HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականների մասին հակադիր կարծիքների լաբիրինթոսում

Իմ՝ Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ-3–ը (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին նվիրված շարքից)  «Հետք»–ում քննարկման տեղիք է տվել, նաև՝ Գևորգ–ը դիմել է ինձ՝ գրելով մասնավորապես հետևյալը՝ Հարգելի՛ Մանե, գիտությունը ֆինանսավորելու պահանջը չափազանց հասկանալի է բոլորի համար: Սակայն թույլ տվեք հետևյալ պարզունակ հարցը տալ Հայոց հարգելի գիտնականներին (առանց հումորի). նրանց փող տանք, որ ի՞նչ անեն։ Չէ՞ որ իրենք են ասում, որ արդեն ծեր են, նախանձ, անբարյացակամ միմյանց և ուրիշների նկատմամբ, նաև անգլերեն ու կարգին ռուսերեն էլ չեն իմանում (տես՝ Ձեր նախորդ հոդվածներում), հետևաբար՝ տեղյակ էլ չեն աշխարհի նորություններին: Ենթադրենք՝ ես գիտության անկեղծ սիրահար եմ և մի քիչ էլ փող ունեմ: Թող մեկը նրանցից հասկանալի ձևով ասի, թե իմ փողն ում տրամադրեմ և կոնկրետ՝ ինչի՞ դիմաց։ Եթե ժողովուրդը Արամոյի կամ Ձախ Հարութի համերգի տոմս է գնում, ապա նրա համար, քանի որ լավ գիտե, թե ինչ պիտի ստանա: Իսկ այդ անհասկանալի, ինքնագոհ ու անմատչելի մարդկանցից ի՜նչ սպասես, բոլորովին էլ պարզ չէ: Վստահ եմ՝ նրանցից որևէ մեկն այս անգամ էլ մեջտեղ պիտի դուրս չգա և չպիտի փորձի ինչ-որ ձևով բանավիճել այս կոնկրետ հարցի շուրջը: Դե ուրեմն, թող նախ իրենք իրենցից նեղանան (տես՝ իմ մեկնաբանությունները նախորդ հոդվածներում)։

Քանի որ ես ուշ նկատեցի Գևորգի կարծիքն ու հարցը՝ ուղղված ինձ, և քանի որ Գևորգն իրոք երբեմն մասնակցում է գիտության հետ կապված խնդիրների քննարկումներին, ընդ որում՝ երբեմն ո՛չ բարի տրամադրվածությամբ :) ես որոշեցի հրապարակավ պատասխանել, մանավանդ որ ինքը միակը չէ, նմանատիպ կարծիքներ էլի են լինում։

Հարգելի՛ Գևորգ, նախ՝ շատ ցավալի է, որ, կարդալով ներկայացված (առայժմ) երեք հարցազրույցները, նմանատիպ եզրահանգման եք եկել: Նաև՝ մի քիչ զարմանալի… գուցե իրականում չե՞ք կարդացել, այլ թեթևակի աչքի եք անցկացրել ու մնացել՝ առաջներում ինչ-որ բանից ձևավորված Ձեր հին կարծիքի՞ն: Այնուամենայնիվ, կփորձեմ պատասխանել Ձեր հարցադրումներին:

Ինչ վերաբերում է իսկական ու ճշմարիտ գիտության` փողի հետ քիչ կապ ունենալու Ձեր պնդմանը, ասեմ, որ գիտնականների ֆինանսավորման ավելացման համար պայքարը միտված է ոչ թե միլիոններ դիզելուն, այլ հանապազօրյա հացի խնդիրը լուծելուն, քանի որ, գիտնականը նույնպես, որքան էլ դա դուր չգա, սնվելու կարիք ունի: Ինքներդ հաշվեք, ո՛չ 35000 դրամ ստացող երիտասարդ գիտնականը, ո՛չ էլ 30 000 ստացող թոշակառու գիտնականը չեն կարող անգամ իրենց հացն ապահովել: Ի վերջո, մեծագույն ամոթ է մեր երկրի համար՝ գիտնականին վճարել նվազագույն աշխատավարձը, երբ բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում գիտնականն ամենաբարձր վարձատրվողներից է: 

Երիտասարդ գիտնականները հեռանում են: Ու գիտե՞ք ինչն է հատաքրքիր. ի տարբերություն, օրինակ, Ձեր հիշատակած շոու բիզնեսի ներկայացուցիչների, որոնք գնում են արտասահման, մոռանում են բեմն ու մեծ մասամբ կատարում՝ ինչ աշխատանք որ կպատահի, մեր գիտնականները օտար երկրներում գրկաբաց են ընդունվում, գնահատվում ու վարձատրվում են՝ հավուր պատշաճի:

Իրոք ցավալի է Ձեր այս միտքը՝ «Ենթադրենք ես գիտության անկեղծ սիրահար եմ և մի քիչ էլ փող ունեմ: Թող մեկը նրանցից հասկանալի ձևով ասի, թե իմ փողն ո՞ւմ տրամադրեմ և կոնկրետ ինչի՞ դիմաց։ Եթե ժողովուրդը Արամոյի կամ ձախ Հարութի համերգի տոմս է գնում, ապա նրա համար, որ լավ գիտե, թե ինչ պիտի ստանա: Իսկ այդ անհասկանալի, ինքնագոհ ու անմատչելի մարդկանցից ի՞նչ սպասես, բոլորովին էլ պարզ չէ»:

Գիտության արդյունքը միանգամից չի լինում: Պարզապես երբ Ձեր ձեռքն եք առնում, օրինակ, Ձեր բջջային հեռախոսը, մտածեք, որ դա մի օրում չի ստեղծվել, այլ տասնյակ տարիների ընթացքում, և որպես հիմք ծառայել են մի քանի տասնյակ հազար գիտական աշխատանքներ: Խելացի մարդիկ ու խելացի պետություններն ամեն տարի, «բորդյուրներ» թարմացնելու և աստղաբաշխական թվերով փչացած բիոզուգարաններ գնելու փոխարեն, գիտության մեջ մեծ ներդրումներ են կատարում: Գիտությունն անպայման, վաղ թե ուշ, վերադարձնում է տասնապատիկը, երբեմն՝ հարյուրապատիկը: Ըստ Ձեր տրամաբանության՝ աստղագիտությունն օրինակ ընդհանրապես պետք չէ ֆինանսավորել, քանի որ Դուք հաստատ չեք տեսնելու արդյունքը: Երևի Վիկտոր Համբարձումյանին ու Բենիամին Մարգարյանին էլ աշխարհը սխալմամբ է մեծություն համարում: Ի՞նչ արած, Դուք Ձեր փողը ծախսեք համերգների վրա: Հաստատ համերգն ավելի տեսանելի է: Բայց մի՛ ասեք, թե պետք չէ գիտությունը ֆինանսավորել միայն այն պարզ պատճառով, որ գիտնականները չեն գալիս Ձեզ մատչելի լեզվով բացատրելու, որ այս համակարգիչը, որից Դուք այժմ օգտվում եք, ու ինտերնետը գիտական մտքի ծնունդներ են։ Եվ տասնյակ տարիներ առաջ ով որ դրել է սրանց հիմքը, նա դժվար թե կարողանար գուշակել, որ իր աշխատանքի վրա հազարավոր կամ տասնյակ հազարավոր աշխատանքներ ավելացնելով ի վերջո այս արդյունքը կունենանք։

Իսկ ո՞ւմ նկատի ունեք վայ-գիտնականներ ասելով: Ցավալի է Ձեր այս անհարգալից խոսքը: Դուք արդարացի՞ եք համարում, որ այսօր Գրիգոր Գուրզադյանի, Միշա Ղազարյանի, կամ Դավիթ Սեդրակյանի, կամ թեկուզ այս շարքի արդեն տպագրված 3 հարցազրույցների նվիրյալների պես մարդիկ կա՛մ պիտի ապրեն 60-70 հազար աշխատավարձով, հետո էլ՝ 30 հազար թոշակով (այսինքն՝ ծայրահեղ աղքատության մեջ), կամ պիտի օգնություն ստանան իրենց զավակներից, որոնք գիտական առումով իրենցից բարձր չեն, այնուամենայնիվ, արտասահմանում աշխատելով, ստանում են ամսական 4-5 հազար եվրո: Եվ ինչո՞վ եք բացատրում այն, որ նույն մարդուն մեր երկրում Ձեր պես արհամարհանքով վայ-գիտնական են ասում, իսկ դրսում վարձատրում ամսական 4-5 հազար եվրո: 

Իսկ Ձեր գրած այս հատվածը լրիվ աբսուրդ է ու չեմ հասկանում, կարդալով շարքը, այդ ինչպես եք եկել նման եզրահանգման՝ «…Նրանց փող տանք, որ ի՞նչ անեն։ Չէ՞ որ իրենք են ասում, որ արդեն ծեր են, նախանձ, անբարյացակամ՝ միմյանց և ուրիշների նկատմամբ, նաև անգլերեն ու կարգին ռուսերեն էլ չեն իմանում (տես՝ Ձեր նախորդ հոդվածներում), հետևաբար՝ տեղյակ էլ չեն աշխարհի նորություններին»:

Նախ՝ ծեր լինելն ամոթ չէ. Դուք էլ եք մի օր ծերանալու, և, հուսամ, Ձեր շրջապատողներն ու հետնորդները կգնահատեն Ձեր կենսափորձն ու վաստակը և ոչ թե արհամարհական արտահայտություններ կշպրտեն: Ինչ վերաբերում է անգլերենի իմացությանը, ապա՝ նրանք մարդիկ են, որ ունեն 100-200 գիտական հոդվածներ, մեծ մասը՝ տպագրված անգլերենով, ներգրավված են բազմաթիվ միջազգային համագործակցություններում և ողջ շփումն ու գրագրությունն իրականացնում են անգլերենով։ Նրանք իրենց աշխատանքները պարբերաբար ներկայացնում են միջազգային գիտաժողովներում և կրկին՝ անգլերեն: Արտասահմանյան համալսարաններում հանդես են գալիս դասախոսություններով` անգլերեն, բնականաբար։ Ինչի՞ մասին եք խոսում: Ինչ վերաբերում է ռուսերենին, ասեմ, որ նրանց մեծ մասը կամ ավարտել է խորհրդային լավագույն համալսարանները, կամ սովորել այդ համալսարանների ասպիրանտուրայում, շատերը նաև հենց ռուսական դպրոցական կրթություն ունեն, կարճ` բոլորը ռուսերենին տիրապետում են կատարելապես: Ուղղակի Դուք մի բան կարդացել եք, բայց առանց խորանալու, թե խոսքն ում և ինչի մասին է, ուրիշ բան հասկանալով մեկնաբանություններ եք տալիս:

Էլ ավելի զարմանալի է Ձեր` «տեղյակ էլ չեն աշխարհի նորություններին» արտահայտությունը։ Յունեսկոյի զեկույցը գիտության վերաբերյալ և բոլոր մնացյալ միջազգային հետազոտությունները փաստում են, որ այսօր Հայաստանի բնագիտության ոլորտի գիտնականները, առաջին հերթին՝ ֆիզիկոսները, առաջին տեղերն են զբաղեցնում աշխարհում իրենց գիտական արդյունքով` հրապարակված աշխարհի առաջատար գիտական ամսագրերում, նաև արդյունքի պահանջվածությամբ` հղումների թվով։ Նրանք ամենաարդիական գիտական հետազոտություններն են կատարում, գիտության առաջին գծի խնդիրների վրա են աշխատում... Այո, հիշե՛նք, այս վիճակում էլ դեռևս կատարում են ու դեռևս առաջին տեղերում են, քանի հոդվածներում ներկայացված նվիրյալները՝ ավագ սերնդի գիտնականները դեռ կան, կենդանի են ու գործում են...

Ուրեմն՝ ասում եք՝ չարժե ֆինանսավորումն ավելացնել գիտության, նորմալ է, որ դատավորներն ստանում են 1 մլն 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ, իսկ գիտնականները՝ 60 հազար, այսինքն՝ նարմալ է, որ 20 անգամ ավել է ստանում դատավորը գիտնականից, իսկ պատգամավորը՝ 4-5 անգամ ավել, դե իսկ երիտասարդ գիտնականներն ստանում են 35 հազար դրամ, տարբերությունը դատավոր-պատգամավորների հետ հաշվել դժվար չէ: Իսկ նրանք Ձեզ բացատրե՞լ են, թե ի՞նչ են անում, ո՞նց են մի դատից աշխատավարձից մի քանի անգամ ավել կաշառք վերցնում, իսկ պատգամավորները՝ լա՞վ են կոճակ սեղմում ու քնում խորհրդարանում։ Ուրեմն՝ չարժե՞ գիտնականներին տալ հանրապետության գոնե միջին աշխատավարձը և ոչ թե նվազագույնը՝ ինչպես այսօր է, քանի որ՝ նրանք նախանձ են, անբարյացակամ միմյանց և ուրիշների նկատմա՞մբ։

Երբ մենք հիշատակում ենք ստեղծագործ աշխատանքներն ու հիշում նրանց հեղինակներին, սովորաբար չենք քննարկում հեղինակների մարդկային գծերը. շատ հաճախ նրանք ունենում են բարդ խառնվածք ու ծանր բնավորություն։ Հիշենք Ուիլյամ Շեքսպիրին. նա թեկուզ համաշխարհային գրականության ամենախոշոր դեմքերից է, սակայն, ժամանակակիցների հավաստիացմամբ, բնավորությամբ շատ վատ մարդ է եղել: Ասում են՝ Նյուտոնը շատ կռվարար էր, Ռոդենն ահավոր նախանձ, Արամ Խաչատրյանն ընդգծված ժլատ էր և այլն... բայց դա չի խանգարել մարդկությանն այսօր վայելելու նրանց ստեղծածները։ Աստղագետ Արեգ Միքայելյանը նման դեպքերում հաճախ մի հետաքրքիր պատմություն է հիշում՝ ասում են, իբր սատանան, ունենալով երեք դուստր և ցանկանալով վատություն անել ամենքին, նրանց անվանում է Փառասիրություն, Շահ և Նախանձ և համապատասխանաբար կնության է տալիս իշխանավորին, առևտրականին և գիտնականին: Փաստորեն հնում էլ է նկատվել, որ գիտնականները (և արվեստագետները) նախանձի դրսևորումներ են ունեցել: Սա բացատրություն ունի՝ հատկապես ստեղծագործական ոլորտներում սուր է մրցակցության ոգին, բացի դրանից, միջակությունները միշտ էլ նախանձում են տաղանդավորներին:

Ամփոփելով՝ հարգելի՛ Գևորգ, առաջարկում եմ թողնել արհամարհական տոնն ու ինձ հետ միասին մեծագույն հարգանքով ու գնահատանքով վերաբերվել մարդկանց, ովքեր առաջընթացի անիվի պտտողն են և ովքեր իրո՛ք արժանի են հարգանքի:

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (12)

Hasmik
տրված մեկնաբանությանն ես կողմնակից եմ , այդ գիտություն ասված հսկացողությունը ինչ է արել ` թէ մեր գյուղատնտեսության , թէ` մեր անասնապահության , թէ` մեր կրթության , իհարկե նկատի ունեմ քիմիայի , կենսաբանության , լեզվի , սեսմիկ ապահովության .................. որ նպաստ կբերի մեր իսկ ժողովրդին , այդ թեզերը և թեկնածուները ֆօֆլօ են
Աննա Գևորգյան
Հարգելի Հասմիկ, Եթե այցելեք այս էջը և ծանոթանաք նյութերին, ապա կարծում եմ, որ մի քիչ կտեղեկանաք հարցերից, ու հնարվոր է, որ Ձեր կարծիքը փոխվի։ Հուսով եմ։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» https://www.facebook.com/science.and.finance Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են ՀՀ կառավարությունից 1. Անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես, մաքսային եւ այլ մարմինների հետ շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների տրամադրում, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։
Մեկը
Հասմիկին. Անգրագետ մարդու անգրագետ գրված խոսք:
Գեւորգ
Շնորհակալություն, հարգելի Մանե! Ինձ մի քիչ նեղացրել եք, բայց ոչինչ! Խնդրում եմ Ձեր նախնական համաձայնությունը (Կամ, հարգելի Է. Բաղդասարյանի) պատասխան հոդվածի համար: Հույս ունեմ՝ հետաքրքիր պիտի լինի:
Сергей
Մի ազգ, որ չկարողացավ գնահատել իր գիտության մշակին, բառի բուն իմաստով դատապարտված է կործանմա՛ն։ Առավել ևս գիտության ու տեխնիկայի զարգացման այսօրվա պայմաններում։ Մի՞թե մենք այնքան ենք կորցրել մեր բանականությունը, որ չենք կարողանում անգամ համեմատություններ բերել ու հասկանալ, թե ինչու ճապոնացի գիտնականը կարողանում է սխրանքներ գործել գիտության ոլորտում, թե ինչու Ամերիկան ահռելի գումարներով տարբեր երկրներից գիտնականներ է հավաքագրում... ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ այն հիմնաքարն է, որի վրա զարգացում է ապրում տվյալ երկիրը։ Հարգելի Գևորգ, գիտե՞ք արդյոք, թե քանի հայ երիտասարդ գիտնական է այսօր իր տաղանդը ներդնում այլ երկրների տնտեսության զարգացման մեջ… Չգիտեք։ Իսկ գիտե՞ք ինչու... Քանի որ, ի տարբերություն մեր վայ-ղեկավարների, այլ երկրներում տեղ են տալիս գիտությանը և ըստ արժանվույն վարձատրում են։ Թող մեր կառավարությունը խոշոր աշխատավարձեր հատկացնի գիտնականին և կտեսնեք, թե կարճ ժամանակում քանի երիտասարդ գիտնական է վերադառնում Հայաստան։ Եվ մեր փորձառու գիտնականներն էլ քիչ գաղափարներ չունեն աշխարհին ներկայացնելու, բայց դրա համար ֆինանսներ են հարկավոր, պայմաններ են հարկավոր, հարգանք ու գուրգուրանք է հարկավոր։ Պատկերացնում եմ, թե այսօր որքան գիտական աշխատանքներ չեն կարողանում կյանքի կոչվել սոսկ ֆինանսավորման պակասի պատճառով։ Այնպես որ, ՏՈՒՐ, ՈՐ ՍՏԱՆԱՍ աքսիոման առավել քան անհրաժեշտ է գիտության ոլորտին։ Եվ չի կարելի գիտնականի մասին խոսել արհամարհանքո՛վ։ Առանց այն էլ քիչ արհամարանք չէ կառավարության արգահատելի վերաբերմունքը նրանց հանդեպ։ Այ, այդ վերաբերմունքն է արժանի պախարակման։
Էդիկ Բաղդասարյան
Գեւորգ, իհարկե կարող եք:
Վահագն
Հետաքրքիր ա, barséghian-ի մեկնաբանությունը որևէ մեկը հաջողացրել ա՞ կարդալ։ Ես չորրորդ բառից ուժասպառ եղա։
Արմեն Արամյան
Վահագն ջան, Չնայած լատինատառ և շատ խրթին հայերենին, barséghian-ի գրածը շատ խելքը գլխին է: Խորհուրդ կտամ հաղթահարել դժվարությունը: :)
Ստեփան
Հանրամատչելի հոդված գիտության անհրաժեշտության մասին. http://www.riasv.ru/entry/44278/ Բայց ռուսերեն է:
Հասմիկ
Սիրելի Մեկը , սիրելի Աննա Գևորգյան ,միգուցե ավելի անգրագետ եմ քան դուք` Մեկը , խորհրդային տարիներին կրթություն ստացած , տեղեկացված գիտական ամսագրերով ժամանակի անցուդարձին նաև խորհրդային տարիների բարձր վարձատրվող գիտնականներին ` իրենց հանգստյան տներով ու անձնական մեքենաներով , ինչու ենք այսօր այսքան աղքատ , ինչու այդ գիտությունը չի ծառայում մեր երկրին , ես չեմ վճարվում ավելին , բայց կատարում եմ աշխատանքը խղճի և պարտքի զգացումով և ամեն անգամ ինձ հարցնում եմ , արդյոք արժանի եմ դրան : Հարգելի գիտնականներ դուք նույնքան անհրաժեշտ գործ եք կատարում ինչքան որ այգեպանը ......սև կատվին` մի փնտրեք , պայմաններ և միջոցներ պահանջեք ձեր գիտական մտքերը ծառայեցնելու մեր երկրին .....
Աննա Գևորգյան
:) Սիրելի Հասմիկ, լավ է, որ հետաքրքրասեր եք և բազմաթիվ հարցեր ու ինչուներ ունեք, պարզ ու վճիտ մանկան պես։ Ուստի կրկնեմ` Ձեր բոլոր հարցերի սպառիչ պատասխանները գտնվում են նշածս էջում։ Համեցեք, ուսումնասիրեք, լրացրեք Ձեր տարրրական գիտելիքների պաշարը, համատարած գրագիտությունը երկիրի զարգացման կարևոր պայմաններից է։ Հ.Գ. Չհասկանալն իհարկե հիվանդություն չէ, բայց նաև փաստարկ չէ, չէ՞ :)
Հասմիկ
Աննա , դուք ընդամենը չարացած գիտաշխատող եք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter