
«Հայ եկեղեցին իր ոչ մի զավակին, նույնիսկ իրեն հայհոյող զավակին չի վտարել և չի վտարում»
«Հետքի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
-Սրբազան, Դուք միշտ ասել եք, որ պետությունը պիտի ծառայի ժողովրդին, իշխանությունները եւս կոչված են ծառայելու ժողովրդին, իսկ եկեղեցի՞ն…
-Եկեղեցի ասելով` նկատի ունեք եկեղեցականությա՞նը…
-Այո:
-Իսկ Դուք գիտեք պատմական որեւիցե մի հանգրվան, երբ եկեղեցականությունը ուրիշին է ծառայել` ժողովրդից բացի: Եկեղեցականությունն այն խավն է եղել, որ միշտ ծառայել է ժողովրդին եւ միայն ժողովրդին, եւ ընդ որում` միայն հայ ժողովրդին: Օտարի երբեք չի ծառայել՝ ի տարբերություն ձեր իմացած մյուս բոլոր խավերի, որոնք շա՜տ հեշտությամբ տրվել են ու մտել են ծառայության օտարների մոտ:
-Ու՞մ նկատի ունեք, Սրբազան, ասելով` «մյուս բոլոր խավերը»:
-Կուսակցություններին… եւ այլն եւ այլն: Իսկ եկեղեցականությունը միշտ ծառայել է եւ ծառայում է հայ ժողովրդին: Եթե չծառայի, իր գոյությունն անիմաստ է: Իր գոյությունն արդեն ծառայության մեջ է:
-Այդ դեպքում, իրավունք ունի՞ ժողովրդի զավակը քննադատություն հնչեցնելու իր հովվապետի հասցեին, այսպես ասած՝ իրեն ծառայողի հասցեին:
-Անշուշտ, կարող է, միայն չափի մեջ: Եթե ինքը մտածում է, որ հովվապետը սխալ ուղղությամբ է տանում հոտը, թող ուրեմն իր կարծիքը հնչեցնի՝ ասելով, թե` հովվապետ, կարծում եմ, որ դու սխալ ուղղությամբ ես տանում հոտը: Բայց անպատվել, վիրավորել, առավել եւս ավելի խելացի կարծել իրեն, քան հովվապետը, ոչ մեկին տրված չի:
-Միթե անսխալական է հովվապետը, Սրբազան:
-Հովվապետն անսխալական է Աստծով: Ինքն իրենով գուցե ձեզանից էլ ավելի սխալական է, բայց Աստծով ինքը դառնում է անսխալական: Հիմա սա ոնց բացատրես մեկին, որ Աստծուն չի հավատում:
-Նկատի ունեք աթեիստների՞ն:
-Նկատի ունեմ նրանց, ովքեր Աստծուն չեն հավատում: Եվ հետո, ինչով եք վստահ, որ Դուք կամ ցանկացած մեկն ավելի անսխալական է, քան հովվապետը, այդ ի՞նչ չափով եք չափում:
-Սրբազան, փաստորեն ստացվում է, որ «անառակ որդիներն» այլեւս չե՞ն ներվելու:
-Սխալ հարցադրում եք անում: Ուրեմն հայրը ներեց անառակ որդուն, երբ անառակ որդին զղջաց եւ վերադարձավ: Մենք, պիտի ասեմ, որ հաճախ ներում ենք նաեւ, երբ չի զղջում, չի էլ վերադառնում:
-Այդ դեպքում ինչու նման խիստ բնորոշումների արժանացրեցիք Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին: Չէ որ Դուք հենց նոր նշեցիք, որ Հայ առաքելական եկեղեցին ներում է նաեւ նրան, ով չի զղջում եւ չի վերադառնում:
-Դուք լսե՞լ եք, արդյոք, որեւէ հայ հոգեւորականից ռեւանշիստական կոչեր: Թե հիմա էլ մեր հերթն է, հիմա էլ մենք ենք աթեիստներին գնդակահարելու, Ցեկայի շենքը քանդելու ենք, տեղը եկեղեցի ենք կառուցելու եւ բոլոր կոմունիստներին գնդակահարելու ենք կամ աքսորելու ենք Ալթայի երկրամաս: Երբեւիցե, որեւիցե հոգեւորականից ռեւանշիստական կոչ կամ ռեւանշիստական որեւէ արարք տեսե՞լ կամ լսե՞լ եք: Դուք կարողացեք տեսնել ամբողջ համայնապատկերը: Հայ եկեղեցին իր ոչ մի զավակին, նույնիսկ իրեն հայհոյող զավակին չի վտարել եւ չի վտարում: Այլ ընդհակառակն, ասում է` անդրադարձիր, համեցիր, վերադարձիր:
-Այդ դեպքում ինչու պարոն Նիկոլայ Ծատուրյանը չհրավիրվեց Վեհափառի մոտ:
-Վստահ եղեք, որ պարոն Ծատուրյանը ներողություն խնդրելու բոլոր շանսերն ուներ եւ ունի: Եվ եթե ինքը ներողություն խնդրեր ու հիմա էլ խնդրի, Վեհափառն, անշուշտ, կների իրեն: Որքանով որ ես տեղյակ եմ, սա ամբողջական տեղեկությունը չէ, որովհետեւ ես Վեհափառի հետ այս հարցով ոչ հանդիպել եմ, ոչ խոսել եմ, պարզապես, որքանով որ ես եմ տեղյակ, Վեհափառն այդ ցանկությունն ունեցել է՝ Ծատուրյանին իր մոտ հրավիրելու եւ հարցնելու, թե ինչ է պատահել: Բայց թե ինչպես պիտի պարոն Ծատուրյանը գնա եւ նայի Կաթողիկոսի աչքերի մեջ, անգամ հրավիրվելու դեպքում, սա արդեն այլ հարց է: Թեպետ, եթե մարդն ուզում է եւ ցանկություն ունի ներողություն խնդրելու, կարող է դա անել նույն այդ մամուլով, հեռուստատեսությամբ, անգամ հեռախոսազանգով: Վերջ ի վերջո, Ծատուրյանն էնպես թեթեւ խոսքեր չի ասել կաթողիկոսի հասցեին, չէ՞: Մարդս սխալական է, եթե սխալվել ես, ներողություն խնդրելն ամոթ բան չէ, եթե այդպես չլիներ, ուրեմն ներողություն խնդրելն այլեւս անիմաստ է, ներողությունը պիտի վերացնեին: Ես էլ եմ սխալվում եւ ներողություն խնդրում եմ իմ սխալի համար: Ներողություն խնդրելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա, առավել եւս մտավորականի համար, առավել եւս Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջ:
-Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխ եւ Վատիկանի միապետ Հովհաննես Պողոս 2-րդ պապն այցելեց բանտ եւ հանդիպեց իր դեմ մահափորձ իրականացրած ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջայի հետ: Հովհաննես Պողոս 2-րդը ներեց իր վրա կրակած անձին` ասելով. «Ես ներում եմ քեզ ու նրանց»:
-Այո, այդպես էլ եղել է: Բանտարկյալը պապի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Ես հանդիպեցի Քրիստոսին»: Հիմա դա, ըստ ձեզ, ներողություն է, թե ներողություն չէ…Իհարկե, ներողություն է: Գիտեք ինչ, լկտիությունն ավելի ծանր բան է, քան մահափորձը, դուք դա չգիտեի՞ք: Ասում են` լեզվի պատճառած վերքն ավելի դժվար է բուժվում, քան սրի վերքը:
-Սրբազան, ձեր վերջին հարցազրույցում բավական խիստ քննադատության էիք ենթարկել պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այդ հարցազրույցի հրապարակումից հետո հանդես եկավ «Մի զատիր, որ չզատվես» հրապարակախոսական հոդվածով: Ինչ կասեք այս մասին:
-Ես 14 տարի է` ղեկավարում եմ Շիրակի թեմը: Սա այն տարածաշրջանն է, որտեղ մարդուն կամ ընդունում եւ սիրում են, կամ չեն ընդունում՝ հատկապես գյումրեցիները: Սա դուք ինձնից էլ լավ գիտեք: Ինձ սիրում, հարգում, վստահում են հենց նրա համար, որ ես ծառայում եմ իմ ժողովրդին, ես իմ անձի համար չեմ ծառայում: Իմ անձին ծառայելու ուրիշ ասպարեզներ կարող էի ունենալ, ուրիշ առավել բարվոք, սակայն ընտրել եմ այս ասպարեզը: Կան մարդիկ, որոնց դուր չի գալիս այն հեղինակությունը, որ ունի թեմի առաջնորդը: Կամ խանդում են այդ հեղինակությանը կամ էլ ենթադրում են, որ իրենք ավելի մեծ հեղինակություն են, քան թեմի առաջնորդը: Ուրեմն ինձ հարգող եւ սիրող անձնավորությունը թիկունքից չէր հարվածի: Նվազագույն պարկեշտությունը պահանջում է, որ եթե մի կարծիքի հետ համաձայն չես, նախ էդ մարդու հետ հանդիպես, էդ կարծիքը քննարկես եւ հետո, երբ 100 տոկոսով համոզված կլինես, որ դու ավելի ճիշտ ես, քան ինքը, նոր դրանից հետո ասպարեզ իջնես, այն էլ` կոռեկտության եւ պարկեշտության սահմաններում: Լեւոն Բարսեղյանը պիտի իր անհավասարակշիռ արտահայտությունները մի քիչ չափավորեր եւ հավասարակշռեր:
Իր հոդվածից այն տպավորությունն էր, որ պարոն Ծատուրյանի խոսքերից հետո Կաթողիկոսը պիտի գար, նստեր Ծատուրյանի դռան առաջ ու ասեր. «Տղաս, ինչ է պատահել, ես քո ծառան էլ եմ»: Եվ գրում է հոդվածը Կաթողիկոսին պարոն Գարեգին կոչելով, ինչի իրավունքը չունի Լեւոն Բարսեղյանը, ի դեպ, նման ձեւով՝ պարոն Աջապահյան կոչելով ինձ: Եվ այդ նույն Լեւոն Բարսեղյանի կողմից անվանարկված մեկ այլ հոգեւորական, հանձինս ինձ, զանգահարում է նրան, որ իմանա, թե ինչ է պատահել, զանգում եմ իր բջջային հեռախոսին եւ պատասխան չեմ ստանում: Սա նույն դռան առաջ նստելու նման մի բան էր իմ կողմից, քայլ, որ պարոն Բարսեղյանն ակնկալում էր Կաթողիկոսից: Արվում է այդ քայլը, բայց մնում է անպատասխան: Գուցե ես զանգել էի ու ցանկանում էի ներողություն խնդրել: Միգուցե զղջացել էի, անդրադարձել էի, բա զանգում էի, եկել էի դուռդ, ինչպես որ ինքն էր պահանջում Կաթողիկոսից, որ գար Ծատուրյանի դուռը: Դե ուրեմն հարկ է, որ Լեւոն Բարսեղյանն իր պահանջմունքները նույն նժարի վրա պահի:
-Դա նշանակում է, որ կայուն չեն չափանիշնե՞րը եւ պահանջնե՞րը:
-Այո, ասվում է այլ բան, արվում է այլ բան: Ես զանգելով եկել էի դուռդ, բա չպատասխանե՞ս, որ իմանաս, գուցե ներողություն խնդրելու համար եմ զանգել: Բայց հիմա արդեն այդ արարքից հետո հո ներողություն չեմ խնդրելու: Այլեւս իր խնդիրն է ներողություն խնդրելը, մանավանդ, որ իր երկրորդ անդրադարձի մեջ ինձ մեղադրում է ստախոսության մեջ: Մի քիչ չափը չանցա՞վ: Եվ եթե ինքը կարծում է, որ որպես աթեիստ ինքը ավագանու անդամ դարձավ աթեիստների քվեներով, չարաչար սխալվում է: Լեւոն Բարսեղյանը ավագանու անդամ է դարձել Առաքելական եկեղեցվո հետեւորդների քվեներով: Եթե նա կարծում է, որ այս ելույթով եկեղեցու հետեւորդները պիտի բաժանվեն ու իրեն միանան, չարաչար սխալվում է: Ես իմ այն մի հարցազույցում ասել եմ, որ Նիկոլայ Ծատուրյանը գործեց բարոյական ինքնասպանություն, նույնը գործեց Լեւոն Բարսեղյանը:
Ես հոգեւոր կամ մարմնական դիկտատոր չեմ, որ ինչ ասեմ` բոլորն անվերապահ ընդունեն: Լեւոնը եկեղեցու նկատմամբ ունեցած իր ժխտողական կեցվածքը ցույց է տվել, եւ ես երբեք դա խնդիր չեմ համարել, ասել եմ` հիմա ինչ անենք, էս տղան էլ էսպես է: Ամենափրկիչ եկեղեցու դիմացի տարածքը եկեղեցուն հանձնելու հարցը ավագանու նիստում քննարկելու ժամանակ միակ մարդը, որ դեմ էր արտահայտվել, Լեւոն Բարսեղյանն է եղել, հետո կարծեմ ձեռնպահ էր քվեարկել: Դրանից հետո անգամ ես Լեւոնին չեմ հարցրել, թե ինչու նման դիրքորոշում ունես եկեղեցու նկատմամբ: Ես հիմա հասկանում եմ, որ պարզապես չպետք է թույլ տալ որոշակի մարդկանց լինել իմ մտերիմների շրջանակում: Ես միշտ համարել եմ, որ Լեւոն Բարսեղյանն այս քաղաքի աղն է, համ է տալիս այս քաղաքին, հիմա պիտի խոստովանեմ, որ «աղն է կերել մատաղը»: Եվ Ավետարանն ասում է. «Երբ աղն անհամանում է, ինչով կարող է համեմվել, ոչնչով, պիտի նետվի եւ ոտքի կոխան պիտի դառնա»:
-Սրբազան, Դուք ասացիք, որ այս տարիներին անբասիր եւ նվիրումով ծառայել եք Հայ առաքելական եկեղեցուն: 14 տարի է` Շիրակի թեմի թեմակալ առաջնորդն եք, սակայն թեմը մոտ մեկ տարի առաջ մասնատվեց: Ի՞նչն էր պատճառը:
-Նախ` մասնատվել ասելը սխալ է: Մեկ հինգերորդն է առանձնացվել, եւ ստեղծվել է Արթիկի թեմը: Այս հարցը ինձ չէ, որ պիտի ուղղեք, այս հարցը պիտի ուղղեք Վեհափառին: Թեմեր ստեղծելը, թեմեր վերաստեղծելը, թեմեր միավորելը կամ առանձնացնելը Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասության մեջ է: Եթե ձեզ իմ բացատրությունը չի բավարարում, հարցրեք Վեհափառին, թե ինչու ստեղծվեց Արթիկի թեմը:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել