Մանեւրներ` վիրտուալ շախմատային տախտակի առջեւ
Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ իշխանությանը ներկայացված պահանջների կատարման համար ժամկետներ սահմանվեցին` մինչեւ ապրիլի 28-ը:
Եվ չնայած վճռական գործողությունների անցնելու մասին նախազգուշացումներին` Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, կրկնեց, որ իշխանության հետ երկխոսության հնարավորություններն իրենք դեռ սպառված չեն համարում:
Իր հերթին իշխող Հանրապետական կուսակցությունն այս ընթացքում բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է երկխոսության: Ավելին, Ազատության հրապարակը երկու անգամ ՀԱԿ-ի առաջ բացելու, մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակելու ակտերը նրանք ներկայացրին իբրեւ այդ պատրաստակամության դրսեւորում: Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմերն էլ երկխոսության մեջ մտնելու ցանկություն են հայտնում, սակայն այն վիրտուալ միջավայրից, հայտարարությունների մակարդակից ոչ մի կերպ իրական դաշտ չի տեղափոխվում: Հարց է առաջանում` ինչու՞:
Ցանկացած կոնֆլիկտ հաղթահարվում կամ հանգուցալուծվում է 4 հիմնական տարբերակներով:
Առաջին` կողմերից մեկը գնում է միակողմանի զիջման ու ընդունում պարտությունը: Ոչ ՀԱԿ-ի, ոչ էլ իշխանության համար նման տարբերակն ընդունելի չէ առհասարակ: Երկրորդ` կողմերը գնում են մրցակցության` դիմացինին միանշանակ հաղթելու տրամադրվածությամբ: Նման իրավիճակ էր 2008-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որը հանգուցալուծվեց մարտիմեկյան ողբերգությամբ: Երկու կողմերն էլ զգուշանում են դրանից:
Երրորդ` կոնֆլիկտը հաղթահարելու համար կողմերն այլ խնդիրների շրջանակներում գործընկերներ դառնալու պատրաստակամություն են հայտնում: Այսինքն` երկուսն էլ առաջադրում են ընդհանուր նպատակ, որտեղ տեսնում են իրենց հավասարակշռված շահերը եւ, ողջ ռեսուրսներն ուղղելով դրան, մոռանում են հակամարտության մասին: Իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ նման օրակարգի ստեղծման հնարավորությունը գործնականում հավասար է զրոյի: Եվ վերջապես չորրորդը` փոխզիջումային լուծման ճանապարհն է, երբ երկու կողմերն էլ հավասարաչափ զիջում են` ձեռք բերելով փոխընդունելի, հարաբերականորեն կայուն ինչ-որ հանգրվան: Երկխոսությունն, ըստ էության, նշանակում է, որ կողմերը հայտարարում են փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին:
Սակայն, երբ չի լինում երրորդ կողմի ճնշումը կամ ազդեցությունը, փոխզիջումը, որպես կանոն, կոնֆլիկտի ընդամենը ժամանակավոր լուծում է դառնում` ավելի շատ ծառայելով որպես ժամանակ շահելու, մանեւրելու, դիրքերն ուժեղացնելու մարտավարություն` մրցակության մեջ մտնելու ու դիմացինին շարքից հանելու համար: Իշխանությունը եւ մասշտաբային ընդդիմադիր ուժը` ՀԱԿ-ը, փաստորեն, առաջնորդվում են հենց այս մարտավարությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կողմից հայտարարում է երկխոսության մասին, մյուս կողմից պնդում, որ այդ երկխոսության արդյունքը պետք է լինի արտահերթ ընտրությունները: Այսինքն` հենց սկզբից առաջադրում է առավելագույն արդյունքի հասնելու նպատակ, որին իշխանությունը սկզբունքորեն դեմ է:
Նույն կերպ իշխանությունը երկխոսության գնալու պատրաստակամություն է հայտնում, բայց պնդում է, որ Ազատության հրապարակը բացում կամ քաղբանտարկյալներին ազատ է արձակում ոչ թե այդ երկխոսության արդյունքում, այլ որովհետեւ դա իր քաղաքական համոզմունքի արդյունք է: Փաստացի թե մեկ, թե մյուս կողմը չեն հրաժարվում իրենց սկզբունքային ու հակադիր ռազմավարական առաջնահերթություններից, ինչը նշանակում է, որ նրանց միջեւ մրցակցությունը շարունակվում է:
ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսվել է մի աննախադեպ «շախմատային» պարտիա, որտեղ բոլոր ֆիգուրների դերը ստանձնել է երկխոսության գաղափարը: Այս պարտիայի ամբողջ իմաստը խաղից առավելագույնս քիչ կորուստներով դուրս գալն ու դիմացինին պատային դրության մեջ գցելն է: Իշխանությունը լավ է հասկանում, որ ոչինչ չանելու ռեսուրսներ չունի, քանի որ ՀԱԿ-ն իր ակտիվացմամբ կարողանում է գեներացնել ու քաղաքական պահանջարկի վերածել սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմանների թելադրանքով առաջացած հասարակական սուր դժգոհությունը, որը ցանկացած պահի կարող է պայթել:
Երկխոսության իմիտացիան նրան անհրաժեշտ է երկու պատճառով. հասարակության մոտ ժամանակ շահելու, երկրորդ` այնպիսի տպավորություն ստեղծելու համար, թե ՀԱԿ-ը գործարքի է գնում իշխանության հետ, այսինքն` տեղի է ունենում օրինացերկրականացման հերթական գործընթացը: Դրանով իշխանությունը ձգտում է վարկաբեկել ՀԱԿ-ին իր համախոհների ու լայն զանգվածների մոտ ու այդպիսով մարգինալացնել նրան:
ՀԱԿ-ում հրաշալի հասկանում են դա ու ձգտում սահմանափակել իշխանության` մանեւրելու հնարավորությունները: Պահանջների կատարման համար ժամկետներ սահմանելը հենց այդ նպատակն ունի: Սակայն, դրան զուգահեռ, ՀԱԿ-ը նաեւ չի շտապում օղակը սեղմել իշխանության վզին, այսինքն` դիմել վճռական գործողությունների: Դա ունի երկու պատճառ: Նախ` Կոնգրեսը դեռեւս չի կարողացել կրիտիկական մասսա հանել փողոց, ինչը պայմանավորված է մի կողմից իշխանության հետ գործարքի մեջ լինելու` առաջացած որոշակի տպավորությամբ, մյուս կողմից` ընդդիմադիր դաշտում այսպես կոչված երրորդ, այլընտրանքային ուժի ձեւավորման` ի հայտ եկած հավակնություններով, որոնք հասարակական որոշակի նոր տրամադրություններ են առաջացրել:
Քննադատության սլաքների մի մասը այդ նախաձեռնությունների դեմ ուղղելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը մատնում է ստեղծված նոր իրադրությունը: Երկրորդ` իշխանության գործելու, հասարակական պահանջներին ընդառաջ քայլեր կատարելու սահմանափակ հնարավորություն թողնելով` ՀԱԿ-ը փորձելու է դրանք ներկայացնել իբրեւ իր ճնշումների արդյունք` այդպիսով ցույց տալով, որ մինչեւ հիմա ընդդիմադիր դաշտում ձեւավորված ամենաարդյունավետ, վստահելի ձեւաչափը ՀԱԿ-ն է:
Իսկ դա պոտենցիալ ընտրազանգված գրավելու ամենակարճ ճանապարհն է: Իսկ որ ՀԱԿ-ը հիմա հակված չէ դիմելու վճռական գործողությունների եւ, գուցե, դրան չգնա նաեւ ապրիլի 28-ին կամ դրանից անմիջապես հետո, վկայում է մարտի 1-ի հանրահավաքում ներկայացրած 15 կետանոց պահանջներից հրաժարվելու ու դրանց փոխարեն ընդամենը երեք հեղհեղուկ պահանջ ներկայացնելու փաստը:
Այլ կերպ ասած` իշխանության եւ ՀԱԿ-ի դիմակայությունը տեղափոխվել է որակապես նոր հարթություն: Իրական պայքարն ընթանում է Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի միջեւ, վիրտուալ շախմատային տախտակի առջեւ: Հենց այս դիմակայությունն էլ կպարզի, թե նրանցից ում նյարդերն են ավելի ամուր, ով է ավելի հեռատես, ավելի ճկուն, ավելի սառնասիրտ ստրատեգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել