HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

CCBE-ի նախագահի նամակը ՀՀ վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ,

Գրում եմ Ձեզ Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (այսուհետ՝ CCBE) անունից, որը ներկայացնում է 32 անդամ պետությունների փաստաբանների միություններ և իրավական համայնքներ, ինչպես նաև 11 ասոցացված և դիտորդ երկրներ և այդ կառույցների միջոցով ավելի քան 1 միլիոն Եվրոպայի փաստաբանների:

1960 թվականին հիմնադրվելուց ի վեր, CCBE-ն գտնվում է առաջատար դիրքերում այն ոլորտներում, որոնք վերաբերում են Եվրոպայի փաստաբանների տեսակետներն առաջ քաշելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա հիմնված իրավական սկզբունքների պաշտպանության խնդիրներին:

Հայաստանի կառավարության վերջին նախագծերը, որով նախատեսվում է Արդարադատության նախարարությունում ստեղծել փաստաբանների պետական գրանցամատյան, լուրջ մտահոգություններ են առաջացրել CCBE-ի ներսում, ուստի դա է պատճառը, որ գրում եմ Ձեզ:

Կառավարության նախագծերը

CCBE-ի տրամադրության ներքո գտնվող տեղեկությունների համաձայն՝ կառավարության նախագծերն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

  • Փաստաբանները, փաստաբանների օգնականները և հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբաններըպետք է հաշվառվեն փաստաբանների պետական գրանցամատյանում,
  • Գրանցամատյանն էլեկտրոնային փաստաթուղթ է, որը վարելու է Արդարադատության նախարարությունը,
  • Փաստաբանների պալատը Արդարադատության նախարարությանն է տրամադրելու բոլոր այն անհրաժեշտ տվյալները՝ փաստաբանների պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառումը վարելու և համակարգելու համար (Պալատը, այնուամենայնիվ, պատասխանատու է լինելու գրանցամատյանում փաստաբանների հաշվառման, հաշվառումից նրանց հանելու և վերջիններիս վերաբերյալ տվյալների փոփոխման համար),
  • Փաստաբանները, փաստաբանների օգնականները և հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանները պետական գրանցամատյանում մեկ տարի հաշվառվելու համար պետք է վճարեն պետական տուրք (փաստաբանները՝ 60,000 ՀՀ դրամ (շուրջ 110 եվրո), փաստաբանների օգնականները՝ 20,000 ՀՀ դրամ (շուրջ 36 եվրո), և հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանները՝ 100,000 ՀՀ դրամ (շուրջ 180 եվրո)),
  • Փաստաբաններից ստացված պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը:

Մենք հասկանում ենք, որ առաջարկվող փոփոխությունները մաս են կազմում կառավարության կողմից իրականցվող բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող առայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող քաղաքականության:

CCBE-ի մտահոգությունները

Պետական գրանցամատյանը

CCBE-ի համար դժվար է հասկանալ պետական գրանցամատյանի ստեղծման անհրաժեշտությունը: Փաստաբանների պալատն իր պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով արդեն իսկ տրամադրում է փաստաբանների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ՝ արտոնագրի համարը, կոնտակտային տվյալները և մասնագիտացման ոլորտները): Ինչու՞ այդ դեպքում ստեղծել լրացուցիչ գրանցամատյան, հատկապես՝ պետական գրանցամատյան: Ավելին, CCBE-ի համար դժվար է հասկանալ պետական գրանցամատյանի նպատակները: Ինչպե՞ս է պետական գրանցամատյանը բարձրացնելու ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը կամ արագացնելու տեղեկատվության փոխանակումը, մանավանդ որ գրանցամատյանը, որը վարում է Պալատը, արդեն գոյություն ունի: CCBE-ն երախտապարտ կլիներ ավելին իմանալ կառավարության այս մտադրության մասին:

Այնուամենայնիվ, անկախ այս նախնական դիտարկումներից և հարցերից, CCBE-ն գտնում է, որ առաջարկվող պետական գրանցամատյանի ստեղծումը հակասում է փաստաբանների մասնագիտության եվրոպական առանցքային այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են անկախությունը և ինքնակառավարումը: Պետական գրանցամատյանի ստեղծման միայն փաստն անգամ, ինչպես նաև Փաստաբանների պալատից պահանջել Արդարադատության նախարարությանը տրամադրել Պալատում գրանցված փաստաբանների վերաբերյալ տեղեկատվություն, վտանգում է մասնագիտության բուն էությունը, որը պետք է կառավարությունից անկախ լինի:

Մասնագիտության անկախությունը և ինքնակառավարումը ճանաչված է ինչպես Եվրոպայի խորհրդի 2000թ. հոկտեմբերի 25-ի Իրավաբանի մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատության մասին հանձնարարականում, այնպես էլ 1990թ.-ի Իրավաբանների դերին վերաբերող ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում: Բացի այդ, հենց CCBE-ի Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների խարտիան և Եվրոպայի իրավաբանների վարքագծի կանոնագիրքը հավասարապես դասում են անկախությունը և ինքնակառավարումը հիմնարար սկզբունքների շարքում:

CCBE-ի համոզմունքն է, որ ինքնակառավարման ուժեղ տարրն է, որ կարող է երաշխավորել փաստաբանների մասնագիտական անկախությունը պետությունից և որ առանց անկախության երաշխիքի փաստաբանները չեն կարող իրականացնել իրենց մասնագիտական և իրավական առաքելությունը:   

Հետևաբար, CCBE-ն կոչ է անում չստեղծել պետական նման գրանցամատյան և հորդորում, որպեսզի գրանցամատյանի հետ կապված բոլոր խնդիրները մնան Փաստաբանների պալատի կարգավորման շրջանակում:  

Իրավաբանական օգնությունը և դրա ֆինանսավորումը

CCBE-ն ողջունում է իրավաբանական օգնության շրջանակը ընդլայնող կառավարության նախագծերը, քանի որ իրավաբանական օգնությունը արդարադատության մատչելիությունը ապահովելու կարևոր գործիք է և որպես հիմնարար իրավունք ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում (ՄԻԵԿ):

Այնուամենայնիվ, CCBE-ն խստագույնս առարկում է կառավարության նախագծի դեմ, որով պետական գրանցամատյանի (որի ստեղծման հետ CCBE-ն համաձայն չէ, ինչպես որ նշված է վերևում) միջոցով հավաքագրված պետական տուրքի գումարները պետք է օգտագործվեն հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար: Այն հակասում է իրավաբանական օգնությանն առնչվող բոլոր եվրոպական և միջազգային իրավական փաստաթղթերին:

Փաստաբանների պարտականությունը չէ, այլ պետությունների և կառավարությունների պարտականությունն է երաշխավորել, կազմակերպել և ֆինանսավորել նման իրավաբանական օգնության համակարգեր: Այս համատեքստում CCBE-ն կցանկանար հղում կատարել, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի 2000թ. հոկտեմբերի 25-ի Իրավաբանի մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատության մասին հանձնարարականի Սկզբունք IV-ին.Փաստաբանների մատչելիությունը բոլոր անձանց համար («3. Անդամ պետությունների կառավարությունները պետք է ապահովեն, երբ անհրաժեշտ է ապահովել արդարադատության արդյունավետ մատչելիությունը, որ արդյունավետ իրավաբանական ծառայությունները մատչելի լինեն տնտեսապես թույլ դրության մեջ գտնվող անձանց համար, մասնավորապես, ազատազրկված անձանց համար:»), Միացյալ ազգերի կազմակերպության 1990թ.-ի Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին («3. Կառավարություններն ապահովում են բավականաչափ ֆինանսական և այլ միջոցների տրամադրումը չքավորներին և, անհրաժեշտության դեպքում, անբարենպաստ վիճակում գտնվող այլ անձանց իրավաբանական ծառայություններ մատուցելու համար:»), ինչպես նաև ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի կիրառման ուղեցույցին, որը սահմանում է. «Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու, որ այս իրավունքներն երաշխավորված են ինչպես գործնականում, այնպես էլ տեսության մեջ: Այն ենթադրում է, որիրենց համակարգերի տրամադրության տակ՝ արդարադատության իրականացման համար պետք է գտնվեն բավարար ֆինանսական միջոցներ:»

Առաջարկվող հարկումը, որն իրոք աննախադեպ է Եվրոպայում, նույնպես կհանգեցնի փաստաբանների «կրկնակի հարկման»: Ոչ միայն փաստաբանները ստիպված կլինեն հարկեր վճարել, ինչպես ցանկացած այլ քաղաքացի (հարկեր, որոնք մասամբ գնում են պետության իրավաբանական օգնության բյուջե), այլ նրանք նաև ստիպված կլինեն ուղղակիորեն աջակցել իրավաբանական օգնության համակարգին պետական գրանցամատյանի տուրքի միջոցով, որը պետք է ուղղվի հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը: CCBE-ն չի կարող որևէ արդարացում գտնել նման խտրական պրակտիկայի համար: Նման նախագիծը կործանիչ ազդեցություն կունենա մասնագիտության համար, և եթե մեկը հետևեր նման տրամաբանությանը, ապա բժիշկներին անհրաժեշտ կլիներ խնդրել ֆինանսավորել առողջապահության համակարգերը, որնաներևակայելի է ցանկացած եվրոպական պետության համար:

Կառավարության նախագծերի ազդեցությունն երիտասարդ փաստաբանների համար

Վերջապես, CCBE-ն նույնպես այն կարծիքի է, որ նման հարկումը կնշանակի մասնագիտության մատչելիության սահմանափակում, որով կստեղծվի «փաստաբանների ակումբ»-ի մի տեսակ՝ հավաքելով իր մեջ բոլոր հաջողակ դիրք զբաղեցրած անձանց, ովքեր հնարավորություն կունենան վճարել տարեկան այս տուրքը:

Վերը նշված դիտարկումների համաձայն՝ CCBE-ն կոչ է անում այս օրենսդրական նախագիծը շրջանառությունից հանել:

Ցանկության դեպքում, ուրախ կլինեմ շարունակել քննարկել այս դիտարկումները:

Հարգանքներով,

Էվանջելոս Ցուրուլիս

Նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter