Խորհրդակցություն մարզպետների հետ. փոխվարչապետն անթույլատրելի է համարել համայնքներում աշխատավարձերի պարտքերի կուտակումը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մարզպետները նախարարին զեկուցել են հողօգտագործողներին աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքի մասին: Ըստ այդմ՝ արդեն բաշխվել է նախատեսված պարարտանյութի հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը: Ընթացքում են նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման եւ դրա դիմաց գումարների հավաքագրման աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Գյուղատնտեսության նախարարությանը:
Խորհրդակցությանը եւս մեկ անգամ քննարկվել են 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների, ինչպես նաեւ 2014թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` համայնքային ենթակայության հիմնարկների համար անհրաժեշտ միջոցների նախատեսման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշել է, որ հաշվարկները պետք է կատարվեն այնպես, որպեսզի աշխատավարձերի գծով պարտքերի կուտակման ռիսկ չառաջանա:
Ա. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ աշխատավարձերի պարտքեր ունեցող համայնքների խնդրին: Աշխատավարձի պարտքեր են կուտակվել Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է աշխատել պարտք ունեցող համայնքների ղեկավարների հետ` անթույլատրելի համարելով ընթացիկ պարտքերի կուտակումը:
Քննարկվել են նաեւ կառավարության ս.թ. սեպտեմբերի 19-ի N 1105 որոշման իրականացման հետ կապված հարցեր: Որոշմամբ մարզերին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 500 մլն դրամ` հրատապ խնդիրների լուծման եւ համայնքային նշանակության ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Ըստ մարզպետների՝ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, կատարողականը կազմում է 94 տոկոս:
Խորհրդակցությանը տեղեկություններ են ներկայացվել նաեւ Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների համագործակցության ծրագրերի կատարման մասին:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորել է ակտիվորեն աշխատել ԼՂՀ-ի գործընկեր շրջանների հետ եւ իրականացնել նախանշված բոլոր աշխատանքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել