HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում դեռեւս չկա Մինասյանին արժանի փոխարինող

Եվ այսպես՝ Վարդան Մինասյանն, ըստ ամենայնի, հեռանում է Հայաստանի հավաքականից: Այս անգամ՝ վերջնական: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստան-Չեխիա (0-3) հանդիպումից հետո Մինասյանը հրաժարականի դիմում էր գրել, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն չէր ընդունել, իսկ ֆեդերացիայի գործկոմը քիչ ուշ հաստատել էր Մինասյանին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Եվ ընդհանրապես Մինասյանի պաշտոնավարումն առանց վայրիվերումների չի անցել:  

Երբ 2007-ի սեպտեմբերին մահացավ մեր հավաքականի երջանկահիշատակ մարզիչ Իան Պորտերֆիլդը, ազգային թիմի ղեկավարումը ժամանակավորապես դրվեց Պորտերֆիլդի օգնականներ Թոմ Ջոնսի եւ Վարդան Մինասյանի վրա: Շուտով Հայաստանից հեռացավ նաեւ Ջոնսը, եւ պարտականությունները կատարում էր միայն Մինասյանը: Այդ ընթացքում՝ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի վերջնահատվածում, մեր թիմը Երեւանում 0-0 խաղաց սերբերի հետ, դրսում 0-3 պարտվեց Բելգիային եւ 0-1 Պորտուգալիային, իսկ վերջին խաղում Երեւանում 0-1 զիջեց Ղազախստանին: Այս վերջին պարտությունը երկրպագուները շատ ծանր տարան, քանի որ միջինասիացիները խմբի հետնապահներից էին, ու Մինասյանը քննադատության լավ չափաբաժին ստացավ:

2008-2009 թթ. ազգային թիմը ղեկավարեց դանիացի Յան Պոուլսենը, որն անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանկ արվեց: Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի Էստոնիա-Հայաստան (1-0) խաղում (2009 թ. ապրիլի 1-ին) Մինասյանը ներկայացավ իբրեւ մեր թիմի գլխավոր մարզիչ, այս անգամ՝ պաշտոնապես: Չնայած խաղն անհաջող անցավ եւ ընտրական փուլը հավաքականը եզրափակեց վերջին՝ 6-րդ տեղում, սակայն դրանով սկիզբ դրվեց մի նոր փուլի, որն անբաժանորեն կապված է Մինասյանի անվան հետ: Այդ փուլի սկիզբը դժվար էր. 2009-ի սեպտեմբերին Երեւանում՝ բոսնիացիների հետ խաղի ժամանակ, երկրպագուները պահանջում էին՝ «Մինասյան, հեռացիր»: Մինասյանը մնաց. նրան վստահեցին «Եվրո-2012»-ում ազգային թիմի ղեկավարումը: Բոլորն են հիշում Սլովակիայի, Մակեդոնիայի, Անդորրայի հետ պաշտոնական խաղերը եւ երկրպագուների կորսված հույսերը բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի գործողությունների արդյունքում:

«Եվրո-2012»-ից հետո շատերը հավատացին Մինասյանին, չնայած ոմանք շարունակում էին կարծել, որ պետք է ավելի բարձրակարգ մարզիչ, քանի որ թիմն այլեւս նոր մակարդակի է բարձրացել: Դա ասողները մոռանում էին, որ խաղամակարդակի բարձրացումը Մինասյանի աշխատանքի արդյունքն էր նաեւ: Այո, թիմում կային Հովսեփյան, Բերեզովսկի, Մխիթարյան, Մովսիսյան, Ղազարյան, Մարկոս, սակայն առանց հմուտ նավապետի՝ ցանկացած նավ, անկախ լավ նավաստիներից, չի կարող լավ ընթանալ:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլը նախորդից տարբերվում էր նրանով, որ Հայաստանն այլեւս անակնկալ չէր իր մրցակիցների համար, մեզ հետ խաղերին բոլորն էլ լավագույնս էին պատրաստվում, բայց եղան արտագնա հաղթանակներ Դանիայի (4-0), Չեխիայի (2-1) հետ խաղերում, 2-2՝ Իտալիայի հետ: Մինասյանի օրոք մեր ազգայինը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում նախ հայտնվեց 41-րդ տեղում, իսկ այս ամիս նոր ռեկորդ սահմանեց՝ 38-րդ տեղ:         

Թող չթվա, թե Մինասյանը սխալներ չի ունեցել. դրանք եղել են առանձին խաղերում, մասնավորապես՝ տակտիկական բնույթի, որոնք թիմին թանկ են արժեցել: Բայց ներկա հավաքականի գլխավոր խնդիրը կադրերի պակասն է, փոխարինողների նստարանին չկան Ռոմանին, Հենոյին, Յուրային, Արասին 100 տոկոսով փոխարինողներ: Հիմնական կազմի մեկ-երկու խաղացողի բացակայությունն արդեն մտահոգության տեղիք է տալիս: Մեկնարկային եւ պահեստային կազմերի անհավասարազոր լինելը շատ ավելի խորքային խնդիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, եւ դա մեր ֆուտբոլի ցավոտ կողմերից մեկն է տարիներ շարունակ:

Հավաքականի մարզչի գլխավոր խնդիրը, ինչպես կասեր նախկին մարզիչ Միխայ Ստոյկիցան, ֆուտբոլիստներին հոգեբանորեն պատրաստելն է, քանզի նրանք իրենց ակումբներից տարբեր մարզավիճակներով են ներկայանում հավաքական, եւ մարզչական շտաբը չի կարող, օրինակ, ֆիզիկապես ոչ այնքան լավ վիճակում գտնվող ֆուտբոլիստին երկու-երեք օրում ցանկալի մարզավիճակի բերել: Մարզչի հիմնական խնդիրներից մեկն էլ համապատասխան տակտիկա մշակելն է: Մինասյանն այս խնդիրները ընդհանուր առմամբ հաջող է կատարել. հիշենք չեխերի եւ բուլղարների հետ վերջին խաղերը, երբ մերոնք խաղավարտին հաղթանակ կորզեցին: Սա հաղթողի հոգեբանության մասին է խոսում:

Մինասյանի օրոք մեր թիմը 2009-2013 թթ. անցկացրել է 39 խաղ, որոնցից 14-ում հաղթել է, 4-ում՝ ոչ-ոքի խաղացել, 21-ում՝ պարտվել: Մեր թիմը այդ ընթացքում խփել է 56 գոլ, բաց թողել՝ 58-ը:

Իսկ ո՞վ կարող է փոխարինել Մինասյանին, որն, ըստ լուրերի, կարիերան շարունակելու է Գերմանիայում: Միանգամից ասենք, որ Հայաստանում այսօր, որքան էլ ցավալի է, չկա Մինասյանի մակարդակի մարզիչ: Սա կարող է մի փոքր վիրավորական հնչել մյուսների համար, բայց փաստ է: Մեծ առաջընթաց է գրանցել «Արարատի» մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որն արդեն ստանձնել է 21 տարեկանների թիմի ղեկը: Արարատցիների ու 19 տարեկանների օրինակով տեսնում ենք Խաշմանյանի աշխատանքի դրական արդյունքները:

Օրերս լուրեր տարածվեցին, թե Մինասյանին փոխարինելու է երիտասարդականի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը, ինչը ՀՖՖ-ն հերքեց: Այդուհանդերձ, սա վատագույն տարբերակն է, որ կարող է իրականանալ: Չնայած նախորդ շրջափուլում Նազարյանի հավաքականը լավ արդյունք էր գրանցել, այս անգամ, երբ չկային այլեւս Կամո Հովհաննիսյանը, Էդգար Մալաքյանը, Վարազդատ Հարոյանը եւ մյուսները, թիմը բավականին անհաջող է գործում: Նազարյանը չափից շատ է շեշտը դնում իր ակումբի՝ «Փյունիկի» սաների վրա, բայց դրանից ոչ մի օգուտ չկա: Եթե Մինասյանի պարագայում 2-3 տարում աճ է նկատվել, ապա Նազարյանը կարծես դոփում է տեղում: Նման մարզիչը չի կարող օգուտ տալ ազգայինին:

Փաստ է, որ Հայաստանում այսօր դեռեւս չկա նման մարզիչ: Մնում է հրավիրել բարձրակարգ մասնագետի, իսկական պրոֆեսիոնալի, որը Հենկ Վիսմանի ու Բեռնար Կազոնիի նման ֆուտբոլային տուրիստ չի լինի, տարվա գերակշիռ մասը կանցկացնի Հայաստանում ու կհետեւի Հայաստանի առաջնությանը, դրսում խաղացող տղաներին, կփնտրի հայկական արմատներով նոր կադրեր, ինչում նրան պիտի օգնեն հայ մասնագետները, որոնք տեւական ժամանակ կատարում են այդ գործը: Այս ամենի համար, անշուշտ, ժամանակ է պետք, քանի որ կա թիմը ճանաչելու, լավ ու վատ կողմերը լավագույնս ուսումնասիրելու, ճիշտ եզրահանգումներ անելու խնդիր: Նոր մարզիչը պետք է շարունակական շփման մեջ լինի տեղի ակումբների մարզիչների հետ՝ վերջիններիս՝ հավաքականում խաղացող եւ պոտենցիալ ունեցող սաների վերաբերյալ մշտական ինֆորմացիա ստանալու համար: Մարզչի համար Հայաստանում գտնվելը կօգնի նրան ավելի արագ ընկալել հայկական մենթալիտետի նրբությունները եւ վայրկյան առաջ մարել այն կայծերը, որոնք կարող են բռնկվել ներքին խոհանոցում: Ի վերջո, նա ՀՖՖ ղեկավարից պետք է պահանջի անկաշկանդ գործելու երաշխիք եւ ի պատասխան՝ երաշխավորի լավ խաղ ու արդյունքներ:

Հ.Գ. Կարծում ենք՝ Վարդան Մինասյանը գլխավոր մարզչի պաշտոնում դեռ կվերադառնա հավաքական՝ արդեն ավելի մեծ փորձով: Մինասյանը եվրոպական ասպարեզում է'լ ավելի թրծվելու եւ հաջողության հասնելու լավ նախադրյալներ ունի, ինչը ապագայում պետք կգա Հայաստանի ազգային ընտրանուն:          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter