Նորօրյա պանիկովսկիները
«Ձու գողացողը ձի էլ կգողանա» հայտնի ասացվածքի համար Գյումրի քաղաքի բնակիչներ Կարուշ Մաթեւոսյանն ու Հովհաննես Կիրակոսյանը մի փոքր այլ կիրառում էին գտել` սկզբում հավ ու հնդկահավ էին գողացել, հետո` գառ: Գողությունն էլ մեկ ամսվա տարբերությամբ կատարել էին նույն մարդու անասնագոմից: Գողացված թռչնեղենի բախտը բերել էր. Կարուշ Մաթեւոսյանի կինը ամուսնու հրահանգով գողոնը ոչ թե մորթել էր, այլ թուխս նստեցրել, իսկ ահա գառը պարզապես կերել էին` Հացիկի բնակիչ Սամվել Մանուկյանին պատճառելով զգալի չափի նյութական վնաս:
22 հազար դրամ գնահատված 2 հնդկահավն ու 3 հազար դրամ արժեքով մեկ հավը Կարուշ Մաթեւոսյանին պատկանող հավանոցում հայտնաբերելուց հետո ոստիկանները թռչուններին վերադարձրել էին տերերին: Իսկ 40 հազար դրամ գնահատված գառան անգամ մորթին հնարավոր չէր եղել հայտնաբերել: Ըստ Կարուշ Մաթեւոսյանի՝ քննիչին տված նախաքննական ցուցմունքի՝ գառը մորթել, ընտանիքով կերել էին, մորթին ու փորոտիքն էլ գցել փողոցի շներին:
Հայտնի ֆիլմի Պանիկովսկու՝ որոշ առումներով հաջողակ հետեւորդը, այս դեպքում՝ Կարուշ Մաթեւոսյանը, նշանավոր հավագողությունը կատարել էր միայնակ: Սակայն նույն մարդկանց գոմը 2-րդ անգամ այցելելու գաղափարը հանգիստ չէր տվել նրան, մանավանդ, որ կողոպտվածները գողացված թռչունների համար ոստիկանություն չէին դիմել: Իրականում ինչու՞ չէին բողոքել Մանուկյանները, երբ 2011 թ. մարտ ամսին հայտնաբերել էին, որ հավանոցից երեք թեւ թռչուն է պակասել: Իրենց վարքը տուժողները բացատրեցին հետեւյալ կերպ. «Մտածեցինք՝ գյուղի տղեքի սիրտը հավի խորոված է ուզել, տարել կերել են,- տուժող Գոհարիկ Մանուկյանը ժպտում է,- դրա համար էլ միլիցիա չդիմեցինք: Ի՞նչ իմանայինք, թե հավի գողը հետո էլ պիտի գար գառ գողանալու»:
Ամբաստանյալներից 1958 թ. ծնված Հովհաննես Կիրակոսյանը բավական հարուստ քրեական անցյալ ունի` 13 դատվածություն տարբեր հանցագործությունների համար, տարբեր պատժաչափերով: 1976 թ. ծնված Կարուշ Մաթեւոսյանը զիջում է ավագ ընկերոջը դատվածության քանակով` ընդամենը 4-ը, բացի այդ՝ հասցրել է ազատության մեջ գտնված ժամանակ ամուսնանալ ու 3 երեխայի հայր դառնալ: Սակայն կա մի բան, որ միավորում է երկուսին էլ: Նրանք վերջին անգամ դատարանի առաջ են կանգնել թմրանյութի ապօրինի պատրաստման եւ օգտագործման մեջ մեղադրվելու համար:
Հունիսի 17-ի դատական նիստում ամբաստանյալներ Կարուշ Մաթեւոսյանից եւ Հովհաննես Կիրակոսյանից տեղեկանալով, որ վերջիններս, ունենալով ֆինանսական խնդիրներ, չեն կարողացել փաստաբան վարձել, նիստը նախագահող դատավոր Մարտին Սարոյանն առաջարկեց պաշտպանության համար ներգրավել հանրային պաշտպանի: Հունիսի 23-ին սույն գործով արդեն իսկ ներգրավված հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը դատարանին միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել: Ամբաստանյալները եւս պնդեցին նույնը` ասելով, որ տեղեկացված են արագացված դատաքննության դեպքում իրենց իրավունքների սահմանափակմանը, այսինքն` վճռի հրապարակումից հետո իրենք զրկվում են այն բողոքարկելու հնարավորությունից: Ամբաստանյալները նաեւ գիտեին, որ պատժաչափը նշանակելիս արագացված դատաքննություն կիրառելու դեպքում տվյալ հոդվածով նախատեսված պատժի 2/3-ն է նշանակվում: Քանի որ մեղադրող կողմն այս առնչությամբ առարկություն չուներ, դատարանը բավարարեց փաստաբան Մամիկոն Մուրադյանի միջնորդությունը:
Դատախազ Արտյոմ Ավետիսյանի՝ հունիսի 23-ի դատական նիստում հրապարակած տեղեկություններից պարզվեց, որ գործով ամբաստանյալ Հովհաննես Կիրակոսյանը երկու դրվագով կատարված գողություններից միայն մեկին է մասնակից եղել, այն էլ` անհաջող: Առաջին գողությունը Մանուկյաններին պատկանող անասնագոմից Կարուշ Մաթեւոսյանը կատարել էր միայնակ: Երկրորդ գողության համար ամբաստանյալ Կ. Մաթեւոսյանն արդեն դիմել էր Հովհաննես Կիրակոսյանին:
2011 թ. ապրիլի 11-ին, նախօրոք օղի խմելով, ժամը 23-ի սահմաններում ամբաստանյալները Գյումրիից տաքսի մեքենայով հասել էին Հացիկ գյուղ: Կեռիկի օգնությամբ բացելով Մանուկյաններին պատկանող գոմի դուռը՝ վերջիններս մուտք էին գործել տարածք: Կարուշ Մաթեւոսյանը, մեկ գառ վերցնելով, դուրս էր եկել ու անմիջապես նստել իրենց սպասող տաքսի մեքենան: Մի քանի րոպե սպասելուց հետո, տեսնելով, որ գործընկերը չի վերադառնում, Կ. Մաթեւոսյանը որոշել է վերադառնալ Գյումրի:
Աղմուկից արթնացած տանտերը, դուրս գալով տանից, նկատել է գոմի բաց դուռը եւ մոտենալով հայտնաբերել Հովհաննես Կիրակոսյանին, ով այդ պահին փորձել է երկրորդ գառի հետ դուրս գալ գոմից: Բայց քանի որ ամբաստանյալը հարբած է եղել եւ ոչ մի կերպ չի կարողացել կենդանուն գրկած դուրս հանել, տուժող Մանուկյանին հաջողվել է նրան կրկին ներս հրել գոմ, դուռը փակել եւ ոստիկանություն կանչել: Հաջորդ օրը երեկոյան արդեն ոստիկաններն այցելել են Մաթեւոսյանների տուն, որտեղ էլ հայտնաբերել են մեկ ամիս առաջ Մանուկյաններից գողացած թռչնեղենը՝ թուխս նստեցրած:
Գողություն կատարած Կարուշ Մաթեւոսյանին առաջադրվել էր մեղադրանք առաջին դրվագով՝ Քր. օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, եւ երկրորդ դրվագով` 177 հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ Հովհաննես Կիրակոսյանին միայն 2-րդ դրվագով` Քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Հուլիսի 12-ին կայացած վիճաբանության փուլում մեղադրող Արտյոմ Ավետիսյանն ասաց, որ գործով ապացուցված է ամբաստանյալների մեղքը, վերջիններս եւս ընդունել են այն ու զղջացել: Տուժող կողմը վնասի վերականգնման համար քաղհայց չի ներկայացրել եւ դիմում է գրել, որ ոչ մի պարտք ու պահանջ չունի, թեպետ վերջինիս վերադարձվել էր միայն Կարուշ Մաթեւոսյանի հավանոցում հայտնաբերված 2 հնդկահավն ու մեկ հավը:
Մեղադրող Ա. Ավետիսյանը միջնորդեց Կարուշ Մաթեւոսյանին եւ Հովհաննես Կիրակոսյանին դատապարտել ազատազրկման յուրաքանչյուրին 3 տարի 3 ամիս ժամանակով: Ամբաստանյալների փաստաբան Մամիկոն Մուրադյանն իր պաշտպանական խոսքում նշեց, որ համամիտ չէ մեղադրողի միջնորդության հետ, այն համարում է չափազանց խիստ եւ կարծում է, որ իր պաշտպանյալներն արժանի են առավել մեղմ պատժի: Ամբաստանյալներից Կարուշ Մաթեւոսյանը 3 անչափահաս երեխաների հայր է, իսկ 54-ամյա Հովհաննես Կիրակոսյանը, թեեւ առաջացած տարիքին, որոշել է ընտանիք կազմել: «Երկուսն էլ հնարավորություն ունեն ուղղվելու, ու դատարանի մեղմ որոշումը հնարավորություն կտա, որպեսզի ամեն մեկը նորովի իր կյանքը սկսի»,- նկատեց փաստաբանը: Ամբաստանյալներն էլ իրենց վերջին խոսքում ասացին, որ զղջում են կատարածի համար եւ խնդրեցին դատարանից մեղմ վարվել: Փաստաբանն էլ հույս հայտնեց, որ դատարանն իր պաշտպանյալների նկատմամբ կկիրառի համաներում:
Մեկժամյա ընդմիջումից հետո դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց դատավճիռը` բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը եւ Կ. Մաթեւոսյանին եւ Հ. Կիրակոսյանին դատապարտելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամանակով: Նիստի ավարտին դահլիճից հեռացող ամբաստանյալներից Կարուշ Մաթեւոսյանը, ով անընդհատ հուզվում էր ու սրբում արցունքները, դիմեց նիստը նախագահող դատավորին. «Դու հեչ խիղճ չունեի՞ր, պարոն դատավոր, քու մեղքդ հեչ երեխեքիս չտվե՞ց»: «Իսկ դու հեչ չէի՞ր մտածում քո երեխաների մասին, որ գողություն էիր անում,- նկատեց դատավոր Մարտին Սարոյանը,- մենակ 2 թերթ ձեր դատվածությունն էի կարդում: Չէի՞ր մտածում, որ կրկին ես պատժվելու, բա գողություն անելուց առաջ մտածեիր երեխաներիդ մասին»:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Մամիկոն Մուրադյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալների նկատմամբ արդար դատաքննություն չիրականացվեց: Փաստաբանի կարծիքով՝ Կարուշ Մաթեւոսյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի հայտարարած համաներումը լրիվ կիրառելի էր, իսկ Հովհաննես Կիրակոսյանի նկատմամբ ընդհանրապես նախաքննական մարմինն էր ի սկզբանե սխալ դիրքորոշում ցուցաբերել՝ առաջադրելով նույն հոդվածը, ինչ Կ. Մաթեւոսյանի նկատմամբ: Այնինչ Հ. Կիրակոսյանը, որ առաջին դրվագով ընդհանրապես մասնակցություն չէր ունեցել, 2-րդ դրվագով պիտի մեղադրվեր ոչ թե գողության, այլ գողության փորձի մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել