HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի համաժողովի պատմություն

Հայաստանի Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհուրդը և ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը հոկտեմբերի 24-ից 25-ը կազմակերպել էին «Ցածր ածխածնային զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով վերականգնվող և մաքուր էներգիայի 5-րդ միջազգային համաժողովը: Հինգերորդ համաժողովը հովանավորվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայա­ստա­նյան գրասենյակի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ԱՄՆ պետ­քարտուղա­րության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից:

Այս համաժողովի մասին մամուլի հաղորդագրությունն ու օրակարգը ուղարկել էին նաև «Հետքին», և քանի որ օրակարգում բնապահպանությանը և հէկերին վերաբերող զեկուցումներ կային, որոշեցի այդ մասին մասնակցել:

Նախ` չգիտես ինչու համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, զուգահեռ ընթանում էր անգլերեն թարգմանություն, չնայած մասնակիցների մեծ մասը հայախոս էր:

Ինչպես միշտ, ցուցադրական բացման արարողությանը, որտեղ միշտ ամեն ինչ առավելագույն ճոխությամբ է ներկայացվում, լրագրողները ներկա են լինում: Սա հասկացա, երբ պատահաբար հեռուստատեսությամբ համաժողովի մասին ռեպորտաժը տեսա: Տարօրինակ թվաց, որ ես էլ էի ներկա այդ համաժողովին առաջին օրը: Ինձ հետաքրքրող զեկուցումները օրակարգում նշված ժամին չներկայացվեին: Պարզվեց՝ օրակարգից «հետ ու առաջ էին ընկել», մասնակիցները փոփոխություններ էին կատարել, և այդ ժամին այլ զեկուցում էր: Առաջին օրը մի կերպ անցավ:

Այսօր` ժամը 11:30-ին, ըստ օրակարգի՝ հէկերին վերաբերող մի քանի զեկուցումներ էին նախատեսված: Այդ ժամին մոտեցա առաջին սրահին, որտեղ դեռ պարզ չէր, թե ով է զեկուցելու: Մոտեցա կազմակերպիչ Սուրենին, ով նաև վարում էր համաժողովը, փորձեցի ճշտել, թե որտեղ են տվյալ ժամի զեկուցողները, մասնավորապես՝ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Գ. Մովսեսյանը, ով պետք է Արփա գետի վրա փոքր հէկերի ազդեցության վերաբերյալ զեկուցմամբ հանդես գար: Պարզվեց՝ Սուրենն էլ չգիտի, թե ով է նա կամ որտեղ և երբ է ելույթ ունենալու: «Դուք ճանաչո՞ւմ եք իրեն»,- դիմեց ինձ: Ասացի` ոչ, բայց ուզում եմ լսել նրա զեկուցումը: Առաջարկեց տարածքում հարցնել և գտնել, քանի որ ինքն էլ չգիտի` ուր է պրն Մովսեսյանը, զեկուցումն արդեն եղե՞լ է, թե՞ դեռ նոր պիտի լինի, գուցե անցել է, քանի որ զեկուցումները «հետ ու առաջ են գցում»:

Այդ ընթացքում Սուրենը դահլիճում գտնվողներին խնդրեց ձեռք բարձրացնել՝ ճշտելու համար, թե ովքեր են պատրաստվում ելույթ ունենալ: Գրեթե դատարկ դահլիճում երեք ձեռք բարձրացավ, բայց նրանցից ոչ մեկը Գ. Մովսեսյանը չէր: Հետո Սուրենն ինձ առաջարկեց գնալ հարևան սենյակ, որտեղ զուգահեռաբար ներկայացվում էին համաժողովի մյուս մասնակիցների զեկուցումները:

Հաջորդ սենյակում էլ այդ ժամի համար նախատեսված զեկուցումը չէր, այլ արևային էներգիային վերաբերող մեկ այլ զեկուցում, չնայած օրակարգով նախատեսված էր «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ինեսա Գաբայանի զեկուցումը:

Այնուամենայնիվ, որոշեցի այդ սենյակում նստել և սպասել ինձ հետաքրքրող զեկուցողներին: Մի քանի զեկուցում լսելուց հետո, ի վերջո, տիկին Գաբայանի հերթը հասավ: Օրակարգի համաձայն` նրան պիտի հաջորդեր ամուսինը` Գրիգոր Գաբայանը, բայց պարզվեց, որ նա հանրապետությունում չէ, եւ նրա զեկուցումն էլ տիկին Գաբայանը ներկայացրեց:

Մոտեցավ ճաշի ժամը: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ ճակատագիր ունեցավ ԲՆ-ի ներկայացուցչի զեկուցումը: Կրկին մոտեցա կազմակերպիչներին և դռան մոտ մասնակիցներին գրանցող կնոջը` խնդրելով պարզել՝ ԲՆ ներկայացուցիչը եկե՞լ է, գրանցվե՞լ է այսօր, ե՞րբ է ելույթ ունենալու կամ ելույթ ունենալո՞ւ է ընդհանրապես, թե՞ ոչ: Գրանցամատյանում նրա անունը չգտան, ասացին` չի եկել:

Սուրենն ինձ հրավիրեց ճաշի: Ասացի` ես ճաշի չեմ եկել, եկել եմ տվյալ թեմայով զեկուցումները լսելու, մասնավորապես՝ պրն Մովսիսյանի ելույթը: Եվ քանի որ կազմակերպիչն ու համաժողովը վարողն ինքն է, պետք է որ իմանա, թե ով երբ է ելույթ ունենում: Եվ նորից նա ինձ առաջարկեց, որ ինքս զանգեմ ու գտնեմ պրն Մովսիսյանին: Իսկ այդ ընթացքում կազմակերպիչները թեժ քննարկումներ են վարում երեկոյան նախատեսված բանկետի մասին` ով է ներկա լինելու, գրանցվել են արդյոք, թե ոչ: 

Սուրենն ասաց, որ այդ «անհարթությունները» բնական են, քանի որ համաժողովի զեկուցողները կամավորական հիմունքներով են մասնակցում: «Համաժողովն էլ է կամավորական հիմունքներո՞վ, թե՞, այնուամենայնիվ, որոշակի գումար է ծախսվել»,- հարցրեցի ես: Չժխտեց, որ ծախսվել է: 

Ճաշից հետո տարբեր մարդկանց հարցրի, թե ով կարող է լինել պրն Մովսեսյանը և երբ է նա ելույթ ունենալու: Հիշեցնեմ՝ նրա ելույթը 11:30-ին էր նախատեսված առաջին դահլիճում, իսկ ճաշն ավարտվեց 14:00-ին, և դեռ հայտնի չէր պրն Մովսեսյանի գտնվելու վայրը:

Ի վերջո, Սուրենը մոտեցավ և ցույց տվեց, թե ով է պրն Մովսիսյանը: Բայց թե երբ է նա ելույթ ունենալու, տակավին հայտնի չէ: Մոտեցա պրն Մովսեսյանին, հարցրի. «Ե՞րբ եք ելույթ ունենալու, առավոտվանից ձեր ելույթին եմ սպասում»: «Մենք էլ ենք սպասում»,- եղավ պատասխանը: Ի վերջո, պրն Մովսեսյանը ժամը 15-ի սահմաններում կարողացավ ելույթ ունենալ, ես էլ լսեցի նրա ելույթը:

12:10-ին նախատեսված էր նաև մեկ այլ զեկուցում, որին նույնպես պլանավորել էի ներկա լինել, բայց այդ զեկուցումն էլ տեղի ունեցավ ճաշից հետո` ժամը 16:00-ի սահմաններում: Ներկա գտնվող բոլոր զեկուցողները, ինչպես նկատեցի, ջանում էին իրենց հերթն առաջ գցել, որովհետև արդեն շատ էին հետ ընկել օրակարգից: Իսկ Սուրենը զբաղված էր երեկոյան բանկետի հարցերը կարգավորելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter