
Կառավարությունը քննարկելու է նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգելու և ցածր գին սահմանելու հարցը
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի յոթերորդ նիստը: Այս մասին հայտնում է ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Գործարարության աջակցման գրասենյակը, որը ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարությունն է: Նիստի ժամանակ օրակարգային հարցերում ներառված են եղել մի շարք հարցեր, որոնք ներկայացվել էին ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարությանը գործարարների և մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների կողմից:
«Նիստը մեկնարկեց նախորդ նիստի օրակարգային հարցերի ամփոփմամբ, որոնց շարքում էին սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների լիցենզիային առնչվող խնդիրը, սննդամթերքի ներմուծման հետ կապված փաստաթղթերի ներկայացման խնդիրը, ռիելթորական կազմակերպությունների արտոնագրային վճարի խնդրիը և այլն: Անդրարարձ կատարվեց հարցերի լուծման կարգավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՓՄՁ խորհրդի աշխատանքներին աջակցություն ցուցաբերող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից ներկայացվել է մարզային հանդիպումների արդյունքների ամփոփման արդյունքում իրականացված փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ համապարփակ վերլուծություն և քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների` ի օգուտ փոքր բիզնեսի կատարման անհրաժեշտության հարցը, մասնավորապես` հարկով սահմանված տոկոսադրույքի վերանայումը:
Հանդիպումն ամփոփվել է «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման առնչությամբ ծագած խնդրիրների քննարկմամբ:
«Ներկայացվեց, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ Կառավարության սեմպեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 միլիոն ՀՀ դրամից ցածր շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով հանձնարարվեց հարցը ներառել ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված ՀՀ կառավարության նիստի օրակարգ»,- տեղեկացնում է Գործարարության աջակցման գրասենյակը:
Մեկնաբանել