
ՌեԱնիմանիա-5. մշակութային կապեր
«2008 թ.-ին Հայաստանում անցկացված «ՌեԱնիմանիա»-1-ին միջազգային անիմացիոն կինոփառատոնին ընդամենը 2 հայկական ֆիլմի հայտ էր ներկայացված: Այս տարի՝ 5-րդ «ՌեԱնիմանիա»-ին դրանց թիվը 13 է, որոնցից 3-ն անցել են մրցութային փուլ: Մեզ համար դա բավականին լավ ցուցանիշ է»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ռեանիմանիա»-ի հիմնադիր Վրեժ Քասունին: Նրա դիտարկմամբ, եթե չլիներ 75-ամյա հայկական անիմացիան, գուցե չլիներ նաև 5 տարվա պատմություն ունեցող «Ռեանիմանիա»-ն:
Ասուլիսին ներկա էին նաև փառատոնի մասնակից մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին մշակութային կապերի միջոցով միջազգային հարաբերությունների բարելավումը:
«Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին ասաց, որ այս փառատոնի միջոցով կարելի է կոտրել այն տարածված կարծրատիպը, թե անիմացիան միայն երեխաների համար է: Ռեժիսոր Մարկ Բորեալը նշեց, որ անիմացիայում տեխնիկական լուծումներից բացի կարևոր է նաև ֆիլմի սցենարային մասը:
Ասուլիսի բանախոսների շարքում էր նաև համաշխարհային անիմացիայի կարկառուն ներկայացուցիչներից ռեժիսոր Ջորջ Շվիցգիբլը:
Վրեժ Քասունու համոզմամբ հայկական անիմացիան որոշակի պոտենցիալ ունի, սակայն այն պետք է զարգացնել, ինչի համար կարևոր է ծանոթանալ և կապ հաստատել ոլորտի արտասահմանյան առաջատար մասնագետների հետ, փորձել գտնել համագործակցության եզրեր:
Հիշեցնենք, որ այս տարվա Ռեանիմանիան կտևի մինչև նոյեմբերի 1-ը:
Լուս.՝ Մարկ Բորեալ, Ֆաբիեն Նեյրա, Տիցիանա Լոսքի, Վրեժ Քասունի, Ջորջ Շվիցգիբլ, Լուկաս Գասսեր, Կոնստանտին Զելենտի:
Մեկնաբանել