավախքում գրեթե չեն էլ անցկացվել, իսկ եթե անցկացվել են, ապա շատ քիչ վայրերում, որովհետև պաշտոնական բան ես ընդհանրապես չեմ տեսել, որ ինչ-որ մի կազմակերպություն սոցհարցում անցնի և այդ սոցհարցման հիման վրա Իվանիշվիլին էլ հայտարարի նման բան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter