Մարոկկոյի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշեց, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։
Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել