«ԱրմենՏել» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամի չափով
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է «ԱրմենՏել» ընկերության հանդեպ տուգանք կիրառել 20 մլն դրամի չափով:
Ինչպես նշված է ՏՄՊՊՀ տարածած մամլո հաղորդագրության մեջ, «Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ և ներկայացրել է բողոք՝ մրցակից ընկերության՝ «ԱրմենՏելի» դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը»ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին մեկնարկել է նոր սակագնային փաթեթ՝ «Պարզից Պարզ» անվանմամբ, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարել ՀՀ բոլոր ցանցեր նույն սակագնով: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ այն իր՝ «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է և տեղեկացրել է, որ այդ անվանումը դեռևս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:
Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության՝ «ԱրմենՏելի» կողմից գործարկված «Պարզից Պարզ» սակագնային փաթեթը ունի նույն սկզբունքները և առաջացնում է շփոթություն իրենց ընկերության «Պարզ» անվանումով սպասարկման նշանի հետ:
«Օրանժ Արմենիան» մեղադրում է«ԱրմենՏելին» նաև անբարեխիղճ գովազդ իրականացնելու մեջ: Ընկերությունը նաև հայտնել է, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ. դրանք ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք համարվում են «պայքարում պարտված»: Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության, «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է կամ կարող է վնաս պատճառել իրենց համբավին և գործարար վարկանիշին:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը Հանձնաժողովից խնդրել է «ԱրմենՏելի» նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել և պարտադրել, որպեսզի վերջինը վերացնի վերոնշյալ խախտումները:
ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում հաստատվել է «ԱրմենՏելի» կողմից օրենքի խախտման փաստը: «Օրանժ Արմենիա» ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՏՄՊՊՀ-ը պարզաբանումներ է պահանջել «ԱրմենՏելից»: Սակայն խնդրի առնչությամբ՝ ընկերությունը որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել:
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏելի» կողմից օրենքի խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինը ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել