Նախարարությունն աջակցում է վթարի ենթարկված շտապօգնության բժշկին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ այսօր այցելեց կայանի բժիշկ Արմեն Մկրտչյանին, ով ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս վթարի էր ենթարկվել։
Փոխնախարարը փոխանցել է նախարար Դումանյանի պատրաստակամությունը վթարից տուժված բժշկի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական օգնություն կազմակերպելու հարցում։
Վահան Պողոսյանը մանրամասն ծանոթացել է Արմեն Մկրտչյանի առողջական խնդիրներին։ Որոշվել է կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կոնսիլիում` նրա առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա գործողությունները հստակեցնելու նպատակով։ Արդյունքները կքննարկվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի ճանաչված մասնագետների հետ։
Թագուհի Ստեփանյանը փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը բժշկի սոցիալ-կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելու գործում։
Նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն նաև վթարի ենթարկված հերթապահ խմբի բուժքրոջն ու վարորդին։
Հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել