HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

«Սևով» միգրացիա

«Մի տարի էր սևով էի մնում՝ բռնեցին,- «Հետքին» պատմում է 25-ամյա Արմինեն,- բայց նոր փաստաթղթերս արդեն պատրաստ են ու վաղը թռնում եմ»:

Միգրանտների բառապաշարում «սևով» մնալ՝ նշանակում է ապօրինի ապրել օտար երկրում: Արմինեն մոտ երեք տարի է, որ լքել է Հայաստանը. մեկնել է Բելգիա, ամսունացել: Այնտեղ ապրում էր սկեսրոջ ու ամուսնու հետ:

«Իմ գործի ուսումնասիրությունը երկու տարի տևեց, բայց մերժեցին,- պատմում է նա,- երրորդ տարին էլ սևով մնացի՝ մինչև ավտոբուսի մեջ բռնեցին»:

Բելգիայում անօրինական միգրացիան կանխելու համար խիստ հսկողություն կա սահմանված: Հատկապես տրանսպորտի մեջ մշտապես ստուգում են փաստաթղթերը, որի արդյունքում էլ Արմինեին բռնել էին:

Արմինեն պատմում է, որ Հայաստանից գնալու համար հատուկ մարդիկ կան, որոնց վճարում են՝ իրենց համար «ճիշտ» պատճառաբանություններ հորինելու համար: «Օրինակ սկեսուրս մարտի 1-ի գործով է գնացել,- ասում է նա,- գրում ես, որ քո երկրում քեզ լավ չեն վերաբերվում, անձնական խնդիրներ ունես: Հետո հանձնաժողով կա, որն ուսումնասիրում է փաստաթղթերդ, որ հասկանա՝ քեզ թույլ տա ապրել այդ երկրում, թե ոչ»:

Արմինեն ասել է, որ Բելգիայում ազգական ունի, որտեղ կարող է ապրել, այդ պատճառով նրան ճամբար չեն ուղարկել, սակայն այն մարդկանց, ովքեր տվյալ երկրում ոչ ոք չունեն, հիմնականում ուղարկում են ճամբարներ: Բելգիայում նրան ամսական վճարել են 200 դոլար:

Պետության կողմից կազմակերպված ճամբարները մանրամասնորեն նկարագրված են Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզներ» Նոբելյան մրցանակի արժանացած վեպում: Թեպետ այնտեղ պատկերված է ամերիկյան իրականությունը՝ 20-րդ դարի սկզբին, սակայն սկզբունքային առումով դրանք նույնն են՝ միայն թե վրաններին փոխարինում են փոքրիկ տնակները: 

Ըստ Հայաստանում դեռևս գործող ավանդույթի՝ Արմինեին «կամ» էին տեսել մի երիտասարդի համար, ով ապրում էր «եվրոպաներում»: Ապագա ամուսնուն տեսել էր միայն նկարով ու ինտերնետով էլ շփվել էին: Երկար չէր մտածել ու ինքնաթիռի տոմսը՝ որպես հարսանեկան նվեր գրպանում, ճանապարհվել էր դեպի իր համար հեռու-անհայտ «եվրոպաները»: Նրա բախտը բերել էր ու ամուսնու հետ լեզու էր գտել. իրար հավանել էին ու ընտանեկան կյանքում ոչ մի խնդիր չկար:

«Բայց ընկերուհիս նույն ձևով Ֆրանսիա էր պսակվել՝ 6 ամսից հետ եկավ. մարդը նարկոման, ալկաշի մեկն էր դուրս եկել,- ասում է նա,- էդ բոլոր ծախսերն էլ ընկել էր խեղճի տնեցիների վրա»:

Երբ Արմինեին մերժել էին կարգավիճակ տալ, նա հետ չէր վերադարձել, որովհետև, իր ասածի պես՝ «սևով» ապրել հնարավոր էր: «Շատ տեղեր կան, որտեղ կարող ես առանց փաստաթղթի աշխատել՝ աման լվալ, տուն մաքրել և այլն, վատ էլ չեն վճարում՝ ամսական 1000 եվրո,- պատմում է նա,- ու գործատուներին էլ է ձեռ տալիս, որովհետև մեր համար պետությանը հարկ չեն վճարում»:

Եվրոպա ժամանած ներգաղթյալները այդ պետությունների բյուջեի հաշվին տարիներով մնում են ճամբարներում և այլուր՝ մի կողմից լրացուցիչ բեռ լինելով  այդ երկրների համար, մյուս կողմից՝ կորցնելով իրենց մասնագիտական հմտությունները, քանի որ չունենալով կարգավիճակ և չիմանալով լեզու՝ աշխատանք են գտնում միայն սևագործ աշխատաշուկայում:

Արմինեն մասնագիտությամբ դիմահարդար է, սակայն ամուսնուն օգնելու համար ժամանակ առ ժամանակ այնտեղ աման է լվանում ռեստորաններում և ոչ մի ցանկություն չունի՝ Հայաստանում ապրելու:

«Որովհետև փողը կա, աշխատանքը կա, հարգանքն էլ՝ վրադիր,- պատճառաբանում է նա,- ո՞վ է մեզ էստեղ բանի տեղ դնում: Մնացողներին իմ կողմից կասեք հաջող, պետությանն էլ՝ որ իր քաղաքացուն մարդի տեղ դնի, այլ ոչ թե՝ էշի»:

Համաձայն ՀՌԿԿ-Հայաստան-ի 2011թ. անցկացրած հարցումների, հեռանալ ցանկացողների հիմնական պատճառաբանությունը երկրի քաղաքական համակարգի հանդեպ անվստահությունն է:

Արմինեին հանդիպեցի քաղաքի մարդաշատ վարսավիրանոցներից մեկում, որտեղ գտնվող մոտ 10 հոգուց 6-ը ճամպրուկային տրամադրություններով էին:

Պատկառելի արտաքինով մի միջին տարիքի կին պատմեց, որ 15 տարի առաջ մեկնել է Սանկտ Պետերբուրգ ու երկու տարին մեկ գալիս է Հայաստան՝ ազգականներին տեսության:

«Բայց Եվրոպա չեմ ուզում գնալ, որովհետև չեմ սիրում ողորմություն  խնդրել»,- ասում է նա:

Վարսավիրի օգնական Միհրան Սայադյանը, որ Սանկտ Պետերբուգից եկել էր «էժանով» վարսավիրություն սովորելու, ասում էր, որ այնտեղ նրանց հեգնում են՝ ասելով. «Հայաստանում երևի մենակ Սերժն ա մնացել»:

Նրան ընդմիջում է մեկ այլ հաճախորդ, ով շարունակաբար կրկնում էր՝ «երկիրս եկիր չի» ծեծված խոսքը: «Գյուղում պամիդոր-բադրիջան ենք մշակում, որ մի կերպ ապրենք, բայց էտի ապրել չի,- բողոքում էր նա,- մի վարկը վերցնում ենք, որ մյուսը փակենք. հարսանիքի վարկ, կնունքի ու պարարտանյութի վարկ, ինչ վարկ ասես էլ չլսեցինք, բա սա երկիր ա՞. մի հատ դրանց ասեք, թող գան տեսնեն՝ գյուղացին ոնց ա ապրում»:

Թեպետ միգրացիոն ոլորտը կարգավորելու և հետվերադարձի միգրացիան խթանելու համար կառավարությունը 2012-2016 թթ համար ընդունել է հայեցակարգ և մշակել գործողությունների ծրագիր, այդուհանդերձ Հայաստանից մեկնողների և չվերադարձողների թիվը, որ մի քանի տարի կանգ էր առել, վերջին տարիներին նորից սկսել է աճել:

2006թ. միգրացիան նույնիսկ ունեցել է դրական սալտո՝ 22 հազար մարդ եկել է Հայաստան: Այդուհանդերձ, 2009թ. սկսած միգրացիան երկրում սկսեց արձանագրել  բացասական սալտո՝ կազմելով մոտ 25 հազար մարդ:  2013թ. հունվարի 1-ի տվյալներով` անցած տարվա կտրվածքով Հայաստանից մեկնել են 2մլն 230 հազար և ժամանել են՝ 2 մլն 190 հազար մարդ, այսինքն Հայաստանը լքել են 42 հազար մարդ: Վերջին հինգ տարիներին Հայաստանից մշտապես հեռացել են մոտ 140 հազար մարդ:

Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Հետքին» ասում է, որ միգրացիայի բացասական կողմերից մեկը երևույթի ոչ թե քանակական կողմն է, այլ՝ որակականը, քանի որ, երբ երկիրը լքում են որակյալ մշակութային կապիտալ ունեցող մարդիկ՝  ազգային մակարդակով խնդիր է առաջանում ՝ հասարակական կյանք կազմակերպելու առումով:

«Օրինակ, լավ մաթեմատիկոսների կամ ֆիզիկոսների մեծ արտահոսքի դեպքում խնդիրը նույնիսկ համալսարանում դասավանդողների քչաքանակությունը չէ, այլ այն, որ որոշակի պահից հետո երկրի մշակութային կապիտալի վերարտադրությունը դինամիկ ձևով խզումներ է ունենում,- մեկնաբանում է նա,- այսինքն որակի կրիտիկական զանգվածի պահպանման հարց կա, ու եթե որևէ տեղ դրա սահմանը գերազանցվում է, այդ հասարակությունները կորցնում են իրենց զարգացման հնարավորություններն ու ավելի մեծ է լինում հավանակությունը, որ նրանք կախման մեջ կլինեն ուրիշ հասարակություններից»:

Թադևոսյանը նշում է, որ միգրացիան ունի նաև բազմաթիվ դրական կողմեր, մասնավորապես, երկկողմանի միգրացիայի դեպքում՝ մարդիկ այլ երկրում աշխատելուց և հետ վերադառնալուց հետո բերում են ձեռք բերած փորձառությունն ու մշակութային կապիտալը, որը կարելի է դիտարկել որպես Հայաստանի մշակութային կյանքում կապիտալի ներդրում:

«Նրանք անձնական աճ են ունենում, իսկ ձեռք բերված նոր որակները ներդրվում են ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլև առօրյայում,- ասում է նա,- որովհետև այդ նույն մարդիկ՝ դրսում ունենալով լայն բազմամշակութային շփումներ՝ փոխում են ոճի, հագուստի, սնունդի և տարատեսակ այլ ոլորտների նկատմամբ ունեցած վերաբերմունքը և Հայաստան գալով` դառնում մշակութային միջնորդներ»:

Ու թեպետ հետ վերադարձողները քիչ են, սակայն այդպիսիք կան: 16-ամյա Անայիսը, որ ծնվել է Ֆրանսիայում, «Հետքին» ասում է, որ չի ցանկանում ապրել այնտեղ: Նրա ծնողները երկիրը առաջինը լքողների շարքում են. մեկնել են մոտ 20 տարի առաջ, իսկ ինքը առաջին անգամ Հայաստան է եկել անցյալ տարի ու այնպես է հավանել, որ ծնողներին ստիպել է, որ մյուս տարի իրեն ուղարկեն Հայաստան: Անայիսը այստեղ սովորում է տեղական քոլեջներից մեկում ու ապրում հորեղբոր տանը: «Էնտեղ հազար ձևի մարդիկ կան, ու ինձ դուր չի գալիս էնտեղի վարքն ու բարքը,-պատճառաբանում է Անայիսը,- ինձ էստեղ ավելի դուր եկավ ու մնալու եմ»:

Անայիսի հետ համաձայն է 22-ամյա Մելինեն, որը Հայաստանը ութ տարի առաջ լքած նախկին ոստիկանի դուստր է: Նրա ծնողներն ապրում են Սանկտ Պետերբուրգում, որտեղ հայրը դարձել է գովազդային գործակալ, իսկ ինքն այստեղ ազգականներին տեսության գալով՝ սիրահարվել է ու պատրաստվում է ամուսնանալ:

«Ես էնտեղ իմ «ափսեում» ինձ չէի զգում,- պատմում է նա,- մերոնք չեն ուզում գալ, բայց ես ամուսնանում եմ ու կմնամ ստեղ. փառք Աստծո՝ ամեն ինչ էլ ունեն»: Նրա ամուսինը ձուկ է աճեցնում մոտակա գյուղերից մեկում, ու ապրուստի միջոցներից չեն դժգոհում:

Հետվերադարձի միգրացիան խթանելու, ինչպես նաև արտագաղթի ուղղությամբ խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու համար այս տարվա հունվարից կառավարության 4-ամյա հայեցակարգի շրջանակներում մեկնարկել է ԵՄ «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» 3 տարի տևողությամբ և մեկ միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը, որն իրականացվում է չեխական «People in Need» կազմակերպության միջոցով:

Ըստ ծրագրի՝ Հայաստանի չորս՝ Արմավիր, Սյունիք, Վայոց ձոր և Արարատ մարզերի Զբաղվածության պետական ծառայություն կենտրոններին կից բացվել են Միգրացիոն ռեսուրս-կենտրոններ, որոնց նպատակն է Հայաստանից մեկնել ցանկացողներին իրազեկել իրենց իրավունքների մասին, ինչպես նաև վերադառնալու դեպքում՝ օգնել նրանց, որ վերաինտեգրվեն հասարակությանը:

Արմավիրի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Գաբրիելյանը «Հետքին» ասում է, որ քաղաքացիներից շատերն իրենց դիտարկում են որպես երկրից մեկնելուն օժանդակելու համար մարմին:

«Սակայն իմանալով, որ մեր ծառայությունները խորհրդատվական են, նրանց մոտ որոշակի հիասթափություն է առաջանում,- ասում է նա,- այդուհանդերձ, ոմանք նաև օգտվում են մեր տրամադրած տեղեկություններից»:

Գաբրիելյանն ասում է, որ նրանք մարդկանց օգնում են՝ այլ երկրի իրավական դաշտի և իրենց իրավունքների պաշտպանության մասին տեղեկատվական ու խորհրդակցական փաթեթ տրամադրելով:

«Որովհետև, եթե մարդը որոշել է գնալ՝ գոնե թող տեղեկացված գնա,- ասում է նա,- սակայն նրանցից շատերն իրենց ծանոթների ու բարեկամների միջոցով արդեն նախնական տեղեկություններ ունեն տվյալ երկրի մասին»:

Գաբրիելյանը նշում է, որ մինչ այժմ իրենց դիմել են մոտ 100 մարդ, իսկ կենտրոնի մասին տեղեկություններ տարածում են համայնքների ղեկավարների ու մարզպետարանի միջոցով:

«Հիմնականում մարդը, որը ինչ-ինչ պատճառներով վերադարձել է, մտածում է նորից մեկնելու ուղղությամբ,- նշում է Գաբրիելյանը,- բայց եթե շատ է հիասթափված լինում, նորից մտածում է` էստեղ արմատավորվել »:

Միգրացիոն ռեսուրս կենտրոնը դասընթացների և այլ միջոցներով հետվերադարձողներին օգնում է, որ աշխատանք գտնեն՝ ըստ իրենց նախասիրությունների: Կա նաև բիզնես բաղադրիչ, որի շրջանակներում հետվերադարձող քաղաքացուն տրամադրվում է 3000-5000 եվրո դրամաշնորհ՝ փոքր բիզնես սկսելու համար:

Հայաստանում հետվերադարձի միգրացիայի առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանում իրականացվող աշխատանքային միգրացիային, որը, Հայաստանի հետ ունենալով նույն սովետական անցյալը, շատ զարգացած չէ և այնտեղից նոր որակի մշակութային կապիտալ չի գալիս:

 «Բացի այդ՝ նրանք հիմնականում սևագործ միգրանտներ են, ովքեր իրենց անձնական եւ առօրյա կյանքում հնարավորություն չեն ունենում ակտիվ շփումներ ունենալ այդ հասարակությունում,- ասում է Թադևոսյանը,- նրանցից շատերն ապրում են իրենց աշխատավայրում՝ գումարած անլեգալ պայմանները, ինչը չի նպաստում, որ իրենց ազատ ժամանակն իրացնեն հաղորդակցության լայն շրջապատում: Դա է պատճառը, որ Ռուսաստանից հետ եկած միգրանտները ոչ այնքան մշակութային ներդրում են ունենում Հայաստանում, որքան՝ ֆինանսական»:

Թադևոսյանը նշում է, որ դա ոչ պակաս դրական դեր ունի, քանի որ ֆինանսական կապիտալի մի մասը ներդրվում է երեխայի կրթական և ընտանիքի զարգացման վրա: «Այս տիպի միգրանտների ընտանիքներում երեխաները ավելի մեծ հնարավորություն ունեն մինչբուհական և բուհական լավ կրթություն ստանալու: Ի դեպ՝ հարցումների ժամանակ, նրանցից շատերն աշխատանքային միգրացիայի պատճառը համարել են երեխայի կրթությունը, ասելով, որ բուհն ավարտելուն պես՝ մնալու են երկրում»,- ասում է նա:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2035թ.-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 2.9 մլն մարդ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter