HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տակին մնացած մի քանի հոգով գիտություն չի լինում

Ստեփան Գյոզալյան 

Լրացավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 70 տարին: Այն հիմնադրվել է 1943թ՝ Հայրենական մեծ պատերազմի դժնդակ օրերին: Այսօրվա իշխանավորների մտածելակերպով դա կարելի էր համարել անիմաստ, աբսուրդ ու խիստ վնասակար քայլ: Բայց արի ու տես, որ կոմունիստական իշխանությունը՝ ժողովուրդների հոր գլխավորությամբ, հասկացան, որ այլ ելք չկա, որ եթե սեփական գիտություն եւ տեխնոլոգիաներ չունենան՝ երկիրը կդառնա հետամնաց, թույլ եւ ուրիշներին հլու հնազանդ ենթարկվող երկիր: Հասկացան ու գիտելիքահենության կուրս վերցրեցին ու այդ նպատակին հասնելու համար նաեւ Հայաստանում 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի /ԱրմՖԱՆ/ դարձրեցին Հայաստանի գիտությունների ակադեմիա:

Հետագա տասնամյակները ցույց տվեցին, թե որքան արդարացված էր այդ քայլը Խորհրդային միության եւ, մասնավորապես, Հայաստանի համար: Սկսելով զրոյից` Հայաստանում գիտությունը հսկայական առաջընթաց ապրեց: Պայմաններ ստեղծվեցին հայ մարդուն բնորոշ ստեղծագործական ներուժը արդյունավետ օգտագործելու համար: Ստեղծվեցին գիտության տարբեր ուղղվածության գիտահետազոտական ինստիտուտներ, Բուհերում բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ: Սկզբում, իհարկե դժվար էր՝ մասնագետների խիստ կարիք էր զգացվում: Բայց արդեն 50-ականների կեսերից ու 60-ականների սկզբներից գիտության թափանիվը արագություն հավաքեց: Գիտական ճյուղերի զարգացման պրոցեսը՝ տեխնիկական լեզվով ասած, սկսեց կրել հեղեղային բնույթ: Գիտնականները դարձան հասարակության մեջ ամենահեղինակավոր ու հարգված խավը, ինչը երիտասարդ սերնդի մոտ գիտությամբ զբաղվելու  մեծ ձգտում առաջացրեց: Գիտությունը միշտ գտնվում էր պետության ուշադրության կենտրոնում: Հայ գիտնականների կատարած աշխատանքը, տված արդյունքը թե՛ հիմնարար, թե՛ կիրառական ոլորտներում, մեծ ճանաչում բերեց նրանց: Ակադեմիայի, բազմաթիվ այլ գիտական ու գիտա-արտադրական հաստատությունների, զարգացած արդյունաբերության առկայությունը հնարավորություն էր տալիս ապահովել գիտություն-տնտեսություն կապը: Այդ փոխշահավետ համագործակցության շնորհիվ  տեղի էր ունենում երկրի անընդհատ զարգացում: Հայաստանն էլ իրավամբ անվանվում էր ԽՍՀՄ «սիլիկոնային հովիտ»…

Բայց Սովետը քանդվեց… Սկսվեցին դժվար ժամանակներ՝ պատերազմ, մութ, ցուրտ, ուտելիք չկար, բենզին չկար… Բայց, ինչպես ասում են՝ բոլորս մի հալի էինք, ու ըմբռնում կար: Հետո կամաց-կամաց, քայլ առ քայլ սկսեց ամեն ինչ կարգավորվել: Դե համարյա ամեն ինչ… Բացի գիտությունից: Պատերազմի հաղթական ավարտից համարյա 20 տարի է անցել, ու մինչ օրս, բոլոր իշխանությունները գիտության վիճակի համար մտահոգվողներին տարբեր ձեւակերպումներով նույն բանն են ասում՝ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՑԵՔ, փող չկա… Ախր արդեն էլ հեչ չի ըմբռնեցվում, որ Հայաստանում միջին աշխատավարձը 150 հազար դրամ է, իսկ գիտության ոլորտում՝ մոտ 60 հազար: Այս անգամ չեմ ծավալվի փող չլինելու հակառակն ապացուցող օրինակներ բերելով: Հիմա ցանկացած օրվա լրահոս բյուջետային փողերը մսխելու  նոր փաստ է հրամցնում… 

Մեր բոլոր իշխանությունները փիլիսոփայորեն են մոտեցել գիտության հարցին՝ այն ամենը, ինչ ունի սկիզբ, պետք է ունենա նաեւ վերջ: Սկիզբը, աճն ու զարգացումը ապահովողներ եղել են: Սրանք հիմա ամեն կերպ նպաստում են Հայաստանում գիտության վերջը անկասելի դարձնելուն: Հո չե՞ն թողնի, որ փիլիսոփայական սկզբունքը խախտվի… Չեմ կարող չնշել, որ այս ուղղությամբ լավ են աշխատում՝ արդեն գիտության աշխատողների միջին տարիքը մոտենում է 63 տարեկանին՝ ի՛սկը թոշակի ուղարկելու ժամանակը… Փաթեթո՛վ…  70-ամյա Ակադեմիան է մի քիչ խանգարում: Կառավարության ենթակայությանն անցած մոտ 70-80 գիտական հիմնարկները հաջողությամբ վերացվել են (մի քանիսն են մնացել), իսկ Ակադեմիան «հաջողացրել է» համարյա անկորուստ պահել իր ենթակայության տակ եղածները: Ու, ինչպես վկայում են Միավորված ազգերի կազմակերպությունից մինչեւ Անտառամեջ գյուղի գրասենյակի մատյանները, դեռ լավ էլ աշխատում են, տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս, միջազգային ճանաչում ունեն: Բայց ոչինչ, իր կնքահայր ու ավելի «պինդ ընկույզ» ԽՍՀՄ-ը հենց նույն 70-ամյա գոյությունից հետո, փիլիսոփայական սկզբունքին համահունչ՝ վերացավ:  Անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել նվազագույն հնարավոր ֆինանսավորումը, եւ մոտակա մի քանի տարում Հայաստանում գիտությունը եւս  ինքնակվերանա… Լրիվ հաշվարկված է՝ քանի՞ երիտասարդ կգնա դեպի գիտություն 60 հազարանոց հեռանկարն աչքի առաջ ունենալով: Մի քանի… 90-ականների կառավարությունների չափազանց արդյունավետ գործունեության հետեւանքով մնացած այսօրվա միջին սերնդի մի քանի հոգին էլ եղանակ չեն ստեղծի… Մի քանի հոգով գիտություն չի լինում՝ թեկուզ այդ մի քանի հոգին լինեն 2 մի քանի հոգի… Ուռա՜… 

Հիմա մի ավելի վիրավորական փաստի մասին.

Էս կառավարությունը պետության կողմից գիտությանն աջակցության անհրաժեշտության ու, առհասարակ, երկրում գիտության անհրաժեշտության մասին տրտնջացողներին, բողոքողներին, պահանջողներին լրիվ բութի տեղ է դրել: Հայտնի անեկդոտի նման՝ հո դուք անհասկացող չեք, չե՞ք տեսնում, որ ձեր այդքան ասելուց հետո, մեկ ա՝ չենք հասկանում… 

Մի հատ էլ խնդրանք կառավարությանը՝ քիչ լո-լո կարդացեք: Պետության վերաբերմունքը երկրում գիտության հանդեպ որոշվում է ՀՆԱ-ից գիտությանը հատկացվող մասնաբաժնով: Մնացածը լո-լո է… Ո՛չ Ակադեմիայի, ո՛չ էլ ձեր զուլումից պրծած այն մի քանի գիտական հաստատությունների միջազգային մակարդակ ապահովող գիտնականները արտասահմանների մակարդակի աշխատավարձեր չեն պահանջում: Գիտության հետ համերաշխ պետություններում ՀՆԱ-ի 1%-ից պակաս հատկացում չի լինում: Բացի այդ՝ «…Եվրամիությունը կատարել է ուսումնասիրություն ու պարզել, որ եթե երկիրը գիտությանը տրամադրում է իր ՀՆԱ 1 տոկոսից քիչ ֆինանսավորում, ապա նրա գիտությունն իր տնտեսության վրա ազդեցություն ունենալ չի կարող, ժամանակի ընթացքում ինքն էլ (գիտությունը) խամրում է, երկիրը զրկվում է գիտությունից»։  Այնպես, որ եթե ձեր հատկացրած ՀՆԱ-ի 0.26%-ը առնվազն 1% չհասցնեք՝ ձեր ասածները լո-լո էլ չէ, այլ լո-լո-լո են…

Վա՜յ մեզ…. Հրապարակվել է Փոլիսի Ֆորում Արմենիա վերլուծական կենտրոնի զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» խորագրով։ Զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները ծախսերի և եկամուտների մասով գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։  

Եթե այդ 7%-ից 1%-ը տայիք գիտությանը, մնացած 6% կորուստով կկորստվեի՞ք, ա՛յ «տռզած փորեր, անտակ հորեր»… 

Հ.Գ.1. Է՛ս ի՞նչ էր, ձեզ մատաղ՝ ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:   :) 

Հ.Գ.2. Չիմանաք, թե ես կառավարության հետ կապված ամեն բան սեւ գույներով եմ տեսնում: Ես միշտ էլ լավին լավ եմ ասում: Օրինակ՝ Արտֆուդի «Բարի ախորժակ» պահածոն (տնական «ախորժակի» համարժեքն էլի) ԸՆՏԻՐ Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter