HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար` «Երիտասարդների ներուժը» խորագրով

Ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի ներքո նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ և ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար: Ծրագիրը ներկայացվեց հոկտեմբերի 28-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մերի Լու Փափազյանը, պրոդյուսեր/մոնտաժող Նելսոն Դելամաջիորեն, ռեժիսոր/պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն և անկախ կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլատը:

Ֆիլմերի ցուցաշարի բացումը կկատարվի «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրմամբ, որը մի ուշագրավ ու անհավատալի իրական պատմություն է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի թիվ 318 հիմնական դպրոցի մասին, որն ի հեճուկս տիրող կարծրատիպերի՝ ունի երկրի լավագույն երիտասարդական շախմատի թիմը: Ֆիլմը պատմում է շախմատային թիմի 5 անդամների մասին, ովքեր սովորում են այս քաղաքային դպրոցում, որի սաները հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են, սակայն այս դպրոցն ազգային առաջնություններում իր տարած հաղթանակներով առաջինն է երկրի բոլոր դպրոցների շարքում: Ֆիլմն անդրադարձ է կատարում այն մարտահրավերներն, որ երեխաները դիմակայում են անձնական կյանքում և շախմատի տախտակի առաջ, պատմում է նրանց պարտությունների ցավի ու հաղթանակների բերկրանքի մասին: Հեգնական է, բայց ամենամեծ խոչընդոտը նրանց համար ոչ թե մրցակիցներն են, այլ դպրոցի ֆինանսավորման կրճատումը, որի հետևանքով դադարեցվում են բոլոր տեսակի արտադասարանական պարապմունքները: «Բրուքլինյան ամրոցը» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես շախմատի նկատմամբ սերը բազմապատկում է երեխաների ակնկալիքներն առ այն, թե ինչի է հնարավոր հասնել կյանքում: Եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կարող են անել նաև ցանկացած այլ բան:

Ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևան («Մոսկվա» կինոթատրոն, 28 հոկտեմբերի, սկիզբը՝ 17:00), Գյումրի («Հոկտեմբեր» կինոթատրոն, 31 հոկտեմբերի, սկիզբը՝ 15:00) և Վանաձոր (1 նոյեմբերի, սկիզբը՝ 15:00):

«Երիտասարդների ներուժը» խորագրով այս ցուցաշարի մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնում. ծրագիրն ամբողջությամբ տես՝ այստեղ:

Ֆիլմերից զատ, «Երիտասարդների ներուժը» ծրագրի ներքո Հայաստանի դպրոցականների շրջանում կազմակերպվել է շարադրությունների մրցույթ, որտեղ մասնակիցներին առաջարկվել է պատմել այն ուսուցիչների մասին, ովքեր կարողացել են ոգեշնչել իրենց: Ստացվել է 3200 շարադրություն: Այս նախաձեռնության համահովանավորն է Dasaran.am կայքը: Ցուցաշարի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհրապարակի մրցույթի հաղթողների անունները: 

Միջազգային հռչակ վայելող կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլատը, ռեժիսոր/պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն և երեք անգամ ԷՄՄԻ մրցանակի առաջադրված ռեժիսոր Նելսոն Դելամաջիորեն մի խումբ երիտասարդների համար կանցկացնեն վարպետության դասեր ԹՈՒՄՈ կենտրոնում: Կինոգործիչները կաշխատեն ԹՈՒՄՈ-ի այն սաների հետ, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ծանոթացել են սցենար գրելու, կինո նկարահանելու ու մոնտաժելու հիմնադրույթներին, որպեսզի կարողանան իրենց մտահոգող թեմաներով կարճ ֆիլմեր պատրաստել: 

Հայաստանի շախմատի վարպետներ Լևոն Արոյանը և Գաբրիել Սարգսյանը ֆիլմի պրեմիերայից առաջ շախմատ կխաղան մի խումբ երիտասարդ տղաների ու աղջիկների հետ: Ներկա կլինեն նաև բարձրաստիճան այլ այրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter